«Իրենք կամ դիրքորոշում ունեն, փող չունեն, կամ փող ունեն, դիրքորոշում չունեն»

Արթուր Իսպիրյան

Հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչների քաղաքական օժանդակությունը ՀՀԿ-ին բավականին լայնորեն քննարկվեց մամուլում եւ սոցցանցերում: Քննարկումները սկզբում վերաբերում էին «Ռեինկարնացիա» խմբին, որը հանդես եկավ Հանրապետականի տեսահոլովակի մատուցմամբ, ապա եւ խնդրեց չքաղաքականացնել այն:

Այնուհետ շոուբիզնեսի եւս մի խումբ ի հայտ եկավ, որը մասնակցում էր ՀՀԿ քարոզարշավին, կոչ անում քվեարկել Հանրապետական կուսակցության թեկնածուների օգտին: Նրանցից քչերը համարձակություն ունեցան ասելու, որ իսկապես հավանում են այդ քաղաքական ուժին եւ Հանրապետականի գաղափարների կրող են, որոշներն արդարացան, թե փողի դիմաց գործ են անում:

ԳԱԼԱ-ն այս հարցով զրուցեց երգիչ-երգահան Արթուր Իսպիրյանի հետ: Խնդրեցինք նրան նախ գնահատել վճարովի քարոզչություն իրականացնող գործընկերների պահվածքն ու հարցրեցինք, թե ինքն ինչպես կվարվեր, եթե նրան էլ մեծ գումար առաջարկեին ՀՀԿ-ի քարոզարշավին երգելու համար:

«Գիտեք ինչքան պետք է վճարեին, որ ես մտածեի երգել-չերգելու մասին. ՀՀ երկու տարվա բյուջեի չափ: Ես կարող է վերցնեի եւ բաժանեի աղքատներին»,- այսպես արձագանքեց Իսպիրյանը, ապա շարունակեց՝ ասելով, որ այդ բոլոր երգիչներին ինքը ճանաչում է եւ լավ գիտի՝ ով ինչի համար է երգում, կամ ով ում է ծառայում.

«Բոլորն ինձ ճանաչում են, ես էլ իրենց եմ ճանաչում, իրենք իրենց քաղաքական դիրքորոշումն ունեն կամ էլ չունեն, կամ էլ դիրքորոշում ունեն, փող չունեն, կամ փող ունեն, դիրքորոշում չունեն: Չգիտեմ, թող իրենք իրենց կարծիքին էլ մնան, իրենց խելքն էլ այդքան է:

Ես ինձ համար եմ պատասխան տալիս, ես իրենց համար պատասխան չեմ կարող տալ, որքան էլ իրենք իմ ընկերները լինեն: Թող հերթով ասեն, օրինակ, Անդրեն թող ասի՝ ես երգում եմ, որովհետեւ գնահատում եմ ՀՀԿ-ի անցած ճանապարհը եւ կյանքի մեր որակը: Ես իրենց տեղը, ցավոք սրտի, բան ասել չեմ կարող. լինի դա Անդրեն, լինի Նունե Եսայանը, լինի Լեյլա Սարիբեկյանը: Թող ամեն մեկն իր տեղը բացատրություն տա, թե որ արժանիքների համար, որ օրվա համար են երգում եւ ինչ սպասելիքներ ունեն, որ գնացել երգել են, եւ շատ մարդկանց մոտ կարծիք է առաջացել, որ լավ է լինելու մեր ապագան»:

Ըստ Իսպիրյանի՝ հայաստանյան քաղաքական իրականությունն այնքան է լղոզված ու խառնված, որ հնարավոր չէ ոչինչ տարբերակել: Ըստ երգչի՝ դժվար է հասկանալ՝ ով ում բարեկամն է հիմա, հանկարծ հայտնվում է մեկը, դուրս է գալիս իր թաղ, մի տատիկ է մոտենում համբուրում նրան, ու ինքը դառնում է թեկնածու:

Ուստի որպես արվեստագետ շատ կարեւոր է, որ մարդն ապրի այնպես, որ մաքուր լինի իր խղճի հետ.

«Ամեն մարդ թող իր խղճի դեմ պատասխան տա, կարեւորը մաքուր լինի իր դեմ:

Ես իրենց մեղադրելու միտք էլ չունեմ, ինչ ուզում են՝ թող անեն, ինչ տեսահոլովակ ուզում են՝ թող նկարվեն, ինչ ուզում են՝ երգեն, Աստված իրենց հետ: Մեր ժողովուրդը շատ լավ ժողովուրդ է:

Մի բան կասեմ, որ բավականին հզոր ուժ է արվեստագետի խոսքը, եւ ամեն արվեստագետ պետք է հաշվի նստի իր արածի համար: Հիմա ես չեմ մեղադրում, իրենք իրենց տեսակետից ճիշտ են անում»:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝