Ադրբեջանին խաղաղություն կարող է պարտադրել հայկական բանակը, ոչ թե միջազգային հանրությունը

zinvor3 (1)

Հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում նկատվող լարվածության աճն ու հրադադարի ինտենսիվ խախտումներն իրենց գագաթնակետին հասան սույն թվականի փետրվարի 25-ին: Հերթական անգամ դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ ադրբեջանական կողմն առնվազն 5 զոհ ունեցավ: 2016թ. ապրիլյան պատերազմից հետո փետրվարի 25-ին տեղի ունեցած հրադադարի խախտման միջադեպը թերևս ամենալայնամասշտաբն ու ամենախոշորն էր:

Առաջնագծում պայթյունավտանգ իրավիճակը ցույց է տալիս, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ու միջազգային հանրության՝ խաղաղություն պահպանելու հորդորները գրեթե ազդեցություն չեն ունենում իրավիճակը լիցքաթափելու ուղղությամբ:

Ավելին, կողմերի միջև ռազմական լարվածության աճը հուշում է այն մասին, որ, այսպես կոչված, «Վիեննայի գործընթացը» տապալված է կամ տապալման եզրին է: «Ապրիլյան պատերազմից» հետո, 2016թ. մայիսի 16-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, համանախագահների և համանախագահող երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների ներկայությամբ տեղի ունեցավ հանդիպում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի միջև: Այս հանդիպումն «ապրիլյան պատերազմից» հետո առաջինն էր։  Վիեննայի հանդիպման գլխավոր ձեռքբերում համարվեց այն, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել հակամարտ կողմերի շփման գծում մշտադիտարկման, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման և  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման վերաբերյալ: Այս քայլերը  հակամարտող կողմերի և միջնորդ երկրների կարծիքով պետք է խթանեին 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործմանը:

Սակայն այժմ գործնականում ունենք մի իրավիճակ, երբ ի հեճուկս բոլոր պայմանավորվածությունների ու համաձայնագրերի, հակամարտող կողմերի միջև Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության պատճառով հրադադարի ռեժիմը չի պահպանվում: Եվ կարծես թե միջազգային հանրությունը որևէ գործուն լծակ չունի Իլհամ Ալիևի վարչակարգի ագրեսիվ քաղաքականությունը զսպելու համար:

Արդեն իսկ կարելի է արձանագրել, որ վաղաժամ էին հայկական կողմի այն պնդումները, որ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածություններն ապրիլյան պատերազմից հետո լուրջ հիմքեր են ստեղծում հրադադարի ռեժիմի պահպանման համար: «Վիեննայի պայմանավորվածություններից» հետո նմանատիպ ագրեսիայի դրսևորումներն ազդանշան են առ այն, որ յուրաքանչյուր պահի կարող է կրկնվել 2016թ. ապրիլը: Այս իրավիճակում Ադրբեջանի ռազմական ամբիցիաների միակ զսպիչ գործուն մեխանիզմը եղել ու  մնում է հայկական բանակը, որի ինտենսիվ զինումն ու տեխնիկական հագեցվածության ապահովումը  կարող է միայն լուրջ երաշխիքներ տալ Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու ուղղությամբ:

 Դերենիկ Մալխասյան

Դիտվել է՝