«Խրիմյան Հայրիկից հետո էլ մեր շերեփը թղթե շերեփ է: Եկեք միասին կռենք այն երկաթե շերեփը, որի անունն է Հայաստանի Հանրապետություն»

Снимок

ԵԼՔ դաշինքի համաժողովին ԼՀ-ից Հայկ Կոնջորյանը հանդես եկավ ոչ միօրինակ ելույթով: Նա ամբիոնի մոտ ելույթի ներկայացավ երկաթե շերեփով:

Եվ իր ելույթը սկսեց կառուցել Խրիմյան Հայրիկի խոսքերով.

«Երբ Խրիմյան Հայրիկը Բեռլինից ձեռնունայն վերադարձավ, այն ժամանակ ասաց.

Բոլոր հպատակ ազգերի համար բաժանվում էր հոգեճաշ հարիսա: Դուք ինձ ուղարկել էիք հարիսա բերելու, դուք ինձ ուղարկել էիք դրա համար, բոլորը եկան ու իրենց երկաթե շերեփներով տարան, ու երբ որ ես ուզեցի վերցնել, իմ շերեփը թղթից էր ու լխճվեց մնաց հարիսայի մեջ: Ու ես վերադարձա ձեռնունայն: Դրանից հետո անցել է 139 տարի, բայց հայկական շերեփը դեռ երկաթից չէ»:

Ըստ ԼՀ անդամ Կոնջորյանի՝ երկաթե շեշեփը միայն հզոր բանակը չէ, միային հզոր տնտեսությունը չէ եւ միայն հզոր կառավարման համակարգը չէ:

«Ուրեմն ո՞րն է այն երկաթե շերեփը, որը մինչեւ հիմա մենք չենք ստեղծել:

Հայաստանի անկախացումից հետո մեր երկիրը լքել է ավելի քան միլիոն 200 հազար մարդ: Դա հավասար է 2000 հատ այսպիսի դահլիճի: Ինչո՞ւ են հեռացել, որովհետեւ չե՞ն սիրել իրենց հայրենիքը, ո՛չ, նրանք հեռացել են, որովհետեւ բոյկոտել են այն պետական կարգը, որը հաստատված է Հայաստանում, նրանք բոյկոտել են աղքատությունը, անհավասարությունը, բոյկոտել են զոռբայությունն ու իշխանական տգիտությունը:

Հայրենիքից չեն հեռացել, այլ պետությունից: Եվ հայրենիքն առանց պետության նման է թղթե շերեփի, ուրեմն երկաթե շերեփն ուժեղ պետությունն է:

Ինչո՞ւ ենք մեր պետությունը վստահում այնպիսի մարդկանց, ովքեր կառավարման հետ ունեն նույնքան առնչություն, որքան անասնաբույժը համակարգիչների հետ»:

Հայաստանն, ըստ ելույթ ունեցող երիտասարդ կուսակցականի, կարող է ունենալ երկու ճանապարհ. առաջինն այսօրվա իրականության շարունակությունն է, երկրորդն այն է, որ հաջողվի առողջացնել Հայաստանի հիվանդ քաղաքական համակարգը.

«Կստեղծենք պետություն, որը կդառնա ոչ թե բեռ, այլ կդառնա հնարավորություն:

Մենք առաջարկում ենք ելք դեպի այս երկրորդ ճանապարհը:

Մենք առաջարկում ենք ելք յոլա գնացող Հայաստանից դեպի զարգացող Հայաստան:

Եկեք միասին կռենք այն երկաթե շերեփը, որի անունն է Հայաստանի Հանրապետություն, որի միջոցով կաթսայից վերցնելու ենք մեր բաժին հարիսան, մեր բաժին ազատությունը եւ երջանկությունը»:

sasunԱյնուհետ ելույթի խոսքով հանդես եկավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, ԵԼՔ դաշինքի անդամ Սասուն Միքայելյանը, ով խոսքն հղեց գաղափարակիցներին ու մարտական ընկերներին՝ հիշեցնելով, որ ազատ Հայաստան ու Արցախ ստեղծել ենք, բայց պետություն՝ դեռ ոչ:

«Մեր պատմությունը մաքառումների անվերջանալի մի մատյան է, որի վերջին փառավոր եւ արյունոտ էջը բաժին ընկավ մեր սերնդին: Դա Արցախյան գոյամարտն էր ու հայոց անկախ պետականության ստեղծումը: Մենք ունենք ազատ հայրենիք, սակայն գրեթե երկու տասնամյակ այս բանդայի շնորհիվ մեր երկիրը չի ընթանում առաջընթացի ուղիով:

Գնալով խարխլվում է ժողովրդի ջանքերի գնով ձեռք բերվածը, ժողովրդավարությունը նահանջ է ապրում, ունենք ծայրագույն վիճակ տնտեսության մեջ:

Հանրապետության յուրաքանչյուր նորածին արդեն պարտք ունի եւ պոտենցիալ պարտապան է:

Հայաստանը բոլորիս երկիրն է, եւ ԵԼՔ դաշինքը Հայաստանի նկատմամբ պարտք ու պարտականությունից ելնելով միավորել է դաշնակից ուժերին, անհատների քաղաքական անհատական մտքի ներուժը եւ ՀՀ քաղաքացիների աջակցության ակնկալիքով վստահորեն մտնում է երկրում կայանալիք ընտրությունների պայքարի մեջ՝ համոզմունքով, որ ներկա վիճակից ԵԼՔ-ը կարող է ելք գտնել»:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝