ՀՀԿ-ն համոզելու է՝ մենք չարյաց փոքրագույնն ենք

Ashotyan-Sargsyan

«Մենք կարող էինք ավելի լավ աշխատել, բայց մեզանից լավ ոչ ոք չէր կարող աշխատել»:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի այս փոքրիկ հայտարարությունը Ֆեյսբուքում կրքեր բորբոքեց:

Ի՞նչ է նշանակում՝ մենք ավելի լավ կարող էինք աշխատել:

Ընտրություններից առաջ նախընտրական ռեալի՞զմ է սա, թե՞ պարզապես ինքնախոստովանություն, որ իսկապես ՀՀԿ-ն, մեղմ ասած, լավ չի աշխատել:

9 տարիների ընթացքում, ՏԻՄ ընտրությունները չհաշված, զարգացման երեք նախընտրական ծրագիր է ներկայացրել ՀՀԿ-ն՝ 2008-ին, 2012-ին, 2013-ին:

Նախընտրական այս երեք ծրագրերում էլ հստակ կետեր են մատնանշված՝ արտաքին քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ աղքատության հաղթահարման, ԼՂ-ի հիմնահարցի լուծման ուղղություններով:

Այս կետերից ո՞ր մեկն է ՀՀԿ-ն հաջողել:

Չորրորդ՝ «2017 ապրիլ» ծրագիրը դարձյալ կառուցված է լինելու նույն խնդիրների լուծման տրամաբանությամբ: Ուստի տրամաբանական է, որ այդ ծրագիրը հանրությանը ներկայացնելուց առաջ նախ պետք է նախապատրաստել հանրությանը՝ խոստովանելով, որ «մենք լավ չենք աշխատել»:

Եվ տրամաբանական հարց է առաջանում, թե եթե լավ չեք աշխատել 9 տարի շարունակ, հիմա ի՞նչ երաշխիք կա, որ գալիս եք լավ աշխատելու: Կամ եթե լավ չեք աշխատել, ապա ի՞նչ երեսով եք նորից լավ աշխատելու մասին ծրագրեր ներկայացնելու հանրությանը: Եվ հետեւաբար գալիս է հաջորդ պնդումը, թե՝ «մեզնից լավ ոչ ոք չէր կարող աշխատել»:

Հետաքրքիր է, իսկ որտեղի՞ց այդ համոզմունքը: Սա կարեւոր չէ, կարեորն այն է, որ սա է լինելու այն թեզը, որի հիման վրա ՀՀԿ-ն դարձյալ ձայն է խնդրելու:

ՀՀԿ-ի «Անվտանգություն եւ առաջընթաց» քարոզարշավը հիմնականում հենց այս թեզի վրա է կառուցված լինելու: Հասկանալի է, որ դժգոհությունն այն աստիճան է երկրում, որ այդ մասին չխոսել, չբարձրաձայնել այլեւս հնարավոր չէ:

Իշխանությունները եւս նախընտրական այս փուլում խոսելու են խնդիրներից, «անկեղծորեն խոստովանելու» են իրենց թերությունների ու չարածի մասին, եւ ամենակարեւորը, մեզ համոզելու են, որ իրենք չարյաց փոքրագույնն են:

«Հիմա վատ է երկրում ամեն բան, բայց շատ ավելի վատ կլինի, եթե մենք չլինենք». սա է լինելու ՀՀԿ-ի քաղաքական թեզը:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝