ԿԸՀ-ն գտնում է, որ ՀՀԿ-ն օրենք չի խախտել

Karen Karapetyan

Երեկվանից Կարեն Կարապետյանի մեծադիր լուսանկարը ՌԴ նախագահ Վ. Պուտինի նախընտրական կեցվածքով և ՀՀԿ «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսով զարդարում է Երևանի կենտրոնական փողոցներից մեկը: Կարեն Կարապետյանը ՀՀԿ ցուցակում ընդգրկված չէ և կոչ էր անում չօգտագործել վարչական ռեսուրսն ընտրությունների ժամանակ, բայց հասկանալի է, որ որպես վարչական ռեսուրսի ցայտուն օրինակ իր՝ վարչապետի պոնտենցիալը հարազատ ՀՀԿ-ի համար սկսել է օգտագործել դեռ նախընտրական քարոզարշավը չսկսված:

Այսօր արդեն Կարեն Կարապետյանի օրինակին հետևեց ՀՀԿ համամասնական ցուցակը ղեկավարող ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը:

HHK-696x696

Որպես պաշտոնական քարոզարշավի մեկնարկ ԿԸՀ-ն սահմանել է մարտի 5-ը: Հարց է առաջանում. ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի մեջ ինչո՞ւ է ավելորդ շտապողականություն ցուցաբերել հենց իշխող Հանրապետականը:

ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովից այս հարցը մեկնաբանել չցանկացան: ԳԱԼԱ-ի այն հարցին, թե ՀՀԿ-ն ինչպես կբացատրի պաստառների՝ քարոզչությունից երկու օր շուտ փակցնելը հանրային վայրերում, Ռ. Թադևոսյանն ասաց, որ ավելի ճիշտ կլինի այդ հարցին պատասխանեն ՀՀԿ մամլո ծառայությունից:

ՀՀԿ գրասենյակից, ԱԺ ՀՀԿ խմբակցությունից ևս այս հարցին չպատասխանեցին: Իսկ ՀՀԿ մամլո ծառայությունից տեղեկացրին միայն, որ Է. Շարմազանովը շատ զբաղված է և այս հարցին կանդրադառնան նրա՝ հանդիպումների ավարտից հետո: Բացի այդ, տեղեկացրին, որ այսօր նաև ՀՀԿ ԳՄ նիստ կա, և եթե օրենքի խախտում լինի, անպայման հարցը կքննարկեն նաև ՀՀԿ նիստում:

ՀՀ ԿԸՀ-ից ԳԱԼԱ-ի հարցին ի պատասխան մամուլի պատասխանատու Հերմինե Հարությունյանը պատասխանեց, որ ցուցապաստառների վաղ փակցնելն ընտրական օրենսդրության խախտում չէ: Որպես փաստարկ ԿԸՀ-ից մատնանշում են այն, որ որոշ քաղաքական ուժեր շատ ավելի վաղ էին սկսել իրենց քարոզչական պաստառները փակցնել 5 քառակուսի մետրը չգերազանցող մակերեսով վահանակների վրա:

«Փետրվարի 28-ին ԿԸՀ որոշմամբ կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև բաշխվել է հինգ քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը, և որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կուսակցություններն ու դաշինքներն ազատ կարող էին օգտվել իրենց այդ իրավունքից»:

Բացի այդ, ԿԸՀ-ն գտնում է, որ Ընտրական օրենսգրքի կանոնակարգումների համաձայն՝ նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում օրենքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը:

Այս դեպքում էլ որպես փաստարկ ԿԸՀ-ն ներկայացնում է այն, որ կուսակցություններն ավելի վաղ իրենց ծրագրերն են ներկայացնում մամուլի ասուլիսների ու այլ հանդիպումների ժամանակ:

«Այս օրերին՝ մինչև նախընտրական քարոզչության սահմանված ժամկետի մեկնարկը, գրանցված կուսակցություններն ու դաշինքներն ազատորեն իրականացնում են քարոզչություն տարբեր ձևաչափերով՝ ներկայացնելով իրենց նախընտրական ծրագրերը, հրավիրելով մամուլի ասուլիսներ և այլ ձևաչափերով: Այս ամենն ազատորեն լուսաբանվել է, և որևէ հարց չի ծագել՝ արդյոք վերոնշյալը նախընտրական քարոզչության կանոնների խախտում է, թե ոչ: Եվ այն, որ հարց չի առաջացել, շատ բնական է, քանզի որևէ իրավախախտում առկա չէ»:

Լուսանկարները՝ civilnet.am

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝