«Սպեկուլյանտները պետք է պատասխանատվության ու հասարակական պարսավանքի ենթարկվեն»

david-babayan-pan-big

ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Կ. Կարապետյանի հնչեցրած այն միտքը, թե ապրիլյան պատերազմի օրերին ռազմական տեխնիկան շատ դեպքերում չի աշխատել անորակ վառելիքի պատճառով, հաստատում է նաեւ Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:

Բաբայանը դատապարտում է բոլոր տեսակի նման չարաշահումները եւ հայտարարում, որ երկրի ու ժողովրդի համար ճգնաժամային ժամանակահատվածում շահույթ հետապնդելու մասին մտածող «սպեկուլյանտները» պետք է պատասխանատվության ու հասարակական պարսավանքի ենթարկվեն:

«Այդ մասին արդեն խոսեց ՀՀ վարչապետը, խոսեց նաեւ Արցախի վարչապետը: Միգուցե եղել է այնպիսի իրավիճակ, այնպիսի ժամանակահատված, որ չեն հասցրել ստուգել դիզվառելիքի որակը: Եվ օգտվելով առիթից՝ նման քայլի են դիմել: Մենք գտնում ենք, որ ընդհանրապես պետք է բացառվեն նման դեպքերը, եւ պատասխանատվության պետք է ենթարկել բոլոր նրանց, ովքեր հանդգնել են նման քայլի դիմել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը:

Ըստ մեր զրուցակցի՝ խնդիրը մեկ օրում լուծելի չէ եւ ընդհանրապես չի լուծվի, եթե չցուցաբերեն հետեւողականություն՝ պատժելու հանցագործներին:

ԳԱԼԱ-ի այն հարցին, թե որ կազմակերպություններն են առհասարակ զբաղվել բանակին դիզվառելիքի մատակարարման հարցերով, եւ արդյոք հնարավոր չէր պատասխանատվության ենթարկել, Բաբայանն ասաց, որ ինքը կոնկրետ տեղյակ չէ մատակարարող ընկերություններից՝ հավելելով, որ խնդիրը միայն դիզվառելիքը եւ անվտանգությունը չէ: Առհասարակ պետք է մտածել այս մասին: Խնդիրն առկա է ե՛ւ առողջապահության ոլորտում, ե՛ւ սննդի ոլորտում:

«Ինչո՞ւ եք միայն կենտրոնանում դիզվառելիքի վրա, օրինակ, մենք տեսնում ենք նաեւ՝ նույնը կատարվում է դեղերի շուկայում, սննդի շուկայում: Սա մեծ պրոբլեմ է, երբ սննդից, խմիչքից նաեւ մարդիկ են թունավորվում»:

Ստացվում է, որ տեղի է ունեցել կոնկրետ հանցագործություն: Եվ շուրջ մեկ տարի անց այդ մասին հանկարծակի բարձրաձայնում է ՀՀ վարչապետը, հետո այդ փաստը հաստատում են Արցախի վարչապետը, Արցախի նախագահի մամուլի քարտուղարը:

Անորակ դիզվառելիքի պատճառով ապրիլյան պատերազմի ժամանակ մեր հերոս տղերքը, որոնց մի մասն այսօր չկա արդեն, չեն կարողացել գործի դնել զինվորական տեխնիկան, եւ մեկ տարի անց դեռ տեղի չի ունեցել հետաքննություն, անպատիժ են մնացել մեղավորները:

Սակայն Արցախի նախագահի մամուլի քարտուղարը հայտարարում է, որ միշտ չէ, որ պետք է բարձրաձայնել, թե կոնկրետ ում ու ինչի համար են պատասխանատվության ենթարկել.

«Այո, կան բարոյական արժեքներից զուրկ մարդիկ, որոնց պետք է պատժել օրենքի ամբողջ խստությամբ: Եվ միշտ չէ, որ պետք է բարձրաձայնել, հրապարակել, թե ում ինչի համար ու ինչպես են պատժել: Պետք չէ մոռանալ, որ մենք գտնվել ենք այդ ժամանակ ճգնաժամային վիճակներում, եւ այդ մասին խոսելը, այդ մասին բարձրաձայնելը սխալ կլիներ»:

 Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝