Ժողովուրդը ստիպված է ընտրություն կատարել վատի եւ ավելի վատի միջև

57ab50e7d95c2_medium

Մարտի 14-ին Սերժ Սարգսյանը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա, որտեղ հանդիպումներ կանցկացնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Կրեմլի մամլո-քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերով, հանդիպումների օրակարգում լինելու են երկկողմ հարաբերություններին և Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցեր: Բանակցությունների ավարտին սպասվում է համատեղ ներդրումային համաձայնագրերի ստորագրում:

Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը կկայանա վարչապետ Կարեն Կարապետյանի՝ հունվարի 24-25-ին կայացած այցելությունից հետո: Այդ այցի ժամանակ Կարեն Կարապետյանն առաջարկեց ստեղծել հայ-ռուսական ներդրումային ֆոնդ, ռուսաստանյան կազմակերպություններին առաջարկեց գործունեություն ծավալել Իրանի հետ սահմանի մոտ գտնվող Մեղրի քաղաքում ստեղծվող ազատ տնտեսական գոտում, ինչպես նաև ստացավ 40 ռուսաստանաբնակ խոշոր հայ գործարարների քաղաքական աջակցությունն ու Հայաստանում ներդրումներ անելու պատրաստակամությունը: Բացի այդ, նրա այցի ժամանակ կողմերը համաձայնություն ձեռք բերեցին ՌԴ քաղաքացիներին թույլատրել այցելել Հայաստան ներքին անձնագրերով:

Մոսկվայի կողմից Կարեն Կարապետյանին ցուցաբերվող քաղաքական աջակցությունը կօգնի ուժեղացնել նրա դիրքերը Հայաստանում: Այս հեռանկարը մտահոգությունների տեղիք տվեցին Բաղրամյան 26-ում: Սերժ Սարգսյանը մտավախություն ունի, որ Կարեն Կարապետյանը Կրեմլի համար կարող է ավելի նախընտրելի առաջնորդ լինել: Առաջինն այն պատճառով, որ Հայաստանի բնակչությունը Կարեն Կարապետյանի հանդեպ դեռևս խիստ ընդգծված հակակրանք չունի ու չի ասոցացնում նրան աշխատատեղերի բացակայության, աղքատության ու արտաքին պարտքի եռակի աճի, անհաջող արտաքին քաղաքականության ու տարածքային կորուստների հետ: Բացի այդ, Մոսկվան միշտ անհանգստությամբ է հետևում Հայաստանի ու Եվրոպական միության համագործակցությանը, որի մասին Սերժ Սարգսյանը հիշում է նոր ֆինանսական դրամաշնորհներ կամ վարկեր ստանալու անհրաժեշտությունից ելնելով:

Կրեմլը կասկածներ չունի Կարեն Կարապետյանի ռուսամետ հայացքների վերաբերյալ՝ անկախ հանգամանքներից, միեւնույն ժամանակ, Մոսկվան արդեն 8 տարի է, ինչ անվերապահորեն աջակցում է Սերժ Սարգսյանին, ինչի պատճառով նրա բոլոր անհաջողությունները ուղղակիորեն ասոցացվում են Մոսկվայի հետ:

Սերժ Սարգսյանն իր վերջերս արած հայտարարությամբ ակնարկեց, որ իր և Կարեն Կարապետյանի միջեւ կա մրցակցություն: Հունվարի 20-ին ՀՀ Զինված ուժերի ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը, ներկայացնելով Սահմանադրությունը փոխելու պատճառները, նշեց. «Մենք բացառել ենք «համակեցության» պայմաններում նախագահի ու վարչապետի անառողջ մրցակցության հնարավորությունը: Կարծում եմ՝ սա շատ կարևոր է»:

Սերժ Սարգսյանը նպատակ ունի իր մոսկովյան այցով որոշակիորեն ստվերում թողնել Կարեն Կարապետյանի մոսկովյան այցի ձեռքբերումները: Եվ Դմիտրի Պեսկովի այն խոսքերը, որ ՀՀ և ՌԴ առաջնորդների հանդիպման օրակարգում համատեղ ներդրումային պայմանագրերի ստորագրումն է, ապացուցում են դրա ճշմարտացիությունը, քանի որ ներդրումային ֆոնդ ստեղծելու գաղափարը պատկանում էր վարչապետ Կարեն Կարապետյանին:

Հարկ է նշել, որ Սերժ Սարգսյանի այս մարտավարությունը կիրառվել է նաև նախկինում Ռոբերտ Քոչարյանի կողմից: Նախկին վարչապետ Արամ Սարգսյանի պնդմամբ, 2000թ. մոսկովյան այցի ժամանակ ինքը պայմանավորվածություն ուներ նվազեցնել Հայաստան ներկրվող գազի սակագինը $55-ից մինչև $35, բայց պայմանավորվածությունն իրականություն չի դարձել, քանի որ, ըստ նրա, Ռոբերտ Քոչարյանը զանգել է Մոսկվա և ասել, որ հոկտեմբերի 27-ից հետո իր հեղինակությունը կտրուկ ընկել է և առաջարկել է պայմանագիրը կնքել իր ներկայությամբ ԱՊՀ երկրների նախագահների նիստի ժամանակ: Արդյունքում,  գազի գնի նվազեցման պայմանագիրը այդպես էլ չի կնքվել:

Ռուսաստանի աջակցությունը ստանալու անհրաժեշտությունը Սերժ Սարգսյանի համար էլ ավելի հրատապ է դառնում այն բանից հետո, երբ ազդարարվեց ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի կնքման բանակցությունների հաջող ավարտը: Մոսկվան չի կարող ուրախ լինել այդ պայմանագրի հնարավոր կնքմամբ և ցանկանում է բացատրություն ստանալ Սերժ Սարգսյանից, ով Ռուսաստանի և Արևմուտքի միջև կոշտ հակամարտության պայմաններում խորացնում է հարաբերությունները Եվրոպական միության հետ:  ԵՄ-ն սպասում է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին և ուզում է համոզվել, որ Երևանին տրված բազմամիլիոնանոց օգնությունը զուր չի վատնվել կառավարության կողմից: Բացի այդ, Սերժ Սարգսյանը պետք է քննարկի այդ պայմանագրի կնքումը Վլադիմիր Պուտինի հետ և փորձի համոզել, որ այն չի հակասում Ռուսաստանի և Եվրասիական միության շահերին: Հենց այս երկու հանգամանքից էլ կախված է պայմանագրի կնքումը:

Սերժ Սարգսյանը մոսկովյան այցով կփորձի իրեն որպես Հայաստանում հիմնական քաղաքական գործիչ դիտարկելու խոստումներ կորզել:  Իսկ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակում ժողովուրդը ստիպված է ընտրություն կատարել վատի եւ ավելի վատի  միջև:

Գոռ Ալեքսանյան,  ք. Մոսկվա

Դիտվել է՝