Բնակարանների գները նախկին ԽՍՀՄ երկրներում

34huge

Ինչպիսի՞ն է անշարժ գույքի շուկայի նկարագիրը հետխորհրդային տարածքի երկրներում, ի՞նչ փոփոխությունների է այն ենթարկվում տարիների ընթացքում եւ ի՞նչ էական տարբերություններ ու ընդհանրություններ կան այդ պետություններում: ԳԱԼԱ-ն դիտարկել է նախկին ԽՍՀՄ 15 հանրապետություններում անշարժ գույքի շուկայում տիրող իրավիճակը՝ 15 երկրների մայրաքաղաքներում՝ Երեւանում, Մոսկվայում, Ռիգայում, Վիլնյուսում, Տալլինում, Կիեւում, Մինսկում, Քիշնեւում, Թբիլիսիում, Բաքվում, Աստանայում, Բիշքեկում, Դուշանբեում, Տաշքենդում եւ Աշխաբադում:

Երևանում  ամենաբարձրը Կենտրոն վարչական շրջանի բնակարանների գներն են, այնուհետ հաջորդում են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները: Ամենաէժան բնակարանները կարելի է ձեռք բերել Նուբարաշեն վարչական շրջանում:

Սպասելի էր, որ այդ ցուցակը գլխավորում է ՌԴ մայրաքաղաք Մոսկվան, թեեւ կենսամակարդակն այնտեղ այնքան բարձր չէ, որքան մերձբալթյան երկրներում: Մոսկվան անշարժ գույքի բարձր գներով առաջինն է հետխորհրդային տարածքում եւ առաջիններից մեկն ամբողջ աշխարհում: Մոսկվայում անշարժ գույքի 1 քառ. մետր մակերեսի միջին գինը կազմում է 2.850 ԱՄՆ դոլար:

2017թ.-ին հունվարին դիտարկված երկրների մայրաքաղաքների տարբեր թաղամասերում բնակելի շենքերի բնակարանների, մասնավոր տների առուվաճառքների /պայմանագրային/ գների եւ առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձեւավորվել են բնակարանների հետեւյալ շուկայական միջինացված գները՝  1 քառ. մետր մակերեսի հաշվարկով:

Ցուցակում տեղ գտած բոլոր քաղաքների պատմական հատվածների շքեղ փենթհաուսների եւ էլիտար առանձնատների 1 քառ. մետրը շատ ավելի թանկ արժե, դրանց գները հաշվարկված չեն աղյուսակի միջինացված ցուցանիշը կազմելիս:СнимокՄերձբալթիկայում ամենաթանկ բնակարաններն Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում են, որին հաջորդում են Ռիգան եւ Վիլնյուսը: 2016թ.-ի դեկտեմբերին բնակարանների գները Տալլինում պատմական ռեկորդային մակարդակի են հասել՝ 1 տարվա ընթացքում արձանագրելով  14,2%-ոց աճ:

Զարմանալիորեն բարձր են գներն Աշխաբադում: Չնայած նրան, որ այդ երկրում զբաղվածության լուրջ խնդիր կա, իսկ միջին աշխատավարձը բավականին ցածր է, Թուրքմենստանի մայրաքաղաքում անշարժ գույքի 1 քառ. մետրի գինը 2.670 ԱՄՆ դոլար է, իսկ ծայրամասերում՝  շուրջ 900 ԱՄՆ դոլար:

Գրեթե նույն մակարդակի վրա են գները Թբիլիսիում, Մինսկում եւ Բաքվում: Այս քաղաքներում գները 2016թ.-ին նախորդ տարվա համեմատ որոշակի աճ են արձանագրել, եւ այդ միտումը պահպանվում է: Այդ նույն ժամանակահատվածում գրեթե անփոփոխ են մնացել գները Երեւանում, Քիշնեւում եւ Դուշանբեում, որտեղ բնակարան կարելի է ձեռք բերել 1 քառ. մետրի համար վճարելով 550-560 ԱՄՆ դոլար:

Գների զգալի աճ է արձանագրվել միջինասիական մեկ այլ մայրաքաղաքում՝ Աստանայում, որտեղ բնակարանի 1 քառ. մետրի դիմաց հարկ կլինի վճարել միջինը 1.120 ԱՄՆ դոլար:

Տարեսկզբին դժվար է ապագայի համար կանխատեսումներ անելը, քանի որ անշարժ գույքի շուկան խիստ անկանխատեսելի է, եւ ինչպես ցույց է տալիս տարիների փորձը, դրա վրա ազդում են բազմաթիվ գործոններ՝ կենսամակարդակը, տնտեսական ճգնաժամերը, սեփական արտարժույթի եւ տարադրամի կտրուկ տատանումները, զբոսաշրջությունը եւ անգամ խոշոր մասսայական  միջոցառումների՝ մարզական առաջնությունների, փառատոնների եւ ցուցահանդեսների անցկացումը:

Դիտվել է՝