Ինքնախոստովանական ցուցմունք հանցավոր անգործության մասին

ТЛЛЛЛ

ՀՀ իշխանությունները պաշտոնական հաղորդագրություններով, ՊՆ իրազեկող հայտարարություններով և իշխանությանը սպասարկող լրատվականների միջոցով փաստացի խոստովանեցին, որ ապրիլյան քառօրյա ռազմական գործողությունների արդյունքում ավելի քան հարյուր հայորդիների մահվան մեղքի բաժինն իրենցն է, որ տարիներ շարունակ անգործություն են դրսևորել, որ չէր լինի ապրիլյան ողբերգությունը, եթե երկիրը թաղված չլիներ կոռուպցիայի մեջ, եթե պետական միջոցների թալանն ու անարդյունավետ ծախսերը չհանդուրժեր հասարակությունը, եթե բանակին հատկացվող միջոցները ծառայեին բանակին, այլ ոչ թե հայտնի շրջանակների հարստացմանը:

Յուրօրինակ ինքնախոստովանական ցուցմունք էր պարունակում հատկապես ԱՀ ՊՆ մամուլի ծառայության փետրվարի 25-ին տարածած հաղորդագրության  հետևյալ հատվածը.

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Միևնույն ժամանակ, ՊԲ համապատասխան կառույցների կողմից տրամադրված հավաստի տվյալների համաձայն՝ արևելյան ուղղությամբ նկատվում է հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժեր»:

Հաղորդագրությունում հատուկ շեշտադրված է այն հանգամանքը, որ շնորհիվ տեսադիտարկման սարքերի են հավաստանշել, հրապարակվեցին այդ սարքերի շնորհիվ արձանագրված տեսանյութերը նաև: Խրոխտ առոգանությամբ նույնը կրկնեց նաև Հանրային հեռուստաընկերության լրատվականը՝ հանգամանքը ներկայացնելով այն տեսանկյունից, որ իբրև դասեր են քաղել ապրիլյան պատերազմից և վերազինել են առաջնագիծը խիստ անհրաժեշտ տեսադիտարկման սարքերով:

Իսկ այդ սարքավորումների պակասի մասին ապրիլին տեղի ունեցածից հետո բարձրաձայնեցին զինծառայողները, սպայական անձնակազմը, նշեցին, որ չունեն գիշերային սարքեր, որ կարողանան կանխել դիվերսիոն ներթափանցման փորձերն ու թշնամու առաջխաղացումը, որ ստիպված են շատ տեղերում բավարարվել պահածոների տուփերով և այլն…

Եվ ահա այս խայտառակ իրողությունից հետո հիմա խոստովանում են, որ լավ բան է տեսադիտարկող սարքը, որ դրա շնորհիվ կարելի է ժամանակին հավաստանշել թշնամու շարժը և կարելի է կասեցնել՝ խուսափելով տասնյակ զոհերից:

Իսկ ինչպիսի՞ աղետներից՝ անցած և սպասվելիք, կարելի կլիներ խուսափել, եթե զենքն էլ չլիներ 80-ականների, եթե բահով չկռվեր հայ զինվորը…

Բացի այդ, հարց է առաջանում, թե փետրվարի 24-ին տեսադիտարկող սարքերի՝ ՀՀ սահմանների պաշտպանության գործին տված օգուտի մասին պաշտոնական հաղորդագրության մեջ ներառելիս ի՞նչ ակնկալիք են ունեցել իշխանությունները, ի՞նչ են ակնկալել, երբ այդ մասին իբրև հաջողություն ներկայացնում են լրատվականներն իրենց ռեպորտաժներում:

Կարո՞ղ ենք հետևություն անել, որ ՀՀԿ-ն իր որակներով ունակ է անգամ հակառակորդի դիվերսիոն խմբի ներթափանցման փորձը և սարքերի առկայությունը ծառայեցնել որպես նախընտրական արշավի բաղկացուցիչ մաս: Եթե շեշտադրում են, որ առաջնագիծն արդեն ունի դրանցից, սա նախընտրական PR-ի՞ նյութ է: Եթե գտել են, որ այո, ապա չե՞ն մտածել հակառակի մասին, որ հաղորդագրությունը նախ և առաջ քրեական գործ հարուցելու նյութ կարող է ծառայել, որովհետև հարյուրից ավելի զոհերի հարազատների, և ոչ միայն նրանց, առաջին հարցադրումներն են լինելու՝ իսկ ինչո՞ւ դրանք տեղադրված չէին առաջնագծում 2016 թվականի ապրիլից առաջ, ովքե՞ր պետք է ապահովեին առաջնագիծն այդ սարքավորումներով, որ չեն արել, ո՞ւր են այդ միջոցները, փոխարենն ի՞նչ ուղղությամբ են ծախսվել և այլն… Արդյո՞ք ընդամենը մեկ նախադասությամբ չխոստովանեցին, որ ոչ միայն ապրիլին, այլև դրանից առաջ և հետո բազմաթիվ դիվերսիոն ներթափանցումներից և զոհերից հնարավոր կլիներ խուսափել:

Մինչդեռ իշխանությունները դեռ համարձակվում են խոսել, համարձակվում են նախընտրական քարոզարշավի թեմա դարձնել բանակն ու բանակաշինությունը, երկար խոսել Սերժ Սարգսյանի՝ բանակաշինության գործում «ունեցած ավանդի» մասին (դարձյալ ծավալուն ռեպորտաժ՝ Հանրայինի եթերում)… Ահավասիկ՝ ապրիլյան քառօրյա ճակատամարտը:

 Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝