«Կան լուրջ ռեսուրսներ, որոնք մխսվում են կուսակցական նպատակներով»

11753734_902859143119425_1905188143_n

Իշխող Հանրապետականի համամասնական ցուցակում ընդգրկված են պատգամավորացուներ, ովքեր հիմա պատասխանատու բարձր պաշտոններ են զբաղեցնում, տիրապետում են նախարարական պորտֆելների: Ինչպե՞ս պետք է գործեն նրանք նախընտրական քարոզչության շրջանում, որ հանրության մոտ ընկալվեն եւ ներկայանան հավասար հնարավորություններով, ինչպես մյուս բոլոր դաշինքներում ու կուսակցություններում ներգրավված թեկնածուները:

Ի՞նչ է սահմանում օրենքն այս դեպքում. նախարարը կամ պատասխանատու այլ պաշտոնյան պետք է հրաժարակա՞ն ներկայացնի, թե՞ ժամանակավոր արձակուրդ գնա քարոզչության շրջանում: Նույն խնդիրն առկա է նաեւ այն պաշտոնյաների դեպքում, ովքեր ընդգրկված չեն նախընտրական ցուցակում, սակայն նրանք աշխատում են ինչ-որ ուժի օգտին, օրինակ, հենց Ս. Սարգսյանը կամ Կ. Կարապետյանը: Ինչպե՞ս են նրանք գործելու, որպեսզի ձեռնպահ մնան հասարակական քննադատությունից եւ վարչական ռեսուրսի կիրառումից:

Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի խոսքերով՝ օրենսդրական նման պայման չկա, հարցը կարելի է դիտարկել բարոյական հարթությունում:

«Հրաժարական ներկայացնել կամ էլ արձակուրդ գնալ, օրենքը նման պահանջ չի դնում, ուղղակի սահմանում է, որ իրավունք չունեն իրենց աշխատանքը, պարտականությունները կատարելիս քարոզչությամբ զբաղվել:

Խնդիրն այն է նաեւ, որ աշխատանքային ժամերին չհրավիրեն աշխատանքային ենթականերին հանդիպման, աշխատաժողովները չվերածեն քարոզչության, չգնան մարզեր քարոզներ անելու աշխատաժամերին»:

Չնայած, ըստ Հ. Տիգրանյանի, այստեղ մի այլ խնդրի ենք բախվում. իրենք՝ որպես ղեկավար պաշտոն զբաղեցնողներ, միշտ էլ ընկալվում են որպես նախարար կամ փոխնախարար: Օրվա ցանկացած ժամին նախարարն ընկալվում է որպես նախարար, բայց իրավական տեսակետից արձակուրդ գնալու պահանջ չկա:

Այնուամենայնիվ, ինչպե՞ս պետք է վերահսկել, որ տեղի չունենա վարչական ռեսուրսի չարաշահում: Օրինակ, նախարարը նախընտրական հանդիպման գնում է իր անձնակա՞ն մեքենայով, թե՞ պետական:

«Բոլորը ճանաչում են թե՛ անձնական մեքենան, թե՛ ծառայողական մեքենան: Ինքը գնաց հանրության մեջ ծառայողական, թե անձնական մեքենայով, մեքենայի համարն էլ է, չէ՞, հուշում՝ պետական, թե ծառայողական մեքենա է: Ուղղակի պետք է հետեւել՝ իրենք ինչ միջոցներով գնացին հանդիպումները կազմակերպելու»:

Այնուամենայնիվ, վերահսկելը չափազանց դժվար է: Կան դեպքեր, որոնք պարզապես հնարավոր չէ վերահսկել: Օրինակ, իր աշխատասենյակում պաշտոնյան զանգեր է կատարում կուսակցական հարցերով, դա կատարում է անձնակա՞ն հեռախոսից, թե՞ ծառայողական:

«Կան դեպքեր, որոնք վերահսկելի չեն, պարզապես թողնված է պաշտոնյայի բարեխղճությանը: Եթե բարեխիղճ լինեն, կարող են նաեւ հրապարակել քաղվածքները զանգերի, թե զանգերն անում են անձնակա՞ն հեռախոսից, երբ որ կուսակցական հարց են քննարկում, թե՞ ոչ:

Այն երկրներում, որոնք ավելի հետեւողական են, նրանք հաստատ այդ հարցի վրա ուշադրություն կդարձնեն՝ պետական ռեսուրսները, ասենք, աշխատանքային հեռախոսը կօգտագործեն աշխատանքայի՞ն, թե՞ կուսակցական հարցերի համար:

Իսկ մեր երկրում նման հարցերը ոչ պաշտոնյան է լուրջ ընդունում, ոչ էլ մարդիկ: Գտնում են, որ դա շատ մանրուք է, բայց դա մանրուք չէ, այլ բավականին լուրջ ռեսուրս է, որը մխսվում է կուսակցական նպատակներով»:

 Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝