«Չեմ ուզում ասել, թե գենետիկական հրեշ է Սերժ Սարգսյանը, բայց ինքը պատրաստ է անել եւ անում է ամեն ինչ՝ իշխանությունը պահելու համար»

levon

Հայաստանի ԵՏՄ անդամակցությունն արդյոք դարձավ նպաստող հանգամանք, որ Հայաստանը հետընթաց արձանագրեր եւ դասվեր ավտորիտար կարգավիճակ ստացած երկրների շարքին: 2015 թվականին Հայաստանն աշխարհի երկրների ցանկում 116-րդն էր ժողովրդավարության ցուցանիշով՝ եզրափակելով հիբրիդ ռեժիմների ցուցակը (Economist Intelligence Unit բրիտանական հետազոտական ընկերության ուսումնասիրության համաձայն): Այս տարի Հայաստանը զբաղեցրեց 120-րդ տեղը՝ այս անգամ արդեն իր հաստատուն տեղը զբաղեցնելով ավտորիտար ռեժիմների կողքին:

ԵԱՏՄ անդամներն ավելի լավ դիրքերում չեն գտնվում. Բելառուսը 127-րդն է, Ռուսաստանը՝ 134-րդը, Ղազախստանը՝ 139-րդը:

«Երբ Հայաստանին զոռով մտցրեցին ԵՏՄ՝ Սերժիկի բարի կամքով, հարցը շատ հնչեց, թե դա ինչպե՞ս կարող է ազդել Հայաստանի վրա՝ ժողովրդավարական կամ մարդու իրավունքների տեսանկյունից: Ասել եմ եւ կրկնում եմ ֆիզիկայի հաղորդակից անոթների սկզբունքը: Այսինքն, իրավական դաշտն՝ առավել ազդեցություն ունեցող անոթի, անպայման ազդելու է մնացած անոթների իրավական դաշտի վրա: Ամենախոշոր ազդեցություն ունեցողի պրակտիկան ազդելու է մնացածի իրավակիրառ պրակտիկայի վրա»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում իր կարծիքը հայտնեց ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը:

Նա հիշեցրեց, որ, օրինակ, քաղաքացիների նկատմամբ ոստիկանների կողմից ձեռնարկվող բռնության դեպքերի թիվը վերջին տարիներին կտրուկ աճել է, մասնավորապես հուլիսին կատարված իրադարձությունների ժամանակ:

«Անմեղ քաղաքացիներ, որոնք կապ չունեին այդ խմբի գործողությունների հետ (նկատի ունի Սասնա ծռերի խմբին/ Ա. Վ.), նրանց նկատմամբ բռնություններ, անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվել, անհարկի ուժ է կիրառվել: Ի՞նչ է նշանակում խաղաղ ցուցարարների կամ երեխեքը գրկերին մարդկանց դեմ պայթուցիկներ ես օգտագործում, նռնակներ ես գցում՝ ձայնային, լուսային, մարդու աչք ես թափում, լրագրողների ես մարմնական վնասվածքներ հասցնում… Սա ուղիղ այդ լկտիության հետեւանքն է, այդ ազդեցության: Երեւի Մոսկվայից ասում են, կամ ինքը չի թողնում, որ զանգեն ասեն՝ էդ ի՞նչ վիճակ է մոտդ, ցույցե՞ր են անում, չհասկացանք, դու ո՞վ ես, աթոռի ո՞տ ես, թե՞ նախագահ ես Հայաստանի: Հլը դավա՛յ, մի բան արա, ինքն էլ իր շնիկներին քսի է տալիս: Արդյունքում տեղի է ունենում էս պատմությունը: Այս հաղորդակից անոթների սկզբունքն անպայման գործում է: Հայաստանը լիներ շատ ուժեղ ժողովրդավարական եւ Ռուսաստանը լիներ ողորմելի եւ չափերով լիներ հակառակը, մենք կազդեինք իրենց վրա: Իսկ հիմա ստացվում է, որ Հայաստանը քիչ վատ էր, գնացել ընկել է ավելի վատ միջավայր: Եվ այդ վատ միջավայրում ինքը սովորում է վատ-վատ բաներ: Պետք է վնաս տա, որպեսզի կարողանա իշխանություն պահել: Չեմ ուզում ասել, թե գենետիկական հրեշ է Սերժ Սարգսյանը, բայց ինքը պատրաստ է անել եւ անում է այն ամենը, ինչ հարկավոր է իշխանությունը պահպանելու համար»:

Քանի դեռ իշխանությունը ժողովրդին չի պատկանում, ելքը չի տեսնում Լեւոն Բարսեղյանը:

«Սերժ Սարգսյանի համար շոշափելի ռիսկ է իշխանության կորուստը, եւ նա պատրաստ է անել ամեն ինչ՝ իշխանության պահպանման համար: Դրան էին միտված սահմանադրական փոփոխությունները, ընտրական օրենսգրքի փոփոխությունները, հիմա նաեւ սպասվող խորհրդարանական ընտրությունները:

Այս իշխանության տակ բազմաթիվ հանցագործություններ կան: Սերժ Սարգսյանը եւ իր հրոսակախումբը վստահ է, որ այն պահին, երբ իրենք իշխանություն չունեցան եւ իշխանություն ունեցողը չեղավ իրենց իրավահաջորդը, եղավ ինչ-որ մի անկախ կողմ կամ ազատորեն ընտրված կողմ, իրենք պատասխանատվության պետք է ենթարկվեն: Այս ռիսկը ստիպում է իրենց շարունակել պահել իշխանությունն իրենց ձեռքերում: Ընտրված չլինելու հանգամանքը շատ միջազգային խաղացողների թույլ է տալիս Հայաստանի իշխանությունների հետ վարվել այնպես, ինչպես իրենք չէին կարողանա վարվել այն իշխանությունների հետ, ովքեր ժողովրդի կողմից ընտրված են: Դրա համար ինչ թուղթ է պետք լինում, կանչում ասում են՝ ստորագրի, շպագատ իջի, սալտո դարձի, վազի էստեղից էնտեղ, շալվարդ հանի հագիցդ: Էդ ձեւ ենք ուզել մենք: Մոտավորապես սա է տեղի ունենում ամեն անգամ, երբ Սերժ Սարգսյանին քարշ են տալիս էստեղ-էնտեղ՝ էսինչ թուղթը ստորագրելու:

Նույնն է տեղի ունեցել 13 թվականի սեպտեմբերի 2-ին: Հետո ինքն ասաց՝ մի գիշերում սա եղավ, ես հո չէ՞ի կարող ձեզ դակլատ տալ, բացատրել: Գնաց ստորագրեց ու ստեց, թե ժողովուրդն է ցանկություն հայտնել միանալ Մաքսային միությանը եւ մասնակցել ԵՏՄ ստեղծմանը: Այս իրավիճակում իսկապես սպասելի էին եւ այդպես էլ եղան բազմաթիվ ծանր հետեւանքներ: Ամենածանրը, ըստ երեւույթին, այն է, որ որոշեց իր իշխանության երկարաձգման համար փոխել Հայաստանի կառավարման համակարգը, սահմանադրական հանրաքվե մոգոնեց: Գումարած՝ եկանք հասանք անցած տարվա ապրիլյան ճակատամարտ, որը բացեց, ի ցույց տվեց 20 տարվա այլանդակությունների սերուցքը: Դա մի քննություն էր, որի ժամանակ երեւաց՝ կրթության ոլորտի չարիքներից բռնած, վերջացրած բանակում եղած կոռուպցիայով, բոլորս տեսանք, թե ինչ փոսի մեջ է հայտնվել Հայաստանն ու դուրս գալ չի կարող: ՀԱՊԿ-ի անդամ լինելով՝ առավոտից իրիկուն ադրբեջանցիք գնդակոծում են բուն Հայաստանի սահմանը: Ծպտունը չի ելնում էդ մարդու: Կարծես իր հետ կապ չունի Տավուշի մարզը:

Ինչքան ուզում բարձում են էս տեսակ իշխանությանը: Սա բնական է, եթե դու ժողովրդից մանդատ չունես, եթե դու հանցագործություններով ես եկել իշխանության, քո ժողովրդի հերն անիծում ես, Պուտինի՞ սիրտը պետք է ցավա, թե ստեղ ինչ կա-չկա»:

Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝