«Ժառանգության» փոխնախագահը ՔՊ վարչության անդամին հրավիրում է թեյելու, իսկ վերջինս նպատակահարմար է համարում հրապարակային քննարկումը

новый коллаж

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն, ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արարատ Միրզոյանի բաց նամակի, նրան հրավիրում է մտերմիկ զրույցի թեյի շուրջ:

«Նախ ասեմ, որ յուրահատուկ իրավիճակ է, որովհետև երբևիցե չեմ ստացել բաց նամակ: Սա իմ առաջին բաց նամակն է կյանքում: Ասեմ, որ Արարատ Միրզոյանի մտահոգությունն ինձ համար ընդունելի է, բայց որոշ դրույթների հետ համաձայն չեմ: Եվ իր կուսակցության ղեկավարությանը և դաշինքի ղեկավարներին հայտնի է և՛ Ժառանգության մոտեցումը, և՛ իմ մոտեցումը, որ մենք լայն կոնսոլիդացիայի կողմնակից ենք: Եվ հետո քանի որ մտերմիկ ձևով է նամակը շարադրել ՔՊ վարչության անդամ Ա. Միրզոյանը, ես իրեն պատասխանում եմ, որ պատրաստ եմ զրուցել իր հետ՝ թեյի շուրջ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց «Ժառանգության» փոխնախագահը:

Արմեն Մարտիրոսյանը վերահաստատեց իր դիրքորոշումը, որ «Ժառանգությունը» որևէ խնդիր չունի ԵԼՔ դաշինքի քաղաքական ընդդիմադիր ուժերի հետ, տեսնում է համագործակցության եզրեր ԵԼՔ-ի և «Ժառանգության» միջև: Սակայն գտնում է, որ անհրաժեշտ է ստեղծել ավելի ուժեղ ընդդիմադիր բևեռ, որը կարող է հակակշիռ լինել իշխանություններին:

ԳԱԼԱ-ի հարցին՝ իսկ որքանով է հավանական նման ընդդիմադիր բևեռի ստեղծման գաղափարի իրականացումը, այն դեպքում, երբ կարող ենք ասել, որ, օրինակ, ՔՊ-«Համախմբում» միավորում մեկ դաշինքում գրեթե անհնար է, Մարտիրոսյանը պատասխանեց.

«Ես կարծում եմ, որ մենք ամեն մեկս էլ մեր քաղաքական գործունեության ընթացքում ինչ-որ սխալ կատարել ենք և մի փոքր պետք է ներողամիտ գտնվենք միմյանց նկատմամբ և առաջ շարժվենք: Հետո կլինեն այլ ժամանակներ, որ կկարողանանք պայքարել մեկս մյուսիս դեմ»:

ՔՊ վարչության անդամ, երեկվա բաց նամակի հեղինակ Արարատ Միրզոյանը գտնում է, որ խնդիրները, որոնց մասին քննարկելու են, միջանձնյա տիրույթում գտնվող հարցեր չեն, այլ բաց, հրապարակային քննարկում են պահանջում: Ուստի աննպատակահարմար է համարում թեյի շուրջ նման քննարկումներ ծավալելու առաջարկը:

«Արմենի հետ թեյելու և քաղաքական գործընթացներ քննարկելու խնդիր վստահաբար չունենք և դա կարող ենք անել ցանկացած պահի։ Այո, ես Արմենին գրել եմ որպես հին բարեկամ, բայց առաջ քաշված հարցադրումներն այնքան էլ միջանձնային հարաբերությունների տիրույթից չեն։ Դրանք էական նշանակություն ունեն ընդդիմության հետագա ճակատագրի և դրանով իսկ իշխանափոխության հնարավորության մեծացման համար։ Ի հավելումն՝ ես վստահ եմ, որ քաղաքական գործընթացները պետք է լինեն առավելագույնս թափանցիկ և հրապարակային»,- ասում է Միրզոյանը:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝