Մոսկվան Մինսկին ընդունում է որպես իր գաղութի նախկին մետրոպոլիա

800x-1

Ռուս-բելառուսական փոխհարաբերությունները գտնվում են ճգնաժամային իրավիճակում՝ չնայած խորը եւ սերտ համագործակցության առկայությանը՝ պայմանավորված գոյություն ունեցող պետական կազմակերպություններով, որի մեջ ներառված են Մոսկվան եւ Մինսկը: 1990-ական թվականներին երկու պետությունների միջեւ ինտեգրման գործընթացների տրամաբանական զարգացումը եղել է 1999թ.-ի վերջին ստորագրված պայմանագիրը, որով Ռուսաստանը եւ Բելառուսը ստեղծեցին Միութենական պետություն: 2000թ.-ի սկզբին ձեւավորվում է միասնական բյուջե: Այն համարվում է կարեւորագույն ցուցիչ, որը բնութագրում է ինտեգրման մասշտաբների ծավալը եւ ֆինանսական հնարավորությունները: Մոսկվան եւ Մինսկը սերտ համագործակցում են ռազմատնտեսական ոլորտում՝ գտնվելով այնպիսի կազմակերպություններում, ինչպիսիք են ԵվրԱզէսը եւ ՀԱՊԿ-ը:

Այդ ամենից բացի այդ երկրներին միավորում է նաեւ պատմական եւ մշակութային սերտ կապերը:

Թվում էր՝ այս երկրների միջեւ չէր կարող որեւէ տարաձայնություն առաջանալ, որը կարճ ժամանակում չհարթվեր բանակցությունների ճանապարհով, սակայն խնդիրներ, այնուամենայնիվ, կան: Խնդիրները հիմնականում առաջացել են առեւտրատնտեսական ոլորտում: Կողմերը չեն կարողանում պայմանավորվել նավթի, գազի, մսի եւ կաթնամթերքի մատակարարման գների շուրջ: 2009թ.-ի արդեն երկու երկրների միջեւ լարվածությունը վերածվեց տնտեսական պատերազմի, մասնավորապես «կաթնային պատերազմի», երբ Ռոսպոտրեբնադզորն արգելել էր կաթնամթերքի ներմուծումը՝ պատճառաբանելով ինչ-որ փաստաթղթի բացակայությունը: Առաջացած վեճի պատճառով Բելառուսի նախագահը հրաժարվեց մասնակցել ՀԱՊԿ-ի նիստին, որը տեղի է ունեցել Մոսկվայում հունիսի 14-ին՝ բացատրելով, որ անիմաստ է քննարկել ռազմատնտեսական անվտանգության հարցերը, երբ առկա են ուղղակի սպառնալիքներ երկրի տնտեսական անվտանգությանը: Նման ընդհարումներ հաճախ են եղել նաեւ հաջորդող տարիներին: Իսկ 2010թ.-ի երկրորդ կեսին երկրների ղեկավարությունների միջեւ կրկին հարաբերությունների վատթարացում տեղի ունեցավ: Գործը հասավ նրան, որ ԱՊՀ-ի տնտեսական դատարան հայց ներկայացվեց Ռուսաստանի դեմ՝ նավթամթերքի վրա տուգանք սահմանելու համար: 2014թ.-ին Ռուսաստանն արգելեց Բելառուսից ներկրել մսամթերքի որոշ տեսակներ ԵՄ-ից Ռուսաստան արգելված մթերքների վերաարտահանման պատճառով: Իսկ 2016թ.-ին Ռոսսելխոզնադզորը կրկին արգելեց ներկրել կաթնամթերք 5 բելառուսական ձեռնարկություններից, այդ ժամանակ էլ սահմանվեց սանիտարական ռեժիմ այլ երկրներից Բելառուս բուսական ապրանքատեսակների ներմուծման համար: Պատճառը Ռուսաստան ներկրվող սննդի էմբարգոն էր: Եթե նախկինում երկու երկրների միջեւ բոլոր փոխադարձ պահանջները լուծվում էին նախագահների մակարդակով՝ հիմնական մեղքը բարդելով ցածր կոչումով պաշտոնյաների վրա, ապա հիմա երկու պետությունների ղեկավարների միջեւ եւս լարվածությունն աճում է:

Փոխադարձ դժգոհությունները եւ երկու կողմերի բացասական տեղեկատվական դաշտը նոր սկանդալներ են ստեղծում: Դրանցից են, օրինակ, ռուսամետ հրապարակախոսների ձերբակալումը, Լուկաշենկոյի՝ ՀԱՊԿ-ի գագաթաժողովին մասնակցելուց հրաժարվելը, Մինսկի որոշումը բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ: Սակայն դրանցով չի ավարտվում հակամարտությունների ամբողջ ցուցակը: Բելառուսի հետ սահմանային գոտի սահմանելու ԱԴԾ-ի որոշումը դե-ֆակտո նշանակում է անձնագրային վերահսկողություն սահմանել այնտեղ, որտեղ երբեք նման բան չէր եղել: Իսկ Բելառուսն արգելեց երկիր մուտք գործել ինքնահռչակ ԴԺՀ եւ ԼԺՀ անձնագրերով:

Ինչ վերաբերում է նավթի շուրջ ծագած տարաձայնություններին, ապա այստեղ Բելառուսն աննախադեպ քայլ է կատարել՝ Իրանից գնելով նավթ, դրանով ՌԴ գործընկերներին հասկացնելով, որ Մինսկը պատրաստ է փնտրել այլընտրանք ռուսաստանյան նավթի համար:

Հակամարտության սրման աճի մասին վկայում է նաեւ Լուկաշենկոյի մամլո ասուլիսը, որը տեղի է ունեցել 2017թ.-ի փետրվարին: Քաղաքական գործչի ելույթն ավելի շատ զգացմունքային էր, քան քաղաքական: Երբ Բելառուսի նախագահին պաշտոնական Մոսկվայի վերաբերյալ հարց տվեցին, նա գրեթե մեկ ու կես ժամ խոսեց, եւ հետագայում, նույնիսկ երբ հարցերը չէին վերաբերում Կրեմլին, Լուկաշենկոն կրկին խոսում էր ցավոտ խնդրից:

Ահա հիմնական թեմաները՝ կապված Ռուսաստանի հետ, որոնց վրա ուշադրություն դարձրեց Լուկաշենկոն մամլո ասուլիսի ժամանակ.

1.Ռուսաստանը խախտել է նավթի, գազի եւ ընդհանուր սահմանի վերաբերյալ միջազգային պայմանագրերը: Լուկաշենկոն հայտնել է նաեւ, որ դատի է տվել Ռուսաստանին նավթի եւ գազի շուրջ վեճի պատճառով, ԵվրԱզԷՍ-ի մաքսային մարմիններից ետ է կանչել Բելառուսի ներկայացուցչին: Նա նաեւ ասել է, որ չի ստորագրելու ԵվրԱզԷՍ-ի ոչ մի մաքսային օրենք, մինչեւ նավթի եւ գազի հետ կապված բոլոր խնդիրները չլուծվեն: Նախագահի խոսքերով՝ «Ռուսաստանը Բելառուսին չի վերաբերվում որպես անկախ պետության»:

2.Խոսելով Ռուսաստանում բելառուսական ապրանքների արգելքի մասին՝ Լուկաշենկոն հանձնարարեց ՆԳ նախարարին ուսումնասիրել, թե հնարավո՞ր է քրեական գործ հարուցել Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտի նկատմամբ:

3.Ինչ վերաբերում է Բելառուսի տարածքում ռուսաստանյան ավիաբազայի տեղակայման հարցին, ապա դա նույնպես մերժվեց, չնայած, որ վերջին մեկ տարվա ընթացքում Մոսկվան չի էլ պնդել:

4.Ինչ վերաբերում է ԱԴԾ-ի որոշմանը բելառուսական սահմանին վերահսկողության հաստատմանը, ապա Լուկաշենկոն խոստացավ ռուսաստանյան կողմին նույն կերպ չպատասխանել, որպեսզի ավելորդ խնդիրներ չստեղծի ռուսաստանցիների համար:

Եթե վերլուծենք Լուկաշենկոյի ամբողջ ելույթը մամլո ասուլիսի ժամանակ, նա, այնուամենայնիվ, փորձում էր զգուշորեն արտահայտվել, հատկապես Պուտինի հասցեին, դրանով Ռուսաստանի նախագահին հնարավորություն տալով ցանկության դեպքում հաշտեցման գնալ՝ բոլոր խնդիրները վերագրելով ենթականերին:

Սակայն հիմա ամեն ինչ ավելի է բարդացել: Լուկաշենկոյի կեղծ վրդովմունքի պատճառն այն է, որ նա ցանկանում է բանակցությունների սեղանին վերադարձնել նախկին Պուտինին, ով, չնայած փոխադարձ հակակրանքի, միշտ վեճերին տվել է դրական հանգուցալուծում: Հնարավո՞ր է արդյոք, որ այդ ձգձգվող ճգնաժամը վերադարձի որեւէ կետ չունենա: Ավելի շուտ ոչ, քան այո: Երկու երկրների էլիտաներն էլ երկկողմ ինտեգրման համար կպահպանեն բազմաթիվ ձեւաչափեր՝ Միասնական պետություն, ՀԱՊԿ, ԵվրԱզԷՍ եւ ԱՊՀ: Դա ձեռնտու է ինչպես Բելառուսին, ով այդ հարցում տեսնում է տնտեսական հեռանկարներ, այնպես էլ Ռուսաստանին, ով տվյալ իրավիճակում հանդես է գալիս որպես հարեւան երկրների ձգողականության գրավիչ կենտրոն:

Սակայն ամբողջովին վերադառնալ նախկին հարաբերություններին անհնար է: Երկրների միջեւ միշտ էլ լինելու է սեփական շահերն առաջ տանելու պայքարը: Մոսկվան Մինսկին դիտարկում է որպես իր գաղութի նախկին մետրոպոլիա: Այդ պատճառով էլ նրանց համար դժվար է ընդհանուր եզրեր գտնել: Մինսկը Ռուսաստանից պահանջում է հարգել իր ինքնիշխանությունը, ինչը Ռուսաստանը չի կարող տալ իր գործընկերներին:

Էդուարդ Մխիթարյան, Անի Բարսեղյան

Դիտվել է՝