Արջի ծառայություն Սերժ Սարգսյանին

27537-520x293

ՀՀ կառավարության փետրվարի 9-ի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես եկավ հատուկ քաղաքական հայտարարությամբ: Գործադիրի ղեկավարը զգուշացրեց, որ վարչական ռեսուրսը նախընտրական քարոզչության համար օգտագործելն անթույլատրելի է:

«Բոլորին խստագույնս զգուշացնում եմ, որ նման ծառայություններն արջի ծառայություններ են՝ անկախ նրանից, թե որ կուսակցության շահն են պաշտպանում: Հատուկ ուշադրություն դարձնել դրան»,- հայտարարեց Կարեն Կարապետյանը:

Այսօր ակնհայտորեն հենց ինքը՝ Կարեն Կարապետյանն, արջի ծառայություն է մատուցում Ս. Սարգսյանին: Ընդգրկված չլինելով ՀՀԿ համամասնական ցուցակում՝ նա ՀՀԿ-ի ակտիվ քարոզչությամբ է զբաղված՝ խախտելով ՀՀ օրենսդրությունը: Ինչպես հայտնի է, պետական պատասխանատու պաշտոններ զբաղեցնող անձինք կուսակցական քարոզչություն իրավունք չունեն իրականացնելու աշխատաժամին: Օրենքը չի ստիպում նրանց հրաժարական ներկայացնել կամ արձակուրդ գնալ, բայց օրենքը չի թույլատրում մինչեւ ժ.18:00-ն զբաղվել կուսակցական աշխատանքով:

Սակայն ինչպես փոխանցեցին ԳԱԼԱ-ին Սյունիքի մարզպետարանից, ՀՀ վարչապետի գլխավորությամբ ՀՀԿ աշխատանքային խումբն այսօր վաղ առավոտ նախընտրական հանդիպումների է Սյունիքի մարզում: Պատվիրակության կազմում են նաեւ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

ՀՀ կառավարությունից փորձեցինք ճշտել, թե ինչ տրանսպորտային միջոցներով են ՀՀԿ-ական քարոզչությամբ զբաղվող պաշտոնյաները մեկնել Սյունիք՝ անձնակա՞ն, թե՞ աշխատանքային փոխադրամիջոցներով: Սակայն որքան էլ զարմանալի է, ՀՀ կառավարության կայքում տեղադրված հեռախոսահամարներից ոչ մեկով հնարավոր չեղավ կապ հաստատել որեւէ պատասխանատու անձի հետ:

Մնում է ենթադրել, որ այսօր ՀՀ կառավարությունն ազատ օր է սահմանել, ինչից տեղյակ չեն ՀՀ քաղաքացիները:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝