«Համակարգի կյանքի թելը կտրված է». Վ. Ավետիսյանի հոդվածն «Արմավիր» ՔԿՀ-ից

varujan avetisyan

Անկախ դեպքերից և դեմքերից, գործընթացները ծավալվում են հանուն կամ ընդդեմ համակարգի հետագա կյանքի: Վաղ թե ուշ՝ Սերժ Սարգսյանը կզոհաբերվի հանուն համակարգի: Նա այնքան է իրեն նույնացրել համակարգի հետ, որ իր նկատմամբ համատարած ատելությունը պրոյեկտվում է համակարգի վրա:

Իրականում նրանք նույնն են, և երկրորդ մեկը չկա, որ այդքան նույնական լինի համակարգին: Հենց այդ երևույթի բացահայտումն էլ անհանգստացնում է համակարգի տերերին և նրա շնորհիվ դիրք ու կարողություն ձեռք բերած խամաճիկներին: Նաև՝ դրանց ակնկալիքն ունեցող պատեհապաշտներին: Մոլորյալ անգիտակիցներին էլ Աստված օգնի:
Ապրիլյան քառօրյան բարկացրեց, իսկ Սասնա Ծռեր»-ի ապստամբությունը կտրեց համակարգի կյանքի թելը:

Ազգային գիտակցությունը դանդաղ, հաճախ սայթաքելով ու ճանապարհից շեղվելով, սակայն կայուն ընթացքով հաղթահարում է տարիների ինքնախաբեության կեղծիքի եւ սահմանափոխության խճճված ցանցի արգելքները եւ շուտով դուրս կգա այդ տիրույթից:
Այդպես կլինի, որովհետև ազգային ոգու ներկայիս վիճակը դրական իմաստով անհամեմատելի է առայժմ տիրող իրականության հետ: Նրա ուժին, նրա պոռթկման զորությանն այս խարխուլ համակարգը չի կարող դիմանալ:

Կյանքը և ժամանակը «պահածոյացնելու» փորձերն իզուր են: Դրանք շատ կարճ տևողություն ունեն, քանի որ անմիջապես արտացոլվում են կենսական պահանջմունքերի գիտակցության «հայելու» մեջ և, բացահայտվելով որպես կեղծիք, կորցնում են իրենց ազդեցությունը:
Ավելին, համակարգը վերածվել է «Շագրենի կաշվի»: Որքան նրան փրկելու փորձեր են անում, այնքան նա թուլանում և նվազում է, իսկ եթե չանեն, կպայթի: Կործանումն անխուսափելի է:

Մենք երկու խնդիր ունենք.

1) արագացնել և ավարտին հասցնել համակարգի կործանումը և

2) պատրաստ լինել, Ժիրայր Սէֆիլյանի պատկերավոր արտահայտությամբ ասած՝ բռնելու դրոշակն ընկնելու պահին:

Ընդվզումը, անկախ դրա բնույթից և գործողություններից, պարտադիր պայման է այդ խնդիրները լուծելու համար:

«Սասնա Ծռեր» խմբավորման խոսնակ՝ Վարուժան Ավետիսյան, «Արմավիր» ՔԿՀ

Դիտվել է՝