Քաղաքական փոխատեղումներն ու նախընտրական ինտրիգը Շիրակի մարզում

arm136444941288

Շիրակի մարզում ապրիլին սպասվող ընտրությունները խոստանում են լինել սուր մրցակցային եւ ինտրիգային:

Վարդան Ղուկասյան, Արման Սահակյան, Սամվել Բալասանյան, Մարտուն Գրիգորյան… Այս անունները սկսած 2008թ.-ից ընտրական գործընթացներում դաշնակցային եւ մրցակցային թելերով կապվում են իրար հետ:

2008 թ. Գյումրու քաղաքապետի ընտրությունների ժամանակ Վարդան Ղուկասյան-Մարտուն Գրիգորյան զույգը քաղաքական հակառակորդ էր: Բավականին սուր ընտրապայքար, բացահայտումներ, աղմկահարույց հրապարակումներ…

Ընտրությունների արդյունքում անկուսակցական Մարտուն Գրիգորյանը պարտվեց: ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանը վերընտրվեց Գյումրու քաղաքապետ:

2012 թ.-ին քաղաքական պայքարի մեջ մտան ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը, ՀՀԿ-ական Արման Սահակյանը: Չնայած ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիոն գործընկերությանը, Շիրակի մարզում խորհրդարանական ընտրությունները խիստ լարված անցան: Թեժ ընտրապայքար ծավալվեց Շիրակի մարզի թիվ 34 ընտրատարածքում, որը ներառում է Գյումրի քաղաքը:

Մարտուն Գրիգորյանի հետ պայքարում Արման Սահակյանին աջակցում էր հանրապետական քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

Այդ ընտրություններում ՀՀԿ-ական դաշնակիցները պարտվեցին: Այնուհետ Ս. Սարգսյանը թույլ չտվեց Գյումրու քաղաքապետի հերթական ընտրությունների ժամանակ Վարդան Ղուկասյանը պայքարի քաղաքապետի աթոռի համար: Դրանից հետո Ղուկասյանը հայտարարեց ակտիվ քաղաքականությունից հեռանալու մասին: Ավելի վաղ նա հրաժարական էր ներկայացրել ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարի պաշտոնից:

2012թ.-ի քաղաքապետի ընտրությունների ժամանակ քաղաքապետ ընտրվեց թիվ 35 ընտրատարածքից մեծամասնական կարգով պատգամավոր ընտրված ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը: Իսկ թափուր մնացած թիվ 35 ընտրատարածքից վերջապես պատգամավորական մանդատ ստացավ ՀՀԿ-ական գործարար, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ընկեր Արման Սահակյանը:

Չնայած մեծ ցանկությանը՝ Մարտուն Գրիգորյանը չմասնակցեց 2012թ. տեղի ունեցած քաղաքապետի այդ ընտրություններին:

Վերջին 2016թ.-ի հոկտեմբերին տեղի ունեցած Գյումրու ավագանու ընտրություններին Սամվել Բալասանյանն ու Մարտուն Գրիգորյանը պոտենցիալ մրցակիցներ էին: Սակայն այս անգամ էլ Գրիգորյանը չկարողացավ պայքարել Գյումրու քաղաքապետի աթոռի համար, ավելին, ստիպված եղավ աջակցել իր քաղաքական մրցակից Սամվել Բալասանյանի գլխավորած դաշինքին՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններին ակնկալվող աջակցության դիմաց:

Առաջիկա 2017թ.-ի խորհրդարանական ընտրություններում քաղաքական հետաքրքիր փոխատեղումներ են նկատվում:

Կուսակցություններով փոխվել են Մարտուն Գրիգորյանն ու Վարդան Ղուկասյանը: Այժմ Վարդան Ղուկասյանը «Ծառուկյան» դաշինքի կազմում պաշտպանելու է ԲՀԿ-ի շահերը, իսկ Մարտուն Գրիգորյանն իր երբեմնի քաղաքական ախոյաններ Արման Սահակյանի եւ Սուքիաս Ավետիսյանի հետ պայքարելու է հանուն Հանրապետականի:

Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր որդուն՝ Խաչիկ Բալասանյանին, ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում տեղավորել չկարողանալուց հետո պասիվ վիճակում է, սակայն նույնիսկ մեծ ցանկության դեպքում Սամվել Բալասանյանը չի կարող չաջակցել ՀՀԿ-ին:

 

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝