«Ծառուկյանին շատ ձայներ տալով՝ լեգիտիմացնում են ՀՀԿ-ի ծրագրվող բարձր և շինծու տոկոսները»

1488799243-4476

ԳԱԼԱ-ի հարցազրույցը քաղաքական մեկնաբան Հայկ Բալանյանի հետ:

-Պարոն Բալանյան, հետևո՞ւմ եք նախընտրական քարոզչությանը, ծանո՞թ եք կուսակցությունների ծրագրերին: Ո՞ր մեկը կառանձնացնեք՝ լինի դա դրական կամ բացասական իմաստով:

-Ոչ, չեմ հետևում, քանի որ այս ընտրություններում ես չունեմ կադրային և ծրագրային տեսակետից ինձ համար համակրելի ուժ: Բացի այդ, այս միջոցառումը ոչ մի խնդիր երկրի համար չի լուծելու, միջանկյալ վերադասավորման գործընթաց է Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ:

-Պարոն Բալանյան, այս ընտրություններում, ըստ Ձեզ, որո՞նք են հիմնական գործող կուսակցությունները:

-Հանրապետականը և իր ֆրակցիա-արբանյակները, որոնք գործում են Սերժ Սարգսյանի սցենարով:

-Տարբեր հարցումների համաձայն, որոնք, ի դեպ, կանոնակարգվում են Բաղրամյան 26-ից, առաջատարը ԲՀԿ-ն է: Սա ի՞նչ է նշանակում՝ ՀՀԿ-ն մտադիր է հանձնե՞լ իշխանությունը, թե՞ ժողովրդի դժգոհ զանգվածներին է ուղղորդում դեպի ԲՀԿ:

-ՀՀԿ-ն ոչ մի պարագայում չի պատրաստվում հանձնել իշխանությունը, անկախ նրանից, թե հարցումներով ինչ թվեր են բարձրաձայնվում: Կարծում եմ, որ ԲՀԿ-ին մեծ ձայներ տալով՝ լեգիտիմացնում են ՀՀԿ-ի ծրագրվող բարձր և շինծու տոկոսները: Տրամաբանությունը հետևյալն է, որ տեսեք՝ մենք ԲՀԿ-ին ինչքան բարձր ենք տալիս, ուրեմն մեր թվերն էլ են ճիշտ, մյուս կողմից, հավանաբար, հասկացնում են Ծառուկյանին, որ ինքը կստանա շատ, բայց պիտի հաշտվի այն մտքի հետ, որ ՀՀԿ-ն կստանա ավելի շատ:

- Այս ընտրություններն ինչպիսի՞ փոփոխություններ կարող են բերել մեր քաղաքական, տնտեսական կյանքին:

-Իրական փոփոխությունը մեկն է. գահավիժող տնտեսությունը և արտագաղթը: Եվ քանի որ այս նոր ընտրվող խորհրդարանը չի կարողանալու դիմագրավել երկրին սպառնացող մարտահրավերներին, ապա սպասում եմ նոր հիասթափություն և անվստահություն նորընտիր ԱԺ-ի նկատմամբ:

Իրական փոփոխությունները տեղի են ունեցել սահմանադրական հանրաքվեում՝ անցում խորհրդարանական կուսակցապետությանը: Ընտրություններն ընդամենը տեղավորում են խաղացողներին իրենց տեղերում մինչև տնտեսական կամ քաղաքական ճգնաժամի հասունացումը, որը կպահանջի արդեն նոր փոփոխություններ:

-Պարոն Բալանյան, թվում է, թե ամեն ինչ կանխորոշված է, և գործող ուժերը դարձյալ վերարտադրվելու են, սակայն ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր է այնպիսի մի սցենար, որն անկանխատեսելի զարգացումներ կբերի երկրում: Ո՞ր դեպքում դա կարող է լինել:

-Թույլ ընդդիմության պարագայում ես նման սցենար չեմ տեսնում, իշխանությունը դեռ վերահսկում է իրավիճակը: Սակայն անկանխատեսելի զարգացումները տնտեսության և արտաքին հարաբերություններում կարող են սադրել նման զարգացումներ: Առավել ևս, եթե այդ ճգնաժամերը համընկնեն ժամանակագրական առումով:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝