ՀՀԿ-ն Վանաձորի ավագանու հետ կապված թնջուկը կձգձգի, եւ խնդիրը կլուծվի խորհրդարանական ընտրություններից հետո

as-2

Վանաձորում քաղաքական առումով շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման գնահատական հնչեցրեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ով եւս Վանաձոր քաղաքից է եւ շատ մեծ ուշադրությամբ հետեւել է Վանաձորի ավագանու ընտրություններին եւ դրանից հետո ստեղծված իրավիճակին եւ քաղաքական երեք ուժերի բոյկոտին:

«Այն, որ երեք կուսակցությունների կողմից ստորագրվեց նամակը եւ այն ուղարկվեց կառավարություն, սա արդեն կարեւոր է, որովհետեւ կուսակցությունները, որոնք ստորագրեցին այդ դիմումի տակ, նշանակում է պահպանել են այդ հարցում իրենց դիրքորոշումը: Եվ ոչ միայն պահպանեցին, այլ համաձայնեցին համատեղ գրություն ուղարկել կառավարություն»:

Հիշեցնենք, որ այսօր Վանաձորի ավագանու նիստերը բոյկոտող երեք կուսակցությունների ստորագրությամբ դիմում ուղարկվեց ՀՀ կառավարությանը, որով հղում անելով օրենքին՝ պահանջ էր ներկայացվում լուծարել ավագանու կազմը եւ նշանակել նոր ընտրություններ Վանաձորում:

Ըստ Սաքունցի՝ կասկածելի է այն, որ կառավարությունը հակված է ընդհանրապես օրինական ճանապարհով մոտենալու այդ խնդրի լուծմանը:

Արթուր Սաքունց

Արթուր Սաքունց

«Մյուս կողմից սա նաեւ կառավարության համար փորձաքար է, հանրության առջեւ իր դիրքորոշումը ներկայացնելու առումով: Որովհետեւ հանրության մոտ կար, իմ խորին համոզմամբ, չհիմնավորված ակնկալիքներ կառավարությունից, եւ հանրային ընկալումների այդ փորձաքարը կհանդիսանա երեք կուսակցությունների դիմումի եւ դրա հիման վերաբերյալ ընդունված որոշումը: Ես, իհարկե, կարծում եմ, որ վերջին հաշվով ոչ թե իրավական, այլ քաղաքական որոշում է կայացվելու»:

Ըստ իրավապաշտպանի՝ եթե կայացվի իրավական որոշում, միանշանակ է, որ պետք է ավագանու գործունեության ժամկետը կրճատվի եւ նոր ընտրություններ նշանակվեն: Սակայն կասկած չկա, որ ՀՀ կառավարությունը ոչ թե իրավական ճանապարհով է որոշում կայացնելու, այլ քաղաքական:

«Հետեւելով ՀՀԿ-ական ներկայացուցիչների ելույթներին, մեկնաբանություններին՝ նրանք նպատակ ունեն հետաձգել այս հարցը, վիճակը պահպանելու մինչեւ խորհրդարանական ընտրությունների ավարտը: Ապրիլի 10-ին նոր քաղաքական իրավիճակում հնարավոր է, որ այսօրվա ստորագրած կուսակցությունները հայտնվեն տարբեր տեղերում: Այդ առումով տեղական Վանաձորի ավագանիում ունեցած պայմանավորվածությունները կարող են եւ փոխվել: Հույսն իշխանություններն ամբողջովին դրել են քաղաքական իրավիճակի փոփոխության վրա»:

Հատկանշական է, որ եւ՛ ՀՀԿ ներկայացուցիչները, եւ՛ դիմումը կառավարությանը հասցեագրող կուսակցությունների ներկայացուցիչները, հղում անելով օրենքին, տարբեր վարկածներ են պնդում: Ըստ ՀՀԿ-ականների՝ կառավարությունը չի կարող լուծարել ավագանին, իսկ ըստ տեղական դաշինքի ներկայացուցիչների՝ իրավասու է եւ կարող է:

«Սա ճիշտ կրկնում է այն իրավիճակը, որ գոյություն ունի Գյումրիում, ուղղակի այլ խնդրի հետ կապված: Օրենքի տարընթերցումների հետ կապված հերթական մի դրվագ ենք արձանագրում: Ամբողջ խնդիրն այն է, թե հիմա կառավարությունն ինչպես է դուրս գալու այս իրավիճակից: Վերջին հաշվով, սա ոչ թե կուսակցությունների խնդիրն է, այլ կառավարության:

Բնականաբար, եթե «Լուսավոր Հայաստանի» փոխարեն լիներ ՀՀԿ-ն, ապա ակնհայտ ՀՀԿ կառավարությունն ընդունելու էր Հանրապետականի շահերից բխող որոշում: Կայացնելու էր որոշում՝ կրճատել ավագանու գործունեությունը, որպեսզի նոր ընտրությունների միջոցով իրավիճակը բարելավի:

Բայց քանի որ իրենց շահերից չի բխում ավագանու լիազորությունների ժամկետի կրճատումը, կառավարությունը կկայացնի այլ որոշում»:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝