«Մենք ասելիք ունենք այն քաղաքական ուժերին, որոնք կընտրեն այդ ճանապարհը». Վարուժան Ավետիսյան

varujan-2-320x228

«Միշտ պետք է նկատի ունենանք, որ ամեն պահի կարող է ընդվզում լինել կամ այլ ֆորս-մաժոր տեղի ունենալ և խառնել բոլորի բոլոր հաշվարկները»,- անդրադառնալով ԱԺ ընտրություններից առաջ երկրում ստեղծված իրավիճակին, ձևավորված դաշինքներին ու սպասվող ընտրապայքարին ու ակնկալիքներին՝ նման գնահատական է տալիս «Սասնա ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանը, ով գտնվում է «Արմավիր» ՔԿՀ-ում և ԳԱԼԱ-ի հարցերին պատասխանել է փաստաբանի միջոցով:

Վարուժան Ավետիսյանը դարձյալ հայտարարում է, որ կարծիքը չի փոխել և գտնում է, որ ընտրությունների միջոցով երկրում ոչինչ հնարավոր չէ փոխել՝ բացառությամբ այն դեպքերի, որ ընտրությունը վերածվի ընդվզման:

«Բնականաբար, պետք է պատրաստ լինենք, գործենք ըստ իրավիճակի և հասնենք ազատագրման ու ժողովրդի իշխանության հաստատման:

Պետք է նկատի ունենանք նաև, որ ընտրությունների միջոցով հնարավոր չէ հաղթել գաղութային վարչակազմին և հեռացնել նրան: Վարչակազմին հնարավոր է հաղթել և հեռացնել միայն ընդվզման միջոցով:

Ուստի քննարկման առարկա կարող է լինել միայն այն հարցը, թե արդյոք առաջիկա ընտրությունները կարող են դառնալ ընդվզման առիթ և սկիզբ:

Տեսականորեն դրա հնարավորությունը միշտ կա: Սակայն, հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, ժողովրդի տրամադրությունները և քաղաքական ուժերի որակները, մենք առայժմ կարծում ենք, որ ընտրությունները չեն կարող դառնալ ընդվզման առիթ և սկիզբ»:

Վարուժան Ավետիսյանը միևնույն ժամանակ հայտարարում է, որ ամեն ոք էլ կարող է դառնալ Սասնա ծուռ, միայն ժամանակ է անհրաժեշտ, որ մարդու մեջ արթնանա ըմբոստ ոգին.

«Ամեն հայ, եթե նա դեռևս անվերադարձ կորած տականք չէ և երբևէ կարող է Սասնա ծուռ դառնալ, ապա մենք իրավունք չունենք մեզ դիտել որպես «միակ ու անկրկնելի», այլ պետք է հնարավորություն տանք, որ մյուսների մեջ ևս ապստամբ ոգին գլուխ բարձրացնի: Ի դեպ, այս հատկությունն է մեր ժողովրդի հրաբխային բնույթի աղբյուրը: Մեր ժողովուրդը բազմիցս ապացուցել է, որ ունակ է փշրելու ռացիոնալ պատկերացումներով ձևավորված բոլոր համակարգերը, որքան էլ դրանք առաջին հայացքից թվացել են կուռ, տրամաբանական և անխախտելի»:

Ուստի Ավետիսյանն ասում է, որ եթե նկատելի լինի այն, որ կա իրավիճակի փոփոխություն, և ընտրությունները կարող են դառնալ ընդվզման սկիզբ, իրենք պատրաստ կլինեն աշխատել որոշ քաղաքական ուժերի հետ.

«Մենք պարտավոր ենք մշտապես հետևել ժողովրդի ակտիվ գիտակցության զարգացումներին և ներդաշնակ լինել նրան:

Այս ամենը հաշվի առնելով՝ չենք բացառում, որ ժողովրդի տրամադրությունների փոփոխության հետևանքով իրավիճակը կարող է փոխվել, ինչն էլ իր հերթին կարող է քաղաքական ուժերի քիչ թե շատ առողջ հատվածին և՛ ուժ տալ, և՛ ստիպել որդեգրելու ընդվզման ճանապարհն ու օրակարգը:

Ի դեպ, ամբողջ ընթացքում այդ քաղաքական ուժերին ճնշման տակ պահելը պարտադիր է, քանի որ դրանք երբևէ չեն համապատասխանել ժողովրդին և քաղաքական կամքի ու առաջնորդության թուլության պատճառով վատնում են նրա սխրանքով ձեռք բերած արդյունքը:

Եթե տեսնենք, որ կա իրավիճակի փոփոխություն, այն է՝ ընտրություններն ընդվզման առիթի և սկզբի վերածելու նախանշաններ, կլինենք մեր ժողովրդի կողքին և կաշխատենք համապատասխան քաղաքական ուժերին ընդվզման ճանապարհի վրա դնելու և այդ օրակարգով առաջնորդվելու հունի մեջ բերելու ուղղությամբ:

Ըստ այդմ, մենք ասելիք ունենք այն քաղաքական ուժերին, որոնք կընտրեն այդ ճանապարհը: Մյուսներին քաղաքական ուժ համարելն անգամ ըստ սահմանման ճիշտ չէ, քանի որ գաղութացված և ժողովրդի իշխանությունը յուրացված երկրում միակ քաղաքական օրակարգն ազատագրումն է, իսկ միակ մեթոդը՝ ընդվզումը»:

Իսկ ամենակարևորը, ըստ Ավետիսյանի, պետք է գիտակցել, որ գաղութային վարչակազմին հեռացնելով՝ բոլոր պրոբլեմները չեն լուծվելու: Դա լինելու է անցումային փուլի սկիզբը դնող առաջին քայլը, որից հետո ընդամենը ստեղծվելու է պրոբլեմները լուծելու հնարավորություն:

«Պայքարը դրանից հետո ոչ թե պետք է դադարի, այլ ավելի կազմակերպված ձևով ու նոր թափով շարունակվի մինչև այն նպատակների իրագործում, որոնք Հայկական գործոնի ձևավորման և Հայրենիքի վերատիրացման կենսական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ սահմանված են Նոր Հանրապետության հիմնադրման «Սասնա ծռեր» ճանապարհային քարտեզով՝ ժողովրդի իշխանության հաստատում, ապագաղութացում և ինքնիշխանություն, Կուր-արաքսյան հանրապետության, որպես Հայրենիքի վերատիրացման միջանկյալ փուլ, ստեղծում, որի առաջին քայլը պետք է լինի Արցախի դե յուրե միավորումը Հայաստանին:

Անշուշտ, այդ նպատակների իրագործմամբ ևս պայքարը պետք է շարունակվի արդեն համահայկական ընդգրկում ունեցող ազգային-պետական կազմակերպվածքի ձևաչափով:

Կյանքը պայքար է, առանց պայքարի կյանք չկա»:

Վերջում Սասնա ծուռ Վարուժան Ավետիսյանը հատուկ շեշտել է, որ Ծռերն հավատում են ժողովրդի ուժին ու ստեղծարար հանճարին.

«Մենք համոզված ենք, որ իրավիճակով պայմանավորված անհրաժեշտ մարտավարությամբ հասնելու ենք մեր ռազմավարական նպատակներին և կառուցելու ենք մարդկային երջանկությունն ու ազգային իղձերն իրականություն դարձնելու ունակ հայկական պետություն»:

  2 մարտի, 2017թ.  

                                                                           «Արմավիր» ՔԿՀ

Հարցազրույցը՝ Ք. Մկրտչյանի

Դիտվել է՝