Ռեյտինգի համար մղվող պայքարն ու քաղաքական ճգնաժամը

Serj-Sargsyan-600x400

Դեռ նախընտրական փուլը չմեկնարկած ակտիվ դինամիկ զարգացումներ են սկսվել թե՛ ՀՀԿ թեկնածուների ու համակիրների շարքերում, թե՛ ՀՀԿ-ից դուրս: Վերջին դեպքը, որն ավարտվեց դանակահարությամբ, ՀՀԿ-ԲՀԿ ռեյտինգային ցուցակներում ընդգրկված պատգամավորացուների համակիրների կամ ակտիվ զանգվածի վիճաբանության արդյունքում էր:

ԲՀԿ-ն, օրինակ, այն համոզմունքն ունի, որ ռեյտինգային ընտրակարգն ուղղակի պարարտ հող է ստեղծում գլադիատորական ցլամարտերի համար: Եվ ոչ ոք չի կարող բացառել, որ ռեյտինգային ընտրակարգն ու ռեյտինգի համար մղվող սուր պայքարը կարող է քաղաքական ճգնաժամ առաջացնել երկրում:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ սա իշխանությունների կողմից հովանավորվող և ընձեռված հատուկ հնարավորություն է, որպեսզի ընտրապայքարը տեղափոխվի քաղաքական հարթությունից այլ հարթություն:

Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյան

«Սա ընտրական օրենսգրքով տրված բաց հնարավորություն է քաղաքական դաշտից տեղափոխել ընտրապայքարը գլադիատորական հարթակ: Քաղաքական ուժերը պետք է հասկանան՝ կամ մենք ուզում ենք ապրիլի 2-ին անցկացնել գլադիատորների պատերազմ, կամ քաղաքական ընտրություն: Բումերանգի էֆեկտը հնարավոր չէ չեղարկել»:

ԲՀԿ-ական Ն. Զոհրաբյանը հայտարարում է, որ իրենց մի կերպ է հնարավոր եղել զսպել դանակահարված ԲՀԿ-ականի հարազատների ցասումը, որպեսզի նրանք վրեժխնդիր չլինեին այն երիտասարդից, ով ներկայանում էր ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի շտաբի աշխատակից և ով դանակահարել էր իրենց կուսակցին:

«Սանձեք ձեր տեղային բեսպրեդելշիկներին: Նրանք ձեզ վատ ծառայություն են մատուցում»,- ասում է Զոհրաբյանը:

ՀՀԿ-ում այնպես չեն մտածում, որ պատճառը ռեյտինգային ընտրակագն է: Եթե փորձենք վերհիշել, ընտրությունների ժամանակ ավելի աղմկոտ միջադեպեր են եղել, երբ պայքարել են մեծամասնականով առաջադրվող թեկնածուները, կարծում է ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը: Ուստի ըստ Բաղդասարյանի՝ անիմաստ է քաղաքական ճգնաժամ փնտրել ռեյտինգի համար մղվող մրցավազքում:

Վահրամ Բաղդասարյան

Վահրամ Բաղդասարյան

«Քանի որ սա նոր համակարգ է, ուշադրության կենտրոնում է: Նմանատիպ ելքերը, որոնք դատապարտելի են, խստագույնս պետք է պատժվեն՝ անկախ նրանից՝ կլինեն հանրապետական, թե ոչ հանրապետական: Բնականաբար չպետք է մոռանալ անցած ընտրությունների ժամանակ և աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցած նմանատիպ զարգացումները, մոռանում են և ասում են, և ֆիքսվում են երկու-երեք դեպքերի վրա: Սա բնական է, քանի որ նոր համակարգ է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասում է ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը: Բաղդասարյանը չի հերքում, որ միջադեպը կարող էր իսկական ողբերգության վերածվել, բայց ասում է, որ կարևորը՝ պետք է զգոն լինել: Եվ այնպես չէ, որ պատասխանատուն միայն հանրապետականն է:

«Ցանկացած նոր բան միանգամից չի կայանում: Դա պետք է բոլորս միասին կամաց-կամաց կայացնենք: Դրա համար պետք է քաղաքական կամք և հետևողականություն, որ կարողանանք նորը կայացնենք: Ընտրակարգն ընդունված է, միջազգային կառույցների համար ցանկալի մոդել է, և կլինեն դժվարություններ, բայց պետք է կայացնենք: Դրա համար իշխանությունները և քաղաքական ուժերը պետք է լինեն զգոն»:

«Ելք» դաշինքից ՔՊ կուսակցության անդամ Լենա Նազարյանը կարծում է, որ արդեն իսկ կա քաղաքական ճգնաժամ Հայաստանում, բայց պատճառն, ըստ նրա, այնքան էլ ընտրակարգը չէ:

lena nazaryan

Լենա Նազարյան

«Կարծում եմ՝ այս դեպքում խնդիրը ոչ թե տարածքային (ռեյտինգային) ընտրակարգն է, թեև այն իր մեջ ունի որոշակի վտանգներ ու ծուղակներ ընտրողի համար, այլ՝ տվյալ կուսակցություններում հավաքված կրիմինալն է, որը ոչ մի գաղափար չունի քաղաքակիրթ քարոզարշավի մասին ու ընտրությունները վերածում է ներկլանային կռվի՝ փորձելով հնարավորինս շատ ազդեցության տարածքներ գրավել: Ընտրողը նրանց համար մարդիկ ու քաղաքացիներ չեն, որոնց պետք է ներկայացնել ծրագիրը, այլ՝ ընտրազանգված, որին պետք է կաշառել, վախեցնել ու ենթարկել: Քաղաքական ճգնաժամ արդեն իսկ կա, քանի որ այս խուժանի թոկերը բաց թողողներն առաջնորդում են այդ կուսակցությունների համամասնական ցուցակները և կրիմինալ-տասովշիկների ծառայություններն օգտագործում են վերարտադրվելու համար»:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝