«Ի՞նչ անենք, որ ցմահ ենք, չե՞նք կարա գնանք եկեղեցի, մեր Աստծուն մեր մոմը վառենք…»

cmah

Ցմահ դատապարտյալներին ազատ չարձակելու քաղաքակա՞ն որոշում կա

Հայաստանում շուրջ 20 ցմահ ազատազրկված կրել է պատժի ավելի քան 20 տարին, սակայն որեւէ մեկը վաղաժամկետ ազատ չի արձակվել: Շատ դեպքերում առանց որեւէ հիմնավորման դատապարտյալը մերժման որոշում է ստանում, եւ ստեղծվում է տպավորություն, որ ցմահ դատապարտյալների վերաբերյալ կա քաղաքական որոշում, որ նրանք չպետք է հայտնվեն ազատության մեջ:

«Եթե ավելի խորքային անդրադարձ կատարենք, թե ինչու իրավիճակ չի փոխվում, պետք է անդրադարձ կատարենք դատարանների անկախության խնդրին, դրա հետ կապված մյուս հանգամանքներին, համակցության մեջ մենք հասկանանք իրավիճակը: Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ ընդհանրապես վաղաժամկետ ազատման ինստիտուտը Հայաստանում արդեն չգործող մեխանիզմի է վերածվել: Դրա հետ են նաեւ կապված, որ վերջերս օրենսդրական փոփոխություններ են արվում: Տարեկան ընդամենը 3-4 տոկոսն է, որ ազատ է արձակվում: Դա շատ փոքր ցուցանիշ է: Իսկ հատկապես ցմահների դեպքում մենք կարող ենք ասել, որ չունենք այդ մեխանիզմն այսօր: Չգործելը նշանակում է չունենալ: Իսկ անկախ հանձնաժողովին կարելի է կոչել մերժման հանձնաժողով: Իսկ օրենսդրական փոփոխությունը կարող է լավ աշխատել եւ չաշխատել: Մի բան է լավ օրենք ունենալը, բայց շատ ավելի կարեւոր է օրենքի կիրառությունը: Վատ օրենքով էլ կարելի է շատ լավ պրակտիկա ձեւավորել, եւ հակառակը՝ լավ օրենքով շատ վատ պրակտիկա: Օրենքի լավը լինելը շատ կարեւոր է, բայց ես ավելի եմ կարեւորում գործնական կիրառությունը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը:

Անդրադառնալով մեր այն հարցին, թե որն է ցմահ դատապարտյալներին ազատ չարձակելու քաղաքական որոշման պատճառը, Ռեւազյանը նշեց.

«Չեմ ուզում ավելի խորքային վերլուծություններ անել, բայց ամեն դեպքում այդ քաղաքականությունն այսօր կա, որ իրենք չպետք է ազատ արձակվեն»:

Քրեակատարողական հիմնարկներն ունեն ազատազրկված անձանց հետ ուղղիչ աշխատանքներ իրականացնելու գործառույթ, սակայն այն հանգամանքը, երբ տարեկան վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովը բավարարում է քիչ թվով դիմումներ, իսկ ցմահ դատապարտվածների պարագայում առհասարակ նույնաբովանդակ մերժման որոշումներ են կայացվում, ցույց է տալիս, որ համակարգում առկա են լրջագույն խնդիրներ, որ համակարգը չի կայացել տարիներ շարունակ եւ չի կարողացել ուղղիչ գործառույթը կյանքի կոչել եւ քրեակատարողական հիմնարկից հասարակության գիրկը վերադարձնել նորմալ քաղաքացու:

«Եվրոպական դատարանի նախադեպեր էլ կան, որ ասում է՝ եթե դու չունես որեւէ մեկն ազատ արձակված, ուրեմն համակարգը չի գործում: Բացի այդ, ցմահ ազատազրկման պարագայում ասվում է, որ դու չպետք է դիտես, որ ինքը պետք է մինչեւ իր կյանքի վերջին օրերը մնա բանտում: Դու պետք է շարունակես իր հետ աշխատանքներ կատարել, որպեսզի դատապարտյալը նաեւ հույս ունենա, որ մի օր ինքը կարող է ուղղվել եւ վերադառնալ հասարակություն»,- նշեց փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը:

Վահագն Մարուքյան Ցմահ դատապարտյալ

Վահագն Մարուքյան
Ցմահ դատապարտյալ, «Արթիկ» ՔԿՀ

«Ես չգիտեմ, թե էլ ում դիմեմ». ցմահ դատապարտյալ

Ցմահ դատապարտյալ Վահագն Մարուքյանն արդեն շուրջ 24 տարի անազատության մեջ է: 1994 թվականին դատապարտվել է մահապատժի, հետո փոխվել է դատավճիռը, եւ Մարուքյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման:

Այժմ Վահագն Մարուքյանը չի կարողանում ինքնուրույն քայլել: Առողջական լրջագույն խնդիր ունի: Արթիկ ՔԿՀ-ի վարչական շենքում տեղի ունեցավ նրա բողոքի քննությունը: Վահագն Մարուքյանին դատարանի դահլիճ բերեցին ոչ թե հաշմասայլակով, այլ պլաստմասե աթոռին գամված:

222

33

Մարուքյանը բողոքարկում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի՝ 30.09.2016 թվականի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդագիր չներկայացնելու վերաբերյալ որոշման դեմ, այն համարում է անհիմն: Դատարանից խնդրում է վերացնել այդ որոշումը եւ պարտավորեցնել ներկայացնել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդագիր:

4444

Փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը դատարանին ներկայացրեց առկա հակասությունը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի որոշման մեջ. մի կողմից որպես բնութագիր նշված է, որ ցմահ դատապարտյալը բնավորությամբ հանգիստ է, շփվող, ձգտում է կոնֆլիկտներ չստեղծել, մյուս կողմից նշում է, որ Մարուքյանը ենթակա չէ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման:

Դատախազը հայտարարեց, որ ՔԿՀ-ի որոշումն օրինաչափ է, որովհետեւ Վահագն Մարուքյանը երբեւէ չի խրախուսվել եւ չի մասնակցել հիմնարկի ներսում անցկացվող կրթամշակութային, սպորտային միջոցառումներին: Ռեւազյանը հակադարձեց, որ պետք է հիասթափեցնի դատախազին, քանի որ քրեակատարողական հիմնարկի ներսում միջոցառումներ չեն անցկացվում, եւ բացի այդ, պետք է դիտարկել նաեւ այն հանգամանքը, թե երկրորդ կարգի ցմահ հաշմանդամ ճանաչված անձը, ով չի կարողանում քայլել, ի՞նչ սպորտային կամ կրթամշակութային միջոցառումների կարող է մասնակցել:

Ցմահ դատապարտյալը եւս հաստատեց, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում «անցկացվող միջոցառումների» մասին միայն որոշումների մեջ է կարդում:

«Ես ասում եմ գրավոր եմ պահանջում հիմքերը, թե ինչու եք մերժում: Գրավոր ինձ տրամադրում են, ընդհանրապես վատ ոչ մի բան չկա գրված: Ես նախարարություն դիմում եմ գրում իրենց տված հիմքերով, բողոք եմ գրում, գիտե՞ք ինչ պատասխան է գալիս՝ աշխատանքներին չի մասնակցում: Հիմա հարց է առաջանում. էդ ամեն ինչը, որ հիմնարկում նշվում ա, արդյո՞ք էդ հիվանդանոցում նման բաներ կատարվում ա: Աշխատանքային գործողություններ, կրթամշակութային, սպորտային եւ այլն… Չեմ իմանում, եսիմ ինչեր ա գրված: Ստեղ հեքիաթները գրում են, բայց հիմնարկում նման բաներ գոյություն չունեն: Հոգեբանին կանչում եմ, ասում եմ՝ սա քո գրածն ա, ստեղ էն, ինչը որ գրել ես, էս հիմնարկում ի՞նչն ա ստեղ կատարվում: Ինչը չեմ ես արել, որ պետք է անեի: Սպորտային միջոցառումները… ես ի՞նչ պտի անեի: Պտի գնամ բասկետբոլ խաղա՞մ, եթե լինի: Ասում ա՝ շախմատ: Ասում եմ՝ ես շախմատ խաղալ չեմ իմանում, ախպեր ջան: Ես դոմինո եմ, ասենք, կարող խաղալ: Կամ հանրային աշխատանք են ասում: Ես պետք է գնամ հայա՞թ ավլեմ, շինարարություն ու գաջ քաշե՞մ: Ես ի՞նչ պետք ա անեմ: Ու այդ բնութագրում ընդհանրապես նշված չէ, որ ես հիվանդ եմ, հաշմանդամ եմ: Ոչ մի տեղ նշված չէ: Ու ես մնում եմ անհասկանալի վիճակում, ես չգիտեմ, թե էլ ում դիմեմ»,- դատարանին ներկայացրեց ցմահ դատապարտյալ Վահագն Մարուքյանը:

Այն, որ խրախուսանքի չի արժանացել դատապարտյալը, սա օրենսդրական բաց է համարում Ռոբերտ Ռեւազյանը, որովհետեւ չկա սահմանում, թե անձն ի՞նչ գործողություններ իրականացնելուց հետո կարժանանա խրախուսանքի: Բացի այդ, արդյոք դրական չէ արդեն այն հանգամանքը, որ անձը կոնֆլիկտային չէ, հարցադրում է փաստաբանը:

55555«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի որոշումն օրինաչափ համարեց նաեւ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչը՝ եւս նշելով, թե կրթական եւ սպորտային միջոցառումների չի մասնակցել, իսկ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից ներկայացուցիչ չէր եկել դատարան:

Ցմահ դատապարտյալը դատարանին ներկայացրեց՝ թանկարժեք վիրահատություն է իրեն հարկավոր, թանկարժեք դեղորայք, որը, սակայն, պետությունը չի տրամադրում, բացառությամբ որոշ դեղամիջոցների: Սրանք խնդիրներ են, որոնց լուծման ելքը չի երեւում: Զավեշտն այն է, որ որպես մերժման պատճառ քրեակատարողական հիմնարկը նշում է նաեւ այն, որ դատապարտյալը չի մասնակցել ջրօրհնեքի արարողությանը: Ռեւազյանը հայտարարեց, որ դա չի կարող լինել մերժման հիմք, որ թեեւ չի խորհրդակցել իր պաշտպանյալի հետ, բայց հնարավոր է, որ անձն այլ կրոնական հայացքներ ունենա, իսկ պարտադրանքը դեմ է ՀՀ սահմանադրությանը, մտքի եւ խղճի ազատությանը:

6666«Ո՞նց թե հրաժարվել եմ մասնակցել ջրօրհնեքի արարողությանը: Ես օրական կռիվ էի անում, ասում էի՝ եկեղեցի են կառուցել, մի հատ հանեք գնանք մոմ վառենք: Մենք էլ ենք մարդ: Դու ցմահ ես, ասում են, է հա, ի՞նչ անենք, որ ցմահ ենք, չե՞նք կարա գնանք մեր եկեղեցին, մեր Աստծուն մեր աղոթքն անենք ու մեր մոմը վառենք: Երբ որ մերժման պատճառը հարցնում ես, թե ուրիշ ի՞նչ հիմք կա, տեսնում են՝ ուրիշ տարբերակ չկա, ասում են՝ նախագահը չի թողնում: Ես չեմ հասկանում, նախագահը էլ բան ու գործ չունի՞, ընկել ա մեր հետեւից: Դիմել եմ նախարարություն, որ իմ վիրահատության հարցը լուծվի: Միանշանակ պատասխանել են, որ թանկարժեք վիրահատություն է, եւ պետությունը չի ֆինանսավորում: Մոտ 8000 դոլարի հետ է կապված: Ես էլ ի վիճակի չեմ ու սենց մնացել եմ…»,- նշեց Վահագն Մարուքյանը:

Պատժի ընթացքում երկու կարգապահական խախտում է թույլ տվել: Ցմահ դատապարտյալը դատարանին ներկայացրեց, որ շուրջ 10 տարի առաջ, երբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից չեն տեղափոխել վիրահատության, ինքն աղմուկ է բարձրացրել, իսկ երկրորդ դեպքը՝ 2003թ. խուզարկության արդյունքում խափանված հեռախոս է հայտնաբերվել, որը կամավոր հանձնել է: Այլ կարգապահական խախտումներ չի ունեցել անցած 24 տարիների ընթացքում: Դատապարտյալը խնդրեց դատարանին հաշվի առնել բոլոր հանգամանքները, ներկայացրեց, որ 6 տարի է արդեն, որ չի կարողանում ինքնուրույն շարժվել, եւ գնալով ավելի է վատթարանում վիճակը:

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի փետրվարի 14-ին:

Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝