ԿԸՀ հայտարարությունը խոսում է այն մասին, որ Կարեն Կարապետյանն օրենք է խախտել

17195280_1099667520161854_105922530_o

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն երկրորդ դեպքն է, որ նախընտրական քարոզչության ընթացքում արդարացնում է ՀՀԿ-ին՝ ներկայացնելով, որ քաղաքական այդ ուժը որևէ խախտում չի թույլատրել:

Հիշեցնենք, ԿԸՀ առաջին «արդարացումը» վերաբերում էր ՀՀԿ անդամների ցուցապաստառներին. դեռ նախընտրական քարոզարշավը չմեկնարկած Երևանում ՀՀԿ-ն սկսեց քաղաքի կենտրոնական հատվածներում կախել հանրապետական առանցքային մի քանի դեմքերի՝ Կարեն Կարապետյանի, Արփինե Հովհաննիսյանի, Վիգեն Սարգսյանի նախընտրական պաստառները՝ «Անվտանգություն և առաջընթաց» լոզունգի հետ: Պաստառներին նաև ՀՀԿ-ի համարն էր՝ 6-ը:

ԿԸՀ-ն հայտարարեց, որ ՀՀԿ-ն որևէ խախտում թույլ չի տվել՝ քաղաքի կենտրոնական հատվածներում ցուցապաստառներ կախելով և այս կերպ քարոզչություն իրականացնելով սահմանված ժամանակացույցից շուտ:

ԿԸՀ հերթական «պաշտպանիչ» հայտարարությունը վերաբերում էր ՀՀԿ փոխնախագահ և վարչապետ Կարեն Կարապետյանի քարոզարշավին ուրբաթ օրը՝ մարտի 10-ին, Սյունիքի մարզում:

ԿԸՀ-ն բավականին ծավալուն հայտարարություն է տարածել՝ ՀՀ ընտրական օրենսգրքից մեջբերելով 19-րդ հոդվածի 5-րդ մասը: Եվ վերջում որպես գլխավոր միտք ընդգծվում է, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից Սյունիքի մարզում իրականացված քարոզչությունն իրավաչափ է, և ընտրական օրենսգրքի որևէ իրավանորմի խախտում առկա չէ:

ԿԸՀ հայտարարությունում ասվում է, որ արգելված չէ պետական և քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց զբաղվել քարոզչությամբ, այլ արգելված է, եթե այդ քարոզչությունն իրենք իրականացնում են իրենց լիազորություններն իրականացնելիս: Այսինքն ԿԸՀ հայտարարության տրամաբանությամբ Կարեն Կարապետյանը, ինչպես նաև մյուս նախարարներն անարգել կարող են ՀՀԿ քարոզել, միայն թե դա չպետք է անեն իրենց լիազորություններն իրականացնելիս:

Թերևս երկու հարց այստեղ անպատասխան է մնում.

1.Կարեն Կարապետյանն աշխատանքային օրվա առավոտից քարոզչություն է իրականացրել Սյունիքում: Եվ եթե ընդունենք, որ դա չի արել իր աշխատանքը, իր լիազորություններն իրականացնելիս, ապա բաց է մնում մեկ հարց, թե ով է նրա փոխարեն այդ ժամանակ իրականացրել վարչապետի լիազորությունները:

2.Կարեն Կարապետյանը ՀՀԿ քարոզչությունն իրականացրել է ուղիղ վարչապետի լիազորություններն իրականացնելիս: Այդ մասին են վկայում ՀՀԿ նախընտրական կայքի և ՀՀ կառավարության տարածած հայտարարությունները:

Այսպես, այն մասին, որ Կարեն Կարապետյանն այցելելու էր Սյունիքի մարզ, նախ հայտարարեց ՀՀԿ-ի նախընտրական կայքը: Հետո կայքը հրապարակեց վարչապետի այցելություններն ու հանդիպումները Սյունիքի մարզում: Նույն հանդիպումների մասին արդեն ավելի ուշ տեղեկություն տարածեց ՀՀ կառավարության պաշտոնական լրահոսը:

Մի դեպքում ասվում է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպումներ է անցկացրել  «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի վարչական շենքում և Ագարակի մշակույթի պալատում, Մեղրու մարզամշակութային կենտրոնում, եղել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի մշակույթի պալատում:

Մյուս դեպքում ասվում է, որ նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում Կարեն Կարապետյանը նորից նույն հանդիպումներն է ունեցել:

Բոլորին էլ պարզ է, որ Կարեն Կարապետյանը քարոզչությունն իրականացրել է հենց իր պաշտոնական լիազորությունները կատարելիս: Հակառակ դեպքում կնշանակի՝ Կարեն Կարապետյանը յուրաքանչյուր հանդիպում երկու անգամ է անցկացրել՝ մեկը որպես վարչապետ, մյուսը որպես ՀՀԿ փոխնախագահ:

Եվ վերջապես հետաքրքիր է՝ Կարեն Կարապետյանը Սյունիքի նախընտրական հանդիպումներին ինչո՞ւ է գնացել ծառայողական մեքենաներով և ավտոմեքենայի վառելիքը պետբյուջեի միջոցների՞ց է վճարել, թե՞ ՀՀԿ-ի բյուջեից:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝