Սերժ Սարգսյանը հակասում է Սերժ Սարգսյանին

Serj-Sargsyan-503x375

Սերժ Սարգսյանը Բրյուսել կատարած այցի ընթացքում մարտի 3-ին հարցազրույց է տվել Euronews հեռուստաալիքին՝ այլ հարցերի թվում անդրադառնալով հայաստանյան սահմանադրական վերջին փոփոխություններին, որոնց արդյունքում երկրում կառավարման կիսանախագահական համակարգը փոխարինվեց խորհրդարանական կառավարման համակարգով:

«Դուք ո՞ւր եք տանում ներկայիս նախագահական հանրապետությունը: Ինչի՞ է վերածվելու Հայաստանը»,- հեռուստաընկերության լրագրող Անդրեյ Բեկետովի հարցին ի պատասխան Սերժ Սարգսյանը մասնավորապես արձագանքել է. «Այն կլինի ցանկալի երկիր յուրաքանչյուր հայի համար: Ես խորապես համոզված եմ, որ խորհրդարանական մոդելն ավելի արդյունավետ է: Այն ապահովում է պետական կառավարման առավել լավ հնարավորություններ…»:

Սերժ Սարգսյանի սույն գնահատականը տարօրինակ չէր հնչի, եթե ուղիղ երեք տարի առաջ բոլորովին այլ կարծիք չունենար խորհրդարանական ու կիսանախագահական մոդելների հետ կապված:

Մասնավորապես 2014թ. ապրիլի 10-ին սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ իր համար գործող կիսանախագահական մոդելն առավել ընդունելի է.

«Ինչ վերաբերում է պետության կառավարման ձևին, ապա այս հարցում իմ մոտեցումը հայտնի է, և ես առիթ եմ ունեցել այդ կապակցությամբ արտահայտվելու, որ մեր երկրի համար գոնե զարգացման ներկա փուլում գործող կառավարման (կիսանախագահական՝ խմբ.) մոդելն առավել ընդունելի է: Համենայնդեպս ես այդպես եմ կարծում»:

Փաստորեն, Սերժ Սարգսյանը վերոհիշյալ հայտարարությունից 3 տարի անց այլևս չի կարծում, որ մեր երկրի համար զարգացման այս փուլում կիսանախագահական կառավարման մոդելն առավել արդյունավետ է, և բոլորովին հակառակ կարծիքն ունի: Դժվար է ասել, թե ով է Սերժ Սարգսյանին հակառակը համոզել, սակայն ունենք փաստ, որ երկրի փաստացի նախագահը 180 աստիճանով փոխել է իր կարծիքը՝ չբացատրելով, թե ինչն է ստիպել իրեն այլ կերպ մտածել:

Հ.Գ. Ի դեպ, նույն հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը նաև հայտարարել էր, որ այլևս երբեք չի առաջադրվելու պետության ղեկավարի պաշտոնում.

«Վստահ եմ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»,- մասնավորապես ասել էր նա:

Դատելով այն հանգամանքից, թե ինչպիսի հաճախականությամբ ու ինչ աստիճանով են փոփոխվում Սերժ Սարգսյանի համոզվածություններն ու կարծիքները, շատ հնարավոր է, որ, օրինակ, 2018թ. վերոհիշյալ հայտարարությանն արմատապես հակասող համոզվածությամբ հանդես կգա:

Դերենիկ Մալխասյան

«Պոլիտիկա» կենտրոնի նախագահ

Դիտվել է՝