ՀՀ կառավարությունն, ամենայն հավանականությամբ, ձախողեց հայ-իրանական երկաթուղու ծրագիրը

Vahan_Martirosyan_slider

ՀՀ կառավարության նիստի ժամանակ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրեց նախագիծ «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲ ընկերությունը լուծարելու մասին։ Այդ նպատակով 15-օրյա ժամկետում կստեղծվի լուծարման հանձնաժողով։

Ըստ նախագծի հեղինակների՝ դրա նպատակն է պետական կառավարման ապարատի օպտիմալացումը, ինչպես նաև պետական կառավարման մարմնին վերապահված գործառույթների արդյունավետ իրականացման և ծախսերի նվազեցման հանգամանքը:

Սա արդյոք չի նշանակում, որ հայ-իրանական երկաթուղու ծրագիրը գնալով ի չիք է դառնում:

ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո հիմնականում այս հարցն էր հետաքրքրում լրագրողներին:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Վահան Մարտիրոսյանը ճեպազրույցի ժամանակ, սակայն, հայտարարեց, որ «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲ ընկերության լուծարումը չի նշանակում, որ հայ-իրանական երկաթուղու պրոեկտը տապալվեց: Ըստ նախարարի՝ նախարարության կազմում գործում է երկաթուղու վարչություն: Այդ գործընթացը կարող է վարել երկաթուղու վարչությունը:

Հարցին, թե իսկ ինչ փուլում է երկաթուղու շինարարությունը, Մարտիրոսյանը պատասխանեց, որ դեռ հարցը գտնվում է քննարկումների շրջանակներում:

Հիշեցնենք, որ հայ-իրանական երկաթուղու կառուցման մասին խոսվում է արդեն մի քանի տարի շարունակ, Վահան Մարտիրոսյանի նախորդը՝ Գագիկ Բեգլարյանը, վստահորեն հայտարարում էր, որ ծրագիրն իրականություն է դառնալու: Սակայն Վահան Մարտիրոսյանը ցանկությունների ավելի ցածր հավակնություններ ուներ, ասաց, որ շատ կցանկանար, որ այդ ծրագիրն իսկապես իրականություն դառնար:

Երաշխիքների մասին հարցին էլ նախարարը պատասխանեց.

«Աշխատում ենք այդ ուղղությամբ, բոլորս ենք հասկանում, որ դա հեշտ ծրագիր չէ, դրա համար բոլոր ներդրողների հետ առանձին քննարկում ենք: Մենք ունենք ստորագրված պայմանավորվածություն մեկ ներդրողի հետ եւ շարունակում ենք նրա հետ քննարկումը»,- ասաց Վ. Մարտիրոսյանը՝ այդպես էլ չբարձրաձայնելով այն միակ շահագրգիռ ներդրողի կամ կազմակերպության անվանումը:

Արդյոք այս կառույցն իրական չի համարում կառավարությունը եւ 11 հոգու աշխատանքն ավելորդ է համարում, եւ երկրորդ՝ Հայաստանի տնտեսությունը, ներդրումային միջավայրն ինչքանո՞վ է նպաստավոր հայ-իրանական երկաթուղու կառուցման համար:

Նախարարը նաեւ ժամկետներ չկարողացավ մատնանշել, միայն վստահեցրեց, որ ծրագիրը կառավարության հսկողության տակ է:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե մտավախություն չկա՞, որ այլ երկրներ կսկսեն բանակցել Իրանի հետ, օրինակ՝ Ադրբեջան, Վրաստան, եւ Հայաստանը դուրս կմնա այդ ծրագրից ընդհանրապես, Մարտիրոսյանը դարձյալ լավատեսորեն պատասխանեց.

«Տարբեր երկրներ տարբեր ծրագրեր ունեն, կառուցում են: Դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է չգնա իր ծրագրի կատարմանը: Ինչո՞ւ եք կարծում, որ անիմաստ կարող է լինել:

Տրանսպորտային փոխադրումներ այսօր կատարում են եւ Թուրքիայով, եւ Ադրբեջանով, եւ Հայաստանով: Դա նոր ուղի է, չեմ կարծում, որ կարող ենք դուրս մնալ:

Մոտավոր հաշվարկներով այդ ծրագրի համար 3.2 մլրդ է, բայց շատ կոպիտ հաշվարկ է: Քննարկվում է երկու ուղղություն՝ դեպի Սեւան եւ դեպի Երասխ»:

Բաքու – Թբիլիսի – Կարս երկաթուղու շինարարությունն ավարտվում է եւ շուտով կգործարկվի, իսկ Հայաստանը դուրս մնաց: Իսկ այս ռազմավարական նշանակության ծրագիրը՝ Իրան  – Հայաստան երկաթուղու ծրագիրը, եւս վատ վիճակում է: Ինչո՞ւ, հարցին նախարար Մարտիրոսյանը պատասխանում է.

«Ներդրումային ծրագիրն այնտեղ ավելի արագ է իրականացվել»:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝