«Բագրատենք իրենց վրա են վերցրել թշնամու հարվածը վաղ լուսաբացին, երբ Միհրան Պողոսյանը…»

Снимок

Սերժ Սարգսյանի ընտրյալներից թիվ մեկ ընտրատարածքում ՀՀԿ վարկանիշային թեկնածու առաջադրված օֆշորային հայտնի հերոս Միհրան Պողոսյանի նախընտրական երեկվա հանդիպումն առանձնացավ նրանով, որ քարոզչության ընթացքում ելույթ ունեցավ ապրիլյան պատերազմի հերոսներից Բագրատ Ալեքսանյանի մայրը: Նա խորհուրդ էր տալիս թիվ մեկ ընտրատարածքի բոլոր ընտրողներին գնալ ու իրենց ձայնը տալ Հանրապետական կուսակցությանն ու ՀՀԿ վարկանիշային թեկնածու Միհրան Պողոսյանին:

Բագրատ Ալեքսանյանը զոհվել է 2016 թվականի ապրիլի 2-ին՝ Ջեբրայիլի դիրքերում ռազմական գործողությունների ժամանակ։ Բագրատն ու իր 17 զինակիցները հենց առաջինն իրենց վրա են վերցրել թշնամու հարվածը վաղ լուսաբացին, երբ Միհրան Պողոսյանն այդ ժամանակ միգուցե օֆշորային սկանդալի՝ ջրի երես դուրս եկած բացահայտումներն էր փորձում «ջրել»:

Բագրատը եւ իր ընկերները կռվեցին մինչեւ արյան վերջին կաթիլը եւ զոհվեցին հենց 800 հա «անպետք, անմշակ, ռազմավարական նշանակություն չունեցող» հողատարածքը չկորցնելու հույսով: Կռվեցին 80-ականների զենքերով, կռվեցին բահով եւ գնացին՝ հայհոյելով «հող հանձնողներին»:

Բագրատի ու Ջեբրայիլի գումարտակի 17 ընկերների մահվան իրական հանգամանքները դեռ հայտնի չեն:

Եվ ոչ ոք դեռ չի մոռացել նաեւ «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության կողմից տարածած այն աղմկահարույց տեսանյութի մասին, որը նկարահանվել էր 2016թ. ապրիլի 2-ին, ժամը 04:00-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղի մատույցներում: Տեսանյութը փաստում էր այն մասին, թե ինչպես են ադրբեջանական զինվորականները հայկական պաշտպանական դիրքերի թիկունք ներթափանցում:

Տեսանյութում հենց Բագրատենք էին, որ կրակելու հրամանի էին սպասում ու ճշտում էին, թե ինչն է պատճառը, որ հրաման չեն տալիս կրակելու եւ ոչնչացնելու իրենց թիկունք թափանցող թշնամու մեծաքանակ ուժերին:

Կոնկրետ Ջեբրայիլի մարտերի մասին զեկույց ունի հրապարակած նաեւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Ըստ այդ զեկույցի՝ Ջեբրայիլում տանկերը եղել են անսարք, զինծառայողները բավարար քանակով ռազմամթերք չեն ունեցել եւ հանկարծակիի եկած զինծառայողները երկար ժամանակ մարտի են բռնվել հակառակորդի հետ:

Գումարած այս ամենին պատասխանատու քաղաքական ուժի ղեկավարի հայտարարությունը, որ մեր զինծառայողները կռվել են 80-ականների զենքերով, եւ ի վերջո ՀՀԿ շարքերը բոլորովին վերջերս համալրած ու ակտիվ ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանի հայտարարությունը, որ ապրիլյան պատերազմի ժամանակ զինտեխնիկան չի աշխատել հենց վառելիքի անորակ լինելու պատճառով:

Ուրիշ ի՞նչ անուն կարելի է տալ, քան անբարոյականությունը, այս երեւույթին, երբ հերոսի զոհվելուց հետո նրա սրբությանը՝ մորը, բերում են քարոզչության հարթակ եւ խնդրում, որ ժողովրդին դիմի՝ ասելով. «Ընտրեք իմ որդու մահվան եւ երկրի ներկայիս վիճակի պատասխանատու քաղաքական ուժին»:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝