«Օգնեք ինձ քայլել, օգնեք ինձ պայքարել այն հույսով, որ երբեւէ կհայտնվեմ ազատության մեջ». ցմահ դատապարտյալի բաց նամակը

cmah2

Օրերս ԳԱԼԱ-ն անդրադարձել էր ցմահ դատապարտյալ Վահագն Մարուքյանի բողոքարկմանը՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի՝ 30.09.2016 թվականի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդագիր չներկայացնելու վերաբերյալ որոշման դեմ, որը Մարուքյանը համարում է անհիմն: Դատարանից նա խնդրել էր վերացնել այդ որոշումը եւ պարտավորեցնել ներկայացնել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդագիր:

Հիշեցնենք, Վահագն Մարուքյանն արդեն շուրջ 24 տարի անազատության մեջ է:

Այժմ Վահագն Մարուքյանը չի կարողանում ինքնուրույն քայլել: Առողջական լրջագույն խնդիր ունի: «Արթիկ» ՔԿՀ-ի վարչական շենքում փետրվարի 11-ին տեղի ունեցավ նրա բողոքի քննությունը, որի ժամանակ ցմահ հաշմանդամ Վահագն Մարուքյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդագիր չներկայացնելու փաստը դատախազը, «Արթիկ» ՔԿՀ-ի ներկայացուցիչը եւ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկը պայմանավորում են այն հանգամանքով, որ Մարուքյանը չի մասնակցում կրթամշակութային, սպորտային միջոցառումների:

ՇՄ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վ. Գրիգորյանը փետրվարի 14-ին որոշում կայացրեց մերժել ցմահ դատապարտյալի փաստաբան Ռոբերտ Ռեւազյանի բողոքը՝ անհիմն լինելու պատճառով:

Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի բնութագիրը դրական է, նշվում է, որ Մարուքյանը բնավորությամբ հանգիստ է, շփվող, ձգտում է կոնֆլիկտներ չստեղծել, մյուս կողմից նշվում է, որ Մարուքյանը ենթակա չէ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման:

cmah

«Օգնեք ինձ քայլել, օգնեք ինձ պայքարել այն հույսով, որ երբեւէ կհայտնվեմ ազատության մեջ»

Մարուքյանն իր բաց նամակում գրում է.

«Անկեղծ ասած՝ ես այլ որոշման չէի էլ սպասում: Ակնհայտ է, թե դատական նիստերն ինչպես են ընթանում՝ մեկը մյուսին հակասելով:

Ես տառապում եմ ռեւմատոիդ արթրիտ հոդերի ընդհանուր հիվանդությամբ, որի հետեւանքով այլեւս չեմ կարողանում քայլել եւ ինքնուրույն որեւէ ֆիզիկական գործողություն անել:

Բժիշկ-մասնագետների պնդմամբ՝ իմ կոնքազդրերի հոդերի աճառները մաշված են, եւ միակ տարբերակը, որ ես հնարավոր է որ քայլեմ, դա երկկողմյա կոնքազդրերի պրոթեզավորումն է, որի ընդհանուր արժեքը կազմում է 8000 ԱՄՆ դոլար: Նախարարությունը հրաժարվում է գումար տրամադրել՝ պատճառաբանելով, որ վիրահատությունը թանկարժեք է եւ պետությունը չի կարող գումար տրամադրել՝ այդ վիրահատությունն իրականացնելու համար:

Մասնագետների ախտորոշման համաձայն՝ իմ հիվանդությունը չորրորդ աստիճանի բարդության է, բուժման ենթակա չէ, այսինքն, վիրահատական միջամտությունն անխուսափելի է:

cmah 1

Հավելեմ նաեւ, որ այս հիվանդությունը նշված է նաեւ կալանք կրելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկում: Ես դիմել եմ նաեւ անկախ բժշկական հանձնաժողովին եւ ստացել եմ պատասխան, իբրեւ այն չի համապատասխանում իրականությանը:

Ես ինքնուրույն ի վիճակի չեմ անգամ հագնել իմ հագուստը, սակայն ինձանից պահանջվում է, որ ես մասնակցեմ ինքնագործ աշխատանքների, սպորտային միջոցառումների, հանրօգուտ աշխատանքների, կրթամշակութային միջոցառումների եւ այլն, մինչդեռ զավեշտն այն է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում ընդհանրապես նման աշխատանք-միջոցառումներ չեն իրականացվում, եւ ըստ էության դատարանն ինձ մեղադրում է գոյություն չունեցող միջոցառումներին մասնակցություն չունենալու մեջ: Սա իսկապես վերջն է…

Միգուցե «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկը համարվում է մշակութային կենտրո՞ն, որից դատապարտյալները մինչ օրս գաղափար չունեին…

Այս ամենն ինձ հիշեցնում է 1993 թվականը, իմ դեմ կազմակերպված սցենարը, երբ ինձ բերման ենթարկեցին ոստիկանության մեղադրանքը չընդունելու պատճառով: Ստիպողաբար ինձ հանեցին բաժնից՝ փողոց: Իբրեւ փախուստ ձեւակերպելով կատարվածը, մի քանի մետր իրենցից հեռու պահելով ինձ՝ կրակեցին իմ ուղղությամբ…

Մինչ օրս Մակարովի գնդակը գտնվում է մարմնիս մեջ:

Սակայն 1994 թվականին Գերագույն դատարանն ընդհանրապես չցանկացավ որեւէ բան լսել այդ մասին:

Ինձ համար հստակ պարզ չէ մի բան, ես չունեմ պատասխանն այս հարցի՝ ես ի՞նչ պետք է անեի, որ չեմ արել:

Ես դիմում եմ բոլոր մեծահոգի մարդկանց՝ օգնության խնդրանքով: Օգնեք ինձ քայլել, օգնեք ինձ պայքարել այն հույսով, որ երբեւէ կհայտնվեմ ազատության մեջ: Դիմում եմ նաեւ բարերար Սամվել Կարապետյանին եւ խնդրում, որ օգնություն ցուցաբերի, որպեսզի կարողանամ վիրահատվել:

2016 թվականի հոկտեմբերի 13-ից գտնվում եմ «Արթիկ» ՔԿՀ-ում: Ինձ անհրաժեշտ դեղորայքով օգնում են ինձ հիմնականում դատապարտյալները»:

Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝