Սփյուռքին հրավեր ուղարկողը պատրա՞ստ է հանդես գալ երաշխավորությամբ

middle_1473750501_7487857

Օրերս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը բաց նամակով դիմել էր Սփյուռքին՝ կոչ անելով չլինել անտարբեր Հայաստանի նկատմամբ եւ մասնակից լինել հայրենիքի ապագայի կառուցմանը:

Կարեն Կարապետյանն իր նամակում ասում է, որ ՀՀ իշխանություններն ունեցել են սխալներ եւ գիտակցում են այդ մասին եւ հիմա առաջարկում են Սփյուռքին տեր կանգնել հայրենիքը փրկելու գործին:

Ս. Սարգսյանի իշխանության 9 տարիների ընթացքում, պաշտոնական վիճակագրության համաձայն, շուրջ 350 հազար քաղաքացի հենց իշխանությունների սխալների պատճառով հեռացել է երկրից: Եվ շնորհիվ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության ու թույլ տված սխալների կարելի է վստահ պնդել, որ հիմա ավելի մեծ սփյուռք ունենք, քան նախկինում:

Եվ հիմա, փաստորեն, Կարեն Կարապետյանը, ով եւս բոլորովին վերջերս Սփյուռքի մի մասնիկն էր, այսօր դիմում է նաեւ Հայաստանը լքած հազարավոր քաղաքացիներին եւ նրանց առաջարկում է տեր կանգնել երկրին:

Վերադարձեք եւ կառուցեք երկիրը, որն այս վիճակում է հասցվել ՀՀ իշխանությունների ձեռամբ: Մոտավորապես այս ուղերձն է հղում Կարեն Կարապետյանը:

Կարձագանքե՞ն արդյոք… ինչպե՞ս կարձագանքեն: Ինքը՝ Կարեն Կարապետյանն ինչպե՞ս կարձագանքեր իր իսկ կոչին, ասենք, մեկ տարի առաջ, երբ դեռ վարչապետ լինելու հանգամանքով պայմանավորված ՀՀ-ում չէր:

Ժամանակին նման ուղերձներ եղել են Հրանուշ Հակոբյանի, Տիգրան Սարգսյանի, նաեւ Սերժ Սարգսյանի կողմից: Ս. Սարգսյանը տարիներ առաջ նույնիսկ այցելում էր Սփյուռքի տարբեր հայկական գաղթօջախներ, հանդիպում գործարարների հետ, առաջարկում նրանց գալ, բիզնես դնել Հայաստանում, օգտագործել իրենց ներուժը, զարգացնել Հայաստանի տնտեսությունը:

Բայց Կարեն Կարապետյանն էլ չէր գա Հայաստան, եթե նրան վարչապետ չնշանակեին:

Եվ ընդհանրապես կարեւոր հարց է, թե Սփյուռքն ինչու է հիմա անտարբեր: Հարցն այն է, թե Սփյուռքին նամակ հղողը կամ հրավեր ուղարկողը պատրա՞ստ է արդյոք Հայաստանի տնտեսությունում նվազեցնել օլիգարխների ազդեցությունն ու գործելաոճը կամ հանդես գալ երաշխավորությամբ:

Կարեն Կարապետյանը հենց նման հայտարարություններով ստանձնեց գործադիրի ղեկավարի պաշտոնը՝ հայտարարելով, որ պայքարում է մենաշնորհի դեմ, իսկ վերջում դարձյալ դիմեց հին ու փորձված մեթոդին՝ Սփյուռքին:

Բայց մեծագույն ցանկության դեպքում էլ երաշխավորել կամ, ինչպես ինքը՝ Կարեն Կարապետյանն էր ասում, «բարաթ տալ», որ ամեն ինչ լավ կլինի, ինքը չի կարող, որովհետեւ մեծ ցանկության դեպքում էլ ինքը չի կարող հայաստանյան տնտեսությունում նվազեցնել, ասենք, Սաշիկ Սարգսյանի, Սամվել Ալեքսանյանի եւ մյուսների ազդեցությունը:

Իսկ օրինակ կարող է ծառայել եւ ծառայում է: Կարեն Կարապետյանը Գյումրիում հայտարարեց, որ սեփական միջոցներից ներդրում է անում՝ 500 հազար դոլարի չափով: Հետո նրան հետեւեց ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը: Վերջինս էլ ներդրում արեց Վանաձորում:

Կաշխատի՞ այս օրինակը:

Սա հիշեցնում է«Ոսկե ցլիկ» ֆիլմը, որտեղ մի դրվագ կա, երբ Նաջարյանը կանչում է աշխատողներին ու հետաքրքրվում՝ նոր ցեղատեսակի ցուլերը խոտ կերե՞լ են, թե՞ ոչ: Մամիկոնի դերը մարմնավորող Արմեն Խոստիկյանն ասում է. «Խոտը լցրել եմ, կերել եմ, օրինակ եմ ծառայել, էլի չեն ուտում»:

Նույնը մեր իրականությունում է. առայժմ օրինակ են ծառայում…

 Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝