«Ցեց»-ը Գյումրիում. երգիծաթերթով հիշեցնում են մարդկանց՝ ով ով է

Sequence 02

Հունվար ամսից Հայստանում լույս է տեսնում Medialab.am կայքի «Ցեց» երգիծական ամսաթերթը: Քաղաքական ծաղրանկարների ամսաթերթն անդրադարձ է կատարում երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին հենց ծաղրանկարների տեսքով: Արդեն լույս է տեսել «Ցեց»-ի երկու համար: Նշենք, որ ամսաթերթի տարածման հետ կապված որոշակի արգելքներ եղան: Կրպակներում թերթի վաճառքը կազմակերպել հնարավոր չեղավ:

Երևանի քաղաքապետարանն անգամ արգելեց իշխանություններին քննադատող երգիծաթերթն անվճար բաժանել մայրաքաղաքի տրանսպորտային համակարգում: Պատճառաբանությունը հետեւյալն էր՝ այն կարող է հանրության շրջանում դժգոհությունների պատճառ հանդիսանալ:

«Քայլ արա» ծրագրի շրջանակներում նախընտրական քարոզարշավին զուգահեռ իրականացվում է իրազեկող ակցիա: Նախատեսված է տարբեր քաղաքներում  բաժանել «Ցեց»-ի համարները, որպեսզի քաղաքացիներն իրազեկվեն, հասկանան՝ ով ով է, ով ինչ ճանապարհ է անցել, ինչ գործունեություն է ծավալել, իսկ այդ ամենն արտացոլված է «Ցեց»-ում:

Քաղաքական ծաղրանկարների ամսաթերթը բաժանվեց նաեւ Գյումրիում: Գյումրեցիները հետաքրքրված թերթեցին «Ցեց»-ի էջերը, ժպտացին…

«Medialab»-ի հիմնադիր Մարիաննա Գրիգորյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց. «Եկել ենք Գյումրի եւ մտադրություն ունենք մի քանի քաղաքներում մարդկանց բաժանել: Մենք էլ այս կերպ ենք ուզում քարոզարշավ իրականացնել զուգահեռ: Քանի որ բազմաթիվ խոստումներ են հնչում տարբեր կուսակցությունների, քաղաքական ուժերի կողմից, մենք փորձում ենք մեր երգիծաթերթով մարդկանց հիշեցնել, թե ով ով է: Այսինքն, սա քաղաքացիների իրազեկմանն ուղղված ակցիա է, որով փորձում ենք նաեւ մեր մասնակցությունն ունենալ գործընթացին»:

Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝