Երբ եւ ինչպես են վարչապետն ու նախարարները մեկնում նախընտրական քարոզչության

17195280_1099667520161854_105922530_o

ՀՀԿ-ի lovearmenia նախընտրական կայքից տեղեկանում ենք, որ վաղը և մյուս օրը ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանն այցելելու է Սյունիքի մարզ՝ նախընտրական հանդիպումների:

Կարեն Կարապետյանը բացի այն, որ հիմա ՀՀԿ-ի նախընտրական քարոզչության ամենաառանցքային դեմքերից է, նաև Հայաստանում վարչապետ է աշխատում, ղեկավարում է մի ամբողջ կառավարություն: Ու հասկանալի է, որ մեզ՝ շարքային քաղաքացիներիս, պետք է նաև հետաքրքրի, թե իր կուսակցական պարտքը կատարելիս Կարեն Կարապետյանն արդյոք խախտում է ՀՀ օրենքները կամ արդյոք թերանում է իր վարչապետական պարտականությունները կատարելիս:

Եվ այսպես, ինչպե՞ս է Կարեն Կարապետյանը վաղը մեկնում Սյունիքի մարզ: Վաղը մարտի 10-ն է, ուրբաթ, ՀՀ-ում վաղն աշխատանքային օր է:

Իսկ ՀՀԿ-ի lovearmenia նախընտրական կայքում շարունակում ենք կարդալ.

«Կարեն Կարապետյանը կայցելի Սյունիքի մարզ, որտեղ տեղի կունենան հանդիպումներ մշակույթի ոլորտի ներկայացուցիչների, մարզի կարևորագույն արտադրական ձեռնարկությունների, ինչպես նաև բժշկական հաստատությունների անձնակազմերի հետ»:

Փորձեցինք ճշտել, թե կոնկրետ երբ, ժամը քանիսին կլինի Կարեն Կարապետյանի պատվիրակությունը Սյունիքի մարզում: Սյունիքի մարզպետարանից տեղեկացրեցին, որ գրաֆիկը դեռ մշակման փուլում է, դեռ հստակ չգիտեն, բայց ընդհանուր առմամբ հանձնարարություն ունեն առավոտյան սպասել վարչապետին: Կրկնեցին, որ հանդիպումը մշակույթի ոլորտի ներկայացուցիչների, մարզի ձեռնարկությունների աշխատակիցների հետ է:

ՀՀԿ լրատվական ծառայությունից ԳԱԼԱ-ին փոխանցեցին, որ ամենայն հավանականությամբ ՀՀԿ-ից Սյունիք մեկնողների թիմում կլինեն նաև ՀՀԿ համամասնական ցուցակի առաջատարները՝ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և այլք:

ՀՀԿ լրատվականից ասացին նաև, որ կոնկրետ հանդիպումներին ու կուսակցական աշխատանքային գրաֆիկին ծանոթանալու համար պետք է հետևենք lovearmenia նախընտրական կայքին: Եվ կոնկրետ չգիտեն, թե ժամը քանիսին է պատվիրակությունը դուրս գալու Երևանից և քանիսին են սկսվելու կուսակցական հանդիպումները Սյունիքում:

ՀՀԿ-ից սա բացատրեցին այցելության ու հանդիպումների անկանխատեսելիությամբ, ասացին, որ հերթով մտնելու են գյուղեր, և հստակ գրաֆիկ չկա, թե կոնկրետ երբ որ կոլեկտիվի հետ կհանդիպեն:

Ստացվում է, որ վաղը՝ աշխատանքային օրով, Սյունիք կուսակցական քարոզչության են մեկնում ՀՀ-ում պատասխանատու պաշտոններ՝ նախարարական պորտֆելներ զբաղեցնող անձինք, գործադիրի ղեկավարը:

Նշանակում է՝ նրանք նախընտրական արշավի մեկնում են կամ իրենց աշխատանքային պարտականությունները կատարել վերջացնելուց հետո, այսինքն ժամը 18:00-ից հետո, կամ էլ նրանցից յուրաքանչյուրը վաղը Սյունիքի մարզում միանգամից երկու առաքելություն կիրականացնի՝ ի պաշտոնե և ի կուսակցական: Այսինքն, Կարեն Կարապետյանը կպայքարի կոռուպցիայի դեմ և խորհուրդ կտա ընտրել հանրապետականին, կամ ավելի ճիշտ՝ քարոզ կանի ընտրել ՀՀԿ-ին, ձեռքի հետ էլ կպայքարի կոռուպցիայի դեմ:

ՀՀԿ լրատվական ծառայությունից ճշտեցինք, թե ինչպես են վաղը մեկտեղելու ՀՀԿ-ական պաշտոնյաները կուսակցական և աշխատանքային պարտականությունները: Մեզ փոխանցեցին, որ եթե վաղը աշխատանքային օր է, նշանակում է՝ կգնան ՀՀԿ-ական պաշտոնյաները նախընտրական արշավի իրենց աշխատանքային պարտականությունները կատարելուց հետո միայն:

Աշխատանքային պարտականություններն ավարտվում են ժ.18:00-ին, եթե ժ.18:30-ին ՀՀԿ խումբը մեկնի Երևանից, նշանակում է Սյունիքի մարզկենտրոն կհասնի լավագույն դեպքում 21:30-ին: Հետաքրքիր է՝ ինչ հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցների հետ են հանդիպելու 21:30-ից հետո:

Հարցրեցինք նաև, թե վարչապետ Կարեն Կարապետյանն ու նախարարներն ինչ մեքենաներով են մեկնում նախընտրական քարոզչության՝ սեփակա՞ն, թե՞ ծառայողական: ՀՀԿ գերասենյակից խնդրեցին այդ հարցը ճշտել անձամբ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝