Արտագաղթին զուգահեռ ՀՀ-ում աճում է նաեւ ընտրողների թիվը

b1cc11bb5138ff2

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ապրիլի 2-ին ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների նախնական թիվը: Ըստ ոստիկանության՝ ընտրողների թիվը ՀՀ-ում ավելի քան 2 միլիոն 564 հազար է։ Սա այն դեպքում, երբ 2016թ.-ին, ԱՎԾ ամփոփ տվյալներով, բնակչության թիվը ՀՀ-ում կազմել է շուրջ 2 մլն 306 հազար:

Սա նշանակում է, որ ընտրողների թիվն ավելի մեծ է, քան ՀՀ-ում բնակվող չափահաս անդամների թիվը:

Ընտրողների թվի աճի միտումը դարձյալ պահպանվում է, երբ 2017-ի ապրիլյան ընտրություններին մասնակից ՀՀ քաղաքացիների թիվը դիտարկում ենք վերջին համապետական ընտրություններին ընտրողների թվի համեմատության մեջ:

2015-ի դեկտեմբերի սահմանադրական հանրաքվեի համեմատ ընտրողների թիվն աճել է շուրջ 17 հազարով։ Սահմանադրական հանրաքվեին, ըստ ոստիկանության պաշտոնական տվյալների, ընտրողների թիվը կազմել է 2.547.916 մարդ:

Ընտրողների թվի աճի այս միտումը նկատելի է համապետական ամեն ընտրությունից առաջ:

Այսպես, 2005թ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ ընտրողների թիվը, ըստ ընտրացուցակների, կազմել է 2 մլն 317 հազար 462 մարդ:

2007թ. ԱԺ ընտրություններում ընտրողների թիվը կազմել է 2 մլն 319 հազար 722: Այսինքն, աճել է շուրջ 2 հազարով:

2008թ. նախագահական ընտրություններում ընտրացուցակներում եղել է 2 մլն 315 հազար 410 քաղաքացի:

2012թ. խորհրդարանական ընտրություններից առաջ, ըստ ոստիկանության, ընտրողների թիվը կազմել է 2 մլն 484 հազար քաղաքացի:

Սա նշանակում է, որ 2008-ի նախագահական ընտրություններից 4 տարի անց ընտրողների թիվը մեծանում է շուրջ 170 հազարով:

Սրանից մեկ տարի անց՝ 2013թ.-ի նախագահական ընտրություններից առաջ ընտրողների թիվն հասնում է 2 մլն 505 հազար 980-ի: Այսինքն, ընտրող քաղաքացիների թիվն աճում է եւս 21 հազարով մեկ տարվա ընթացքում:

Սա նշանակում է, որ ընտրողների թիվը դինամիկ աճ է արձանագրել, ու սա այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին՝ 2008-2017թթ. ընթացքում, ՀՀ-ից ամենատարբեր հաշվարկներով արտագաղթել է 350-400 հազար մարդ:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝