«Տեղեկություններ հայտնի չեն, քանի որ Աբրահամյանի հետ դեռեւս կապ չունենք». ՀՀԿ-ում տեղյակ չեն, որ Հ. Աբրահամյանը լքում է ՀՀԿ-ն

hovik abrahamyan

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հաստատել է տեղեկություններն այն մասին, որ ինքը պատրաստվում է լքել ՀՀԿ-ն: Աբրահամյանն ասել է, որ պատրաստվում է վաղը հայտարարել այդ մասին:

Սակայն ՀՀԿ կենտրոնական գրասենյակում դեռ տեղյակ չեն Հ. Աբրահամյանի կուսակցությունից դուրս գալու մասին:

«Դիմում դեռ ՀՀԿ կենտրոնական գրասենյակը չի ստացել որպես այդպիսին: Տեղեկություններ հայտնի չեն, քանի որ Աբրահամյանի հետ դեռեւս կապ չունենք եւ չենք ճշտել»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հարցերով պատասխանատու Ռ. Թադեւոսյանը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ վերջին նիստին եւս Հ. Աբրահամյանը չէր մասնակցում, Է. Շարմազանովի խոսքերով՝ գտնվում էր ՌԴ-ում: Որից հետո մամուլը տեղեկություններ տարածեց, որ Հ. Աբրահամյանը ՌԴ մեկնել է սեփական նախաձեռնությամբ եւ հանդիպում է  ունեցել ՌԴ վարչապետ Դ. Մեդվեդեւի հետ: Տեղեկություններ կային նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի հետ Մոսկվայում հանդիպումների մասին:

Երբ Ռ. Թադեւոսյանին հարցրինք, թե ինչ է նշանակում «կապ չենք ունեցել», Մոսկվա այցից հետո՞ կապ չեն ունեցել ՀՀԿ-ականները  Հ. Աբրահամյանի հետ, Թադեւոսյանը հստակեցրեց.

«Կապ ունենք, խոսել ենք հետը, այսօր շնորհավորել ենք նաեւ, այսօր Հ. Աբրահամյանի ծննդյան օրն է  նաեւ: Բայց հարցն այն է, որ այդ թեմայով չենք խոսել, այդ թեմայով առաջինը ձեզանից ենք իմանում: ՀՀԿ կենտրոնական գրասենյակ դեռ չի հասել դիմում, երբ որ հասնի մենք էլ կհրապարակենք»:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝