Մեր զինծառայողներն արժանի չեն նման հոսպիտալում բուժվելու

haykuhi

«էս ի՜նչ պայմաններում է մեր տղան բուժվում». ինչո՞ւ պետք է լավագույն տղաները բուժվեն ամենավատ հաստատությունում

Եթե որոշակի առումով 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված անձինք կամ զոհերի ընտանիքները հայտնվեցին հասարակության ուշադրության կենտրոնում, նույն վերաբերմունքը չկա նախքան ապրիլյան իրադարձությունները հաշմանդամություն ձեռք բերած անձանց նկատմամբ: Պատշաճ ուշադրության բացակայությունը հանգեցրել է նրան, որ շատերն այսօր գամված են հաշմանդամության սայլակին, մինչդեռ եթե ժամանակին կազմակերպվեր գրագետ օգնություն, զինծառայողը ստանար պատշաճ վերականգնողական բուժօգնություն, բոլորովին այլ արդյունք կլիներ:

«Աջակցություն վիրավոր զինվորներին եւ զոհվածների ընտանիքներին» նախաձեռնության անդամ, լրագրող Հայկուհի Մինասյանի կարծիքով, ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում վիրավորված տղաների եւ նախկինում վիրավորված զինծառայողների նկատմամբ պետության կողմից վերաբերմունքը բացարձակապես նույնն է: Պարզապես քառօրյա ռազմական գործողությունների ժամանակ հասարակությունն այլ կերպ արձագանքեց՝ ֆինանսական օժանդակություն տրամադրելով զոհերի եւ վիրավորների ընտանիքներին:

«Ապրիլյան պատերազմի վիրավորներն էլ նույն վիճակում են հայտնվում մի քանի օր անց այդ փառքից հետո, ինչ նախորդները: Անգամ հաշմանդամության կարգերի ուշացումը, վերականգնողական անհատական ծրագրերի միջոցով ստացվող օգնությունները ստանալու համար նույն բարդություններին են հանդիպում: Այսինքն, կարելի է վստահ ասել, որ պետության համար տարբերություն չկա՝ որ թվականին է զինծառայողը վիրավորվել: Սակայն նախքան ապրիլյան պատերազմը վիրավորվածները, կարելի է ասել, հասարակության ուշադրությունից են դուրս մնացել, այդ իսկ պատճառով իրենց խնդիրներն ավելի շատ են:

Թե՛ ապրիլյան պատերազմի ժամանակ, թե՛ դրանից առաջ եւ հետո վիրավորված տղաները բոլորն էլ պառկել են Մուրացանի զինվորական հոսպիտալում, որն իր կենցաղային պայմաններով Հայաստանի ամենավատ հաստատությունն է: Այնտեղ անգամ 24-ժամյա ջրամատակարարում չկա: Բազմաթիվ են եղել ծնողների բողոքները, թե էս ի՜նչ պայմաններում է մեր տղան բուժվում. ինչո՞ւ պետք է լավագույն տղաները, կոպիտ ասած, բուժվեն ամենավատ հաստատությունում: Զինծառայողներն արժանի չեն նման հոսպիտալ ունենալու եւ նաեւ այդ բժիշկները, ովքեր 24 ժամ փրկում են մեր տղաների կյանքերը, իրենք եւս արժանի չեն այդ պայմաններին: Բացի այդ, առաջնային բուժօգնությունից հետո խնդիր է առաջանում վերականգնողական բուժման, հետվիրահատական տարբեր գործընթացների անհրաժեշտություն է զգացվում, սակայն, ասենք, Ոսկեպարից կամ Ոսկեվանից վիրավոր զինծառայողների համար դժվար է ամեն անգամ գնալ-գալ, իսկ մարզերում հաճախ են տղաներին ուղարկում Երեւան, եւ մարդիկ անգամ գումար չունեն, որ հոգան ճանապարհածախսը:

Բացի այդ, մարդն, ով չի քայլում, ուղեկցվող հիվանդություններ են առաջանում, շատ ծանր հիվանդություններ, մարմինն է ոսկրանում… Մենք ունենք զինհաշմանդամ, ով այսօր արդեն այն աստիճանի է հասել, որ միայն ձեռքերն ու գլուխն է շարժում: Այնինչ չի բացառվում, որ եթե ժամանակին ստանար պատշաճ բուժօգնություն, տղան կկարողանար քայլել: Մենք ունենք կույր զինհաշմանդամ, ով 31 տարեկանից 1994 թվականին կուրացել է, այնուհետեւ ինսուլտ է ստացել, այս մարդը երեւի իր սենյակից երկու տարի շարունակ անգամ դուրս չէր եկել, բաղնիք չէր գնացել, քանի որ սենյակի դուռը նեղ էր, անգամ սայլակ չուներ: Կնոջ խոսքերն եմ կրկնում, որ երբ փորձել են տեղի զինկոմիսարիատից գումար խնդրել, ասել էին՝ դիմիր նախարարություն, այն ժամանակ 10.000-ական դրամ էին տալիս, հետո կրճատեցին: Հարցրել էր՝ ի՞նչ ֆինանսական օգնություն կարող ենք ստանալ, ասել էին՝ երբ որ ամուսինդ մահանա՝ 100.000 դրամ կստանաս: Այսինքն, բացարձակ եւ բացառիկ անտերություն է տիրում այս ոլորտում: Զինհաշմանդամների վիճակը ծայրահեղ ծանր է: Պետության կողմից որեւէ մեկի հանդեպ վերաբերմունք, կարելի է ասել, չի փոխվել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում իր մտահոգությունները հայտնեց Հայկուհի Մինասյանը:

1111

Մուրացանի զինվորական հոսպիտալ

Շատ զինհաշմանդամներ մնացել են այն վիճակում, ինչպես տարիներ առաջ դուրս են գրվել հիվանդանոցից: Հաճախ չեն կարողանում օգտվել այն արտոնություններից, որոնցից օրենքով կարող են օգտվել, ասենք, դեղորայք, պրոթեզներ եւ այլն:

Մեզ մոտ գործում է փող տալու եւ + դնելու սկզբունքը

Կատարված սխալները հաշվի առնելով՝ համապատասխան մարմինները դասեր քաղո՞ւմ են, թե՞ ոչ: Անդրադառնալով այս հարցին՝ Հայկուհի Մինասյանը հարկ համարեց նշել ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանի մասին, ով այժմ բժշկական համալսարանի ռեկտորն է, եւ Հերացու հիվանդանոցային համալիրի մի մասը ծառայում է որպես վերականգնողական կենտրոն զինհաշմանդամների համար:

«Պատերազմի օրերին հայտնվեց նաեւ կինեզիստների խումբ (Դավիթ Արսենյան, Դավիթ Պարյան), ովքեր կամավորության սկզբունքով սկսեցին աշխատել մեր տղաների հետ, ոտքի կանգնեցրին բազմաթիվ տղաների, նրանք նաեւ համաձայնվեցին միանալ մեր թիմին ու փորձել աշխատել տարբեր տարիներին վիրավորում ստացած տղաների հետ: Արկադի Մկրտչյանը վառ օրինակ: Տասը տարի շարունակ սայլակին նստած լինելուց հետո նա արեց առաջին քայլերը»:

Արկադի Մկրտչյանը քայլում է

Արկադի Մկրտչյանը քայլում է

Տեղի ունեցող գործընթացը կարեւորում է այն առումով, որ սկիզբ է դրվել վերականգնողական բուժման ինստիտուտի կայացմանը: Կան ծրագրեր՝ վերապատրաստել մարզերում գործունեություն ծավալող մասնագետներին, որպեսզի բուժման նպատակով քաղաքացիները ստիպված չլինեն հասնել Երեւան:

Հայկուհի Մինասյանը գտնում է, որ օգնության բովանդակային կազմակերպման խնդիր կա: Հարկավոր է հստակ հաշվարկ իրականացնել՝ ճի՞շտ է արդյոք տարիներով օգնություն տրամադրել զինհաշմանդամին, ով նորմալ բուժօգնություն չի ստացել:

«Եթե դու զինհաշմանդամի համար ծախսում ես, ասենք, տարեկան 1 մլն դրամ, 10 տարում դու ծախսում ես 10 մլն դրամ: Պետությունն այդ գումարը ծախսում է, սակայն կարող է ավելի արդյունավետ ծախսել միջոցները: Ասենք, կարող է առաջին փուլում մեկ տարի վերցնել զինհաշմանդամին հսկողության տակ, տալ համապատասխան բուժօգնություն, տանը ստեղծել համապատասխան կենցաղային պայմաններ, ստեղծել աշխատելու հնարավորություն, վերադարձնել նրան հասարակություն, եւ միգուցե այդ մարդն առհասարակ այդ թոշակի կարիքն էլ չունենա: Մեզ մոտ գործում է փող տալու եւ + դնելու սկզբունքը: Առկա ռեսուրսներով, առկա բյուջեով՝ տարբեր ոլորտներին տրված, որոնք ուղղվում են զինհաշմանդամներին, միանշանակ կարելի է շատ ավելի արդյունավետ այդ գումարները ծախսել:

Եթե հետեւություններ արած լինեինք, կարող էին այդ ներկայացուցչական ծախսերի հաշվին հսկայական օգնություն ցուցաբերել: Մենք 2 տարվա ընթացքում 14 սանհանգույց ենք կառուցել առանց որեւէ խոշոր հովանավորության, հավաքված գումարներով բազմաթիվ տղաների վերականգնողական բուժմամբ ենք զբաղվել: Եվ վստահ եմ՝ եթե այդ բյուջեի կառավարումը մենք նախագծեինք, այդ նույն բյուջեով, առանց գումարի ավելացման հնարավոր էր հազարապատիկ ավելի օգնություն հասցնել տղաներին:

Սխալ է, որ զինհաշմանդամներին առնչվող օրենքները գրում են մարդիկ, ովքեր տեւական ժամանակ զինհաշմանդամի հետ շփում չեն ունեցել, հարյուր տուն չեն այցելել»,- նշեց Հայկուհի Մինասյանը:

Պետք չէ տարանջատել՝ արցախյան, ապրիլյան, չապրիլյան, հունիսյան, հուլիսյան…

Ազգ-բանակ կապն ամրապնդելու համար կարծես այլ ելք չգտնվեց, քան 1000-ական դրամ հավաքելը: Արդյո՞ք զինհաշմանդամների ընտանիքներին հատկացվելիք գումարով հնարավոր կլինի առկա խնդիրներին լուծում տալ:

«Զոհված ազատամարտիկների պարագայում հասանելիք գումարները՝ 5 մլն դրամը եւ բարձր կենսաթոշակները, շատ դրական եմ գնահատում: Եթե մենք այդքան հարկ մուծում ենք, այդ 1000 դրամն էլ կմուծենք: Դա չէ ինձ համար քննարկման թեմա:

Սակայն ինձ համար տարօրինակ էր այն, որ օրենքն ինչ-որ ձեւով չի տարածվում մինչ 2017 թվականը վիրավորված տղաների վրա: Նրանք էլ հայ են, եւ իրենց էլ թուրքն է խփել, եւ պետք չէ տարանջատել՝ արցախյան, ապրիլյան, չապրիլյան, հունիսյան, հուլիսյան…

Այդպիսի տերմիններն ամենամեծ սխալն են: Շատ ավելի ճիշտ կլիներ, եթե գոնե 20 տոկոսով բարձրացվեին կենսաթոշակները:

Իսկ զինհաշմանդամների համար կենսաթոշակներն, այո, պարտադիր պայման են, սակայն դա խնդիրը չի լուծելու, եթե մարդը չի հասկանում՝ իրեն ինչ բուժում է պետք, որովհետեւ ինքը հեռավոր գյուղից է, ինքը գնալու եւ այդ գումարը ծախսելու է շատ անէական բաների վրա: Այնպես որ, գումար տալը հերթական + դնելն է:

Սակայն, այնուամենայնիվ, կենսաթոշակների բարձրացումը գոնե կհերիքի, որպեսզի ավելի արժանապատիվ կյանք ունենան զինհաշմանդամները:

Ամփոփելով ես կարող եմ ասել, որ մենք ունենք այսօրվա դրությամբ մեկ խնդիր՝ նոր զինվորական հոսպիտալի կառուցում, որը կկարողանա ընդունել բազմաթիվ զինծառայողների, զինհաշմանդամների, այսինքն, գերծանրաբեռնված չի լինի եւ կլինի Հայաստանի Հանրապետության լավագույն հիվանդանոցը, որը երբեւէ կառուցվել է: Նման պայմաններում եթե մենք կարողանանք մեր զինվորներին բուժել եւ ունենանք համապատասխան վերականգնողական կենտրոն, որտեղ ոչ միայն առողջապահական, այլեւ կրթական ծրագրեր կլինեն, այդ պարագայում մենք կարող ենք ասել, որ պետությունը հետագայում խոշոր գումարներ կրճատելու է: Համար առաջին խնդիրն այսօր զինվորական նոր հոսպիտալն է, դրանից հետո նոր կարելի է խոսել մյուս հարցերի մասին»:

Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝