Է. Նալբանդյանը և Վ. Վաշչիկովսկին ուղերձներ են փոխանակել

g_image (2)

Արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Վիտոլդ Վաշչիկովսկին ուղերձներ փոխանակեցին` Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման կապակցությամբ:

Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ երկու երկրների միջև սերտ հարաբերությունները հիմնված են հայ և լեհ ժողովուրդների` դարերից եկող ամուր պատմական կապերի և բարեկամության վրա:

Նախարար Նալբանդյանն ընդգծում է, որ երկկողմ հարաբերությունների ամրապնդման հարցում իր նշանակալի ներդրումն է ունեցել Լեհաստանի հայ համայնքը, որի ներկայացուցիչներն ավելի քան վեց դար շարունակ ընդգրկված են եղել Լեհաստանի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում:

Հայաստանի արտգործնախարարը շեշտում է, որ վերջին քսանհինգ տարիների ընթացքում բարձրաստիճան փոխայցելությունների և կանոնավոր քաղաքական երկխոսության միջոցով մեր երկրներին հաջողվեց կայուն հիմք կառուցել՝ հայ-լեհական հարաբերությունների բեղմնավոր զարգացման համար: Նա մեծապես կարևորում է Հայաստանի և Լեհաստանի արդյունավետ համագործակցությունը ԵՄ շրջանակներում:

Էդվարդ Նալբանդյանը վստահություն է հայտնում, որ գալիք տարիներին համատեղ ջանքերով մեզ կհաջողվի հայ-լեհական հարաբերություններում նկատելի առաջընթաց արձանագրել՝ ի շահ և ի բարօրություն մեր ժողովուրդների:

Վիտոլդ Վաշչիկովսկին իր ուղերձում Լեհաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առիթով շնորհակալություն է հայտնում՝ երկկողմ համագործակցության այս բեղմնավոր ժամանակաշրջանի համար:

Նախարար Վաշչիկովսկին ընդգծում է, որ Լեհաստանը և Հայաստանը ունեն փոխըմբռնման և բարեկամության դարավոր կապեր: Նա շեշտում է, որ վերջին 25 տարիների ընթացքում կարողացանք ստեղծել համագործակցության ամուր հիմքեր, որոնք հիմնված են մեր հարուստ մշակույթների հանդեպ փոխադարձ հարգանքի, ինչպես նաև տնտեսական, գիտական և մշակութային փոխանակման ոլորտներում փոխշահավետության վրա:

Լեհաստանի արտգործնախարարը ընդգծում է, որ մեր երկրների միջև եղած հարաբերությունների ներուժը լիովին դեռ չի օգտագործվել: Նա հույս է հայտնում, որ հաջորդ տարիները կնպաստեն հայ-լեհական հարաբերությունների հետագա զարգացմանը՝ համաձայն վերոնշյալի հետ կապված ակնկալիքների և հնարավորությունների:

Նախարար Վաշչիկովսկին համոզմունք է հայտնում, որ Եվրոպական միության և Հայաստանի միջև շրջանակային համաձայնագրի ստորագրումը կնպաստի ինչպես Եվրոպական միության և Հայաստանի, այնպես էլ մեր երկրների միջև հարաբերությունների հետագա, կարևոր փուլի զարգացմանը:

Դիտվել է՝