«Ռեժիմի ծառաներն ի լուր աշխարհի հայտարարեցին, որ Սեֆիլյանն ու Ավետիսյանը քաղբանտարկյալներ են»

Սյուզան Սիմոնյան

ԳԱԼԱ-ի հարցազրույցը Հիմնադիր խորհրդարանի մամուլի խոսնակ Սյուզան Սիմոնյանի հետ:

-Տիկին Սիմոնյան, նախօրեին Հիմնադիր խորհրդարանը հայտարարություն տարածեց, որ Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանին «Արմավիր» ՔԿՀ-ի ղեկավարությունն արգելել է կատարել իր գործառույթը և հանդիպել իր պաշտպանյալների հետ: Ի՞նչն էր պատճառը:

-Այո, մեր երկրում ապօրինությունն է իշխում: Սա ոչ միայն մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում և ռեպրեսիաների իրականացում է ապօրինի կերպով ազատությունից զրկված անձանց նկատմամբ, այլև արդեն ոտնահարվում են նրանց պաշտպանների իրավունքները և խոչընդոտվում օրենքով ամրագրված նրանց գործառույթները: Երկրում ոտքի տակ է գցվել օրենքն ու օրենսգիրքը, Սահմանադրությունն ու միջազգայնորեն ընդունված մարդու հիմնարար ազատությունները: Սա աննախադեպ երևույթ է, և կարելի է վստահ հայտարարել, որ մենք կրկին վերադարձ ենք կատարել դեպի մարդկության պատմության անփառունակ էջերից մեկը՝ 37 թիվը: Փետրվարի 14-ի առավոտյան փաստաբանն այցելել է «Արմավիր» ՔԿՀ տեսակցելու իր պաշտպանյալներին՝ Ժիրայր Սեֆիլյանին և Վարուժան Ավետիսյանին: Քրեակատարողական հիմնարկի անվտանգության աշխատակիցները ՔԿՀ պետի տեղակալ Խ. Ավետիսյանի ներկայությամբ մետաղադետեկտոր սարքով ստուգել են իր մոտ առկա փաստաթղթերը և հաստատել, որ այնտեղ որևէ մետաղական կամ այլ արգելված իր գոյություն չունի: Դրանից հետո ՔԿՀ պետի տեղակալ Խ. Ավետիսյանը հարցրել է փաստաբանին, թե արդյոք այդ փաստաթղթերում առկա չեն քաղաքական կոչեր կամ տեքստեր: Խ. Ավետիսյանը և ՔԿՀ պետի տեղակալ Գ. Սիմոնյանը փաստաբանից պահանջել են իրենց տրամադրել նրա մոտ առկա բոլոր փաստաթղթերն ուսումնասիրություն իրականացնելու նպատակով և նաև հայտնել են, որ առանց այդ ուսումնասիրության տեսակցություն հնարավոր չէ իրականացնել: Այսինքն, փաստաթղթերն ուսումնասիրելուց և բովանդակությանը ծանոթանալուց հետո, եթե իրենք համոզվեն, որ դրանք բացառապես քրեական գործերին վերաբերող փաստաթղթեր են, նոր հնարավոր կլինի թույլտվություն ստանալ: Փաստաբանի կողմից մերժում ստանալուց ժամեր հետո նրանք փաստաբանին են հանձնել ՔԿՀ պետի որոշումը տեսակցության արգելքի մասին: Սա միանշանակ ապօրինի, անօրինական միջամտություն է փաստաբանական գործունեությանը և ակնհայտորեն խախտում է փաստաբանական գաղտնիքը պահպանելու «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի պահանջը:

-Ի վերջո, փաստաբանն այդպես էլ հնարավորություն չի՞ ունեցել հանդիպելու պաշտպանյալներին: Նրանց և՞ս չեն ուղեկցել փաստաբանի մոտ: Եվ ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել պաշտպանական կողմը:

-Այո, այդպես էլ փաստաբանի մասնագիտական լիազորությունների իրականացումը տեղի չի ունեցել: Փաստաբանը հանցագործության մասին հայտարարություն է տարածել՝ կապված «Արմավիր» ՔԿՀ-ի պաշտոնատար անձանց ակնհայտորեն ոչ իրավաչափ և կամայական գործողությունների հետ, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 332.3 հոդվածի 1-ին մասով և 309 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմերի մասին, որով խնդրում է քրեական գործ հարուցել և նախաքննություն իրականացնել մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով, քանի որ նա զրկվել է իր պաշտպանյալներին անարգել տեսակցելու հնարավորությունից, ինչի հետևանքով սահմանափակվել է արդյունավետ իրավական օգնություն ստանալու քաղբանտարկյալների իրավունքը:

Նշում եմ քաղբանտարկյալների, քանի որ նրանց ներկայացրած պահանջը, այսինքն՝ փաստաբանական թղթապանակի մեջ առկա փաստաթղթերում քաղաքական կոչերի կամ տեքստերի փնտրտուքն ապացուցում է, որ Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի կալանքն ակնհայտորեն ունի քաղաքական ենթատեքստ, և նրանք քաղաքական բանտարկյալներ են: Որևէ գրպանահատի փաստաբանի թղթապանակում քաղաքական կոչեր կամ տեքստեր ռեժիմը չէր փնտրի: Ուստի դրանով ռեժիմի ծառաներն ի լուր աշխարհի հայտարարեցին, որ Սեֆիլյանն ու Ավետիսյանը քաղբանտարկյալներ են:

- Տիկին Սիմոնյան, ինչո՞վ է բացատրվում իշխանությունների կողմից վերջին ապօրինի գործողություններն, ըստ ձեզ: Այդ գործողությունների շրջանակներում նաև Հաց բերողին՝ Արթուր Սարգսյանին, առանց հիմքերի կալանավորեցին: Այս փաստերը քննարկե՞լ եք, ի՞նչ ենթադրությունների տեղիք է տալիս: Կապ ունե՞ն իրար հետ առհասարակ այս գործառույթները:

-Գիտեք ասացվածքը՝ երկու վախը մեկ մահ է: Հիմա այս ռեժիմն ապրում է իր վախերի ժամանակաշրջանը՝ քաջ գիտակցելով, որ վախերին հաջորդում է մահը: Վստահաբար իրենք էլ գիտեն այդ ասույթը և ամեն վախի հետ փոքրիկ մահ են ապրում: Իսկ Ժիրայր Սեֆիլյան և Վարուժան Ավետիսյան անունները հենց այն մահաբեր հաբերն են, որոնցից սարսափում են: Արթուր Սարգսյանից էլ են սարսափում, քանի որ նրա խիզախությունն ու հերոսական արարքը համընդհանուր սիրո և հարգանքի արժանացավ և սարսափի մեջ գցեց քրեաօլիգարխիկ ոստիկանապետության ներկայացուցիչներին: Նրանք չեն սիրում խիզախներին, նրանք սարսափում են հերոսներից, նրանք ատում են ազնիվներին, քանի որ որքան շատ լինեն նման մարդիկ, այնքան շուտ վրա կհասնի իրենց մահը:

-Տիկին Սիմոնյան, օրեր առաջ նաև տեղեկացել էինք, որ թե Ժիրայր Սեֆիլյանի, թե Վարուժան Ավետիսյանի նկատմամբ ՔԿՀ-ներում պայմանները խստացվել են: Բացի այդ, երկու օր անընդմեջ խուզարկվել է Սեֆիլյանի խուցը և ինչ-որ իրեր են առգրավվել: Ի՞նչ են առգրավել Սեֆիլյանի իրերից և ի՞նչ պատճառաբանություն են ներկայացրել:

-Այո, վերցրել էին ծիծաղաշարժ իրեր որպես արգելված իրերի ցուցակում առկա իրեր, սակայն, հենց իրենց ասելով, վերադարձրել են: Այդ իրերից էին, օրինակ, երկու քաղաքական քարտեզներ: Վերցրել էին առանց գիտակցելու, որ Հայաստանի քարտեզը Սեֆիլյանի ուղեղում է, և նրա ուղեղից քարտեզ հնարավոր չէ հանել: Մի՞թե ծիծաղելի չէ:

Ի՞նչ է ստացվում, որ ՔԿՀ-ի աշխատակիցներն ի վիճակի չեն սերտել արգելված իրերի ցանկը և խուզարկության ժամանակ առգրավում են ինչ պատահի՞, թե՞ անմիջականորեն խանից են հրահանգ ստանում և չեն կարողանում չենթարկվել: Իսկ արդյունքում իրենք են հայտնվում անհարմար իրավիճակում:

- Վերջին անգամ ե՞րբ և ի՞նչ տեղեկություն եք ստացել Սեֆիլյանից և Ավետիսյանից: Նրանց նկատմամբ կա՞ն այլ ճնշումներ: Նրանց հարազատների հետ հանդիպում երբևէ թույլատրվե՞լ է:

-Տեղեկություն, իհարկե, ստացել եմ, նրանց նկատմամբ բացի նշված դեպքերից ճնշումներ տեղի չեն ունենում:

Դյուցազնական կերպարներին պարզապես հնարավոր չէ ճնշել նույնիսկ մենախցերում: Իսկ տեսակցություններն արգելված են:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝