Այսօր 180 փաստաբան գործադուլ է անում

pastaban boxoq

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, փաստաբանների գործադուլի օրն է: Շուրջ 180 փաստաբան միացել է գործադուլի՝ այսպիսով բողոքելով դատարաններում եւ քրեակատարողական հիմնարկներում ապօրինի զննությունների ու խուզարկությունների դեմ:

Հայտարարությունում, որը տարածել են գործադուլի մասնակցող փաստաբանները, մասնավորապես ասվում է.

«Այս հայտարարությանը միացող փաստաբաններս, ի նշան փաստաբանի մասնագիտության եւ փաստաբանության անկախության եւ հեղինակության դեմ իրականացվող գործողություններին մեր անհամաձայնության, 2017թ. սեպտեմբերի 13-ին հայտարարում ենք բողոքի ակցիա (պայմանականորեն՝ գործադուլ), հրաժարվելով մասնակցել այդ օրը նշանակված դատական նիստերին:

Նման քայլով մենք նպատակ ունենք արտահայտել մեր բողոքը Հայաստանում փաստաբանության հեղինակության եւ փաստաբանի մասնագիտության՝ իրավապաշտպանության նկատմամբ վերաբերմունքի այնպիսի անհանդուրժելի դրսեւորումների դեմ, ինչպիսին է փաստաբանների եւ նրանց մասնագիտական ու անձնական տիրույթների եւ պատկանելիքի անձեռնմխելիության նկատմամբ ոտնձգությունները։

Որեւէ հիմնավորման բացակայության, ինչպես նաեւ դատարանների, փաստաբանի մասնագիտական պարտականություններն իրականացնելու հետ կապված այլ պետական կառույցների վարչական շենքերում արգելված իրերի ցանկի բացակայության պայմաններում, զննության թիրախ են դարձվել փաստաբանները։ Համապատասխան տեխնիկական հագեցվածության բացակայության պայմաններում, շատ դեպքերում զննությունը վեր է ածվում խուզարկության, ինչը անթույլատրելի է ու ստորացուցիչ։ Տպավորություն է ստեղծվում, որ փաստաբանների պարագայում գործում է օրինախախտի կանխավարկած:

Ցավալիորեն փաստում ենք պետական իշխանության ներկայացուցիչների կողմից իրավիճակը շտկելու ուղղությամբ գործողություններ ձեռնարկելու ցանկության բացակայությունը։ Ավելին` հատուկենտ քննչական մարմինների, դատարանների շենքեր մուտք գործելիս իրականացվող ապօրինությունը միտում ունի տարածվելու։

Մենք ձեռնպահ ենք մնում տեղի ունեցածի կապակցությամբ իշխանությանն ուղղված պահանջներ կամ կոչեր հնչեցնելուց՝ նման գործելաոճը նախկին փորձի հիման վրա անարդյունավետ եւ անօգուտ համարելով: Մենք սույն հայտարարությանը միանալով եւ նշանակված օրը մեր բողոքով փաստում ենք վերը նկարագրված իրականությունը՝ դրանից բխող բացասական հետեւանքների կանխման նպատակով քայլ կատարելու կամք դրսեւորելու հարցը թողնելով դրա պարտականությունն ունեցող իրավասու մարմիններին:

Այս հայտարարությանը միանալով եւ գործադուլի օր հայտարարելով, մենք, բնականաբար, մեր վստահորդների (պաշտպանյալների եւ այլ շահառուների) իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով չենք դադարեցնելու նրանց ներկայացնելը՝ այդ օրը դատական նիստերի անհետաձգելիության դեպքում»:

Դիտվել է՝