Մինչ ՀՀ ԱԳՆ-ն կլռի, ստիպված պետք է լսել նման արտահայտություններ Զախարովայից

854973

ԳԱԼԱ-ն զրուցել է փորձագետ, հրապարակախոս Դենիս Դվորնիկովի հետ:

-Պարոն Դվորնիկով, հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշի մարզում, դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի կողմից ձեռնարկված դիվերսիայի վերաբերյալ անհասցե հայտարարություններ արեցին ՀԱՊԿ-ն, հետո նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը: Ինչպե՞ս եք գնահատում այս երկու կառույցների հայտարարությունները:

-Նախ և առաջ ես պարոն Բորդյուժայի հայտարարությունը չէի համարի անհասցե: Փաստացի նա ստանձնեց համարձակություն և, ի պատասխան Ադրբեջանի ակնհայտ ագրեսիայի, հայտարարություն տարածեց, որը նշանավորվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դե ֆակտո ճանաչմամբ: Հաշվի առնելով քաղաքական իրողությունները, դա բավականին համարձակ քայլ էր: Բյուրոկրատական և դիվանագիտական լեզվով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիշատակումն առանց չակերտների և վերապահումների արդեն բազմանշանակ քայլ է:

Վստահ եմ, որ հայտարարությունն արտոնված էր: Անգամ Մինսկը և Աստանան չհամարձակվեցին ուղղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, իբրև թե ոչինչ չի եղել: Փաստացի, Ադրբեջանը և՛ Բելառուսին, և՛ Ղազախստանին դրեց նման իրավիճակի մեջ:

Միևնույն ժամանակ կա տեղեկատվություն, որ Մոսկվայից Բաքու է ուղարկվել ծայրաստիճան կոշտ ազդակ տեղի ունեցած սադրանքի հետ կապված:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի արձագանքին, ապա վաղուց ժամանակն է հարմարվել այդ կառույցի աշխատանքային ոճին:

-Այսինքն, ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հայտարարության բովանդակությունը սպասելի՞ էր:

-Իրավիճակը չափազանց արտասովոր էր: Ռազմական ագրեսիա մեկ սուվերեն երկրի կողմից՝ մյուսի նկատմամբ: Լիակատար լռությունը կնշանակեր սեփական դեմքի լիակատար կորուստ: ԵԱՀԿ-ի չինովնիկներն ընտրեցին արձագանքելու լղոզված տարբերակը:

Միևնույն ժամանակ պետք չէ անտեսել մեկ այլ կարևոր պահ՝ կազմակերպության կողմից հակամարտության գոտում իրականացվող մոնիթորինգը: Ադրբեջանն անում է ամեն ինչ, որպեսզի թույլ չտա հակամարտության գոտում օբյեկտիվ դիտարկում իրականացնել, ի տարբերություն Հայաստանի, որը ցուցաբերում է ադեկվատ դիրքորոշում:

Ենթադրում եմ, որ ԵԱՀԿ-ն պարզապես վախենում է նման իրավիճակում վիճաբանել Բաքվի հետ: Եվրոպացի չինովնիկները կարծում են, թե գործում են պրագմատիկ: Բայց վստահ եմ, որ վաղ թե ուշ նրանք կհամոզվեն, որ անիմաստ է թաքցնել իրական ագրեսորի գործողությունները լղոզված բառային կառուցվածքներով:

-Այս դեպքում ի՞նչ եք կարծում՝ կա՞ արդյոք այլընտրանք Մինսկի խմբին:

-Այս պահի դրությամբ՝ ոչ: Բայց դա չի նշանակում, որ չպետք է ձգտել զարգացնել այս ձևաչափը: Առաջին հերթին պետք է հասնել նրան, որ Արցախը դառնա բանակցային կողմ՝ և՛ իշխանությունները, և՛ հոգևոր, և՛ ազգային փոքրամասնությունները:

-Ի՞նչ եք կարծում, ՀԱՊԿ-ի մոտեցումը կարո՞ղ է էապես ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա, փչացնել այն:

-Սա շատ ակտուալ հարց է: Մի կողմից Հայաստանի ներկայությունը ՀԱՊԿ կազմում կարևոր հաղթաթուղթ է Ադրբեջանի հետ առճակատման հարցում: Բայց մյուս կողմից կան մեծ քաղաքական ռիսկեր: Առաջին հերթին դրանք կապված են այն բանի հետ, որ Մոսկվայում լիարժեք չեն հասկանում հայ հասարակության տրամադրությունները: Նրանք չեն ցանկանում լսել շատ կարևոր և արդարացի փաստարկներ:

Եվ դա վերաբերում է ոչ միայն ՀԱՊԿ-ին, այլ նաև եվրասիական կառույցին՝ ամբողջությամբ:

Այսօր այն գործում է շատ թույլ, առանց գաղափարական առանցքային հենքի: Եվ եվրասիական կառույցի նման պասիվությունը, հայկական ուղղությամբ ռուսաստանյան դիվանագիտության կողմից վարվող քաղաքականությունը կարող է թանկ արժենալ: Ի՞նչ անի Հայաստանը: Իմ մոտ վաղուց է հասունացել այդ առաջարկը: Ինչո՞ւ հայերը չզավթեն եվրասիական նախագծի մտավոր և գաղափարական օրակարգը: Այո, Հայաստանը շատ փող չունի, ինչպես Ղազախստանը կամ Ռուսաստանը: Բայց ինտելեկտուալ պոտենցիալը շատ մեծ է: ԵվրԱզէս-ին այսօր չի բավականացնում բովանդակալից գործունեությունը: Եվ թող այդ կառույցի ինտելեկտուալ կենտրոնը լինի Երևանը: Բացի այդ, Հայաստանն ունի անվիճելի առավելություններ, ի տարբերություն մյուս գործընկեր երկրների՝ լավ հարաբերություններ Եվրամիության, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ: Հարկավոր է պակաս զգացմունքայնություն և ավելի շատ պրագմատիզմ, ավելի շատ քաղաքական համարձակություն:

Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել ողբերգական միջադեպ: Մենք ելնում ենք նրանից, որ երկու կողմերը կարող են իրենց մեջ գտնել ուժ, իմաստություն և, անկասկած, դիվանագիտական միջոցները, օգտագործել բոլոր հնարավորություններն այս բարդ իրավիճակին լուծում տալու համար: Լուծման բանալին գտնվում է երկու կողմերի ձեռքում»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով դեկտեմբերի 29-ին Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հարցին: Այս հայտարարության վերաբերյալ Ձեր կարծիքը:

-Զախարովայի հայտարարությունը նման է Ադրբեջանին փոքրիկ գդալով տրվող հանգստացնող դեղամիջոցի՝ Բորդյուժայի հայտարարությունից հետո: Իրականում դա հերթապահ շուտասելուկի է նման:

Պետք չէ դրան մեծ կարևորություն տալ: Մյուս կողմից, ցանկալի կլիներ լսել ՀՀ արտգործնախարարության պատասխանը, որը Մարիային հստակ կհասկացներ, թե ինչ է իրականում տեղի ունեցել սահմանին և թե ինչու չի կարելի հավասարության նշան դնել ագրեսորի և տուժածի միջև:

Մինչ ՀՀ ԱԳՆ-ն կլռի, ստիպված պետք է լսել նման արտահայտություններ Զախարովայից:

 

Արմենուհի Վարդանյան

 

Դիտվել է՝