Ո՞ր հյուրանոցներում են գիշերում, ի՞նչ մեքենաներով, ո՞ւմ հաշվին են ՀՀԿ-ականներն իրենց քարոզն իրականացնում

14892454098601

ՀՀԿ-ի նախընտրական քարոզչությանը մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաները գործու՞մ են արդյոք օրենքի սահմաններում եւ որքանո՞վ են ազնիվ իրենց եւ ընտրողների հետ:

Այսպես, ՀՀ վարչապետ, համատեղության կարգով ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանը ՀՀԿ քարոզչության, կարելի է ասել, ամենաառանցքային դեմքն է: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը եւ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ՀՀԿ համամասնական ցուցակի առաջատարներն են:

ՀՀ քաղաքացիների համար ոչ միայն կարեւոր է այն փաստը, թե այս անձինք որ ժամին են զբաղվում քարոզչությամբ, այլ որ արդյոք քարոզչության համար պահանջվող ֆինանսավորումը մենք՝ ՀՀ քաղաքացիներս չենք հոգում:

ԳԱԼԱ-ն հարցում է ուղարկել ՀՀԿ համամասնական ցուցակում առաջատարի դիրքերում գտնվող նախարարներին եւ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ ճշտելու համար՝ ինչ միջոցներ են օգտագործում քարոզչության համար:

Տվյալ պաշտոնյաներն ավելի ազնիվ կլինեին ՀՀ քաղաքացիների հետ, եթե նրանք պարզապես արձակուրդ վերցնեին եւ զբաղվեին կուսակցական քարոզչությամբ: Բայց քանի որ նրանք որոշել են համատեղել պաշտոնն ու կուսակցական գործը, մեզ մնում է հետեւողականորեն պարզել, թե արդյոք պետական միջոցները չեն օգտագործում մարզային այցելությունների, գիշերակացի եւ քարոզարշավի համար պահանջվող այլ նպատակների համար:

Ինչպես ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, այնպես էլ թեկնածու նախարարներին ԳԱԼԱ-ն ուղարկել է հետեւյալ հարցերը.

♦ՀՀԿ նախընտրական քարոզարշավի նպատակով Երեւանում եւ մարզերում հանդիպումների գնալիս ի՞նչ տրանսպորտային միջոցներից եք օգտվում: Գնում եք հանդիպումների նախարարի/վարչապետի համար հատկացված ծառայողակա՞ն մեքենայով, անձնակա՞ն, թե՞ կուսակցական:

♦ՀՀԿ նախընտրական քարոզարշավի նպատակով որքա՞ն գումար եք ծախսում մարզային հանդիպումների ժամանակ՝ գիշերակացի եւ սննդի համար: Կոնկրետ Սյունիքում ո՞ր հյուրանոցում եք գիշերել, որքա՞ն գումար եք վճարել եւ ի՞նչ միջոցներից եք վճարել:

♦ՀՀԿ նախընտրական քարոզարշավի նպատակով Երեւանում եւ մարզերում հանդիպումների գնալիս ճանապարհածախսն ի՞նչ գումարներից եք վճարում՝ պետակա՞ն, անձնակա՞ն, թե՞ կուսակցական:

Առայժմ միայն պատասխանել են ՀՀ ՊՆ-ից: Մեզ փոխանցել են, որ մեր հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա, ու չեն կարող պատասխանել այդ հարցերին անմիջապես:nkkk

Սա նշանակում է՝ որպեսզի Վիգեն Սարգսյանը պարզի, թե այսօր ինչ մեքենայով է ինքը գնացել նախընտրական հանդիպման, որքան է վճարել 4-5 օր առաջ Սյունիքում մնալու համար կամ բենզինի ու սննդի փողն ում գրպանից է վճարվել, դա առնվազն 30 օրվա հաշվարկ է պահանջում: Հասկանալի է, որ այդ ժամանակ արդեն նախընտրական քարոզչության շրջանն ավարտված կլինի եւ միգուցե նախարարն անկեղծ գտնվի գոնե այդ ժամանակ խոստովանելու, որ ՀՀԿ քարոզն իրականացրել է պետական բյուջեի միջոցների հաշվին:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝