Դիվանագետները ծանոթացել են հակամարտության գոտում տիրող իրավիճակին

image

Մարտի 1-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմի և արտերկրում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանների, միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչների, գլխավոր հյուպատոսների հերթական հավաքի մասնակիցներն այցելեցին Արցախ:

Դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները տեղում ծանոթացան հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից հերթական ռազմական արկածախնդրությունների արդյունքում տիրող իրավիճակին:

Նույն օրը Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները՝ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, Ստեփանակերտում հանդիպեցին Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էր Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:

Հանգամանալից քննարկվեցին 2016թ. Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակը, անցնող տարվա ընթացքում ագրեսիայի հետևանքները հաղթահարելուն ուղղված ջանքերը:

g_image

Շեշտվեց Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հաստատված օրինակելի և սերտ փոխգործակցությունը:

Արցախի նախագահը ներկայացրեց սահմանադրական բարեփոխումներից հետո ձեռնարկվելիք քայլերը, պետականաշինության գործում ձեռքբերումները:

Իրականացվեց մտքերի փոխանակում տարբեր ոլորտներում Արցախի զարգացման հեռանկարների շուրջ: Նախագահ Սահակյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։

Արցախի նախագահը շնորհակալություն հայտնեց այն համալիր ջանքերի համար, որ Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ իրականացնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ կենտրոնական ապարատը և դիվանագիտական ներկայացուցչությունները՝ ուղղված հիմնահարցի խաղաղ կարգավորմանը:

Նախագահ Սահակյանը Արցախի պետական պարգևներ հանձնեց Հայաստանի մի խումբ դիվանագետների։

Ընդլայնված հանդիպումից առաջ առանձնազրույց կայացավ նախագահ Սահակյանի և արտգործնախարար Նալբանդյանի միջև։

Դիտվել է՝