Ողբերգություն կլինի իշխանություններին իրական այլընտրանքի բացակայությունը

սեռ

«Ռեյտինգային քվեարկությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ քողարկված մեծամասնական համակարգ»,- նշում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Նորայր Նորիկյանը՝ շարունակելով, որ ռեյտինգային քվեարկության պայմաններում պատուհան է բացվելու բոլոր նրանց համար, ովքեր ունեն կասկածելի հեղինակություն, քրեածին հակումներ, լոկալ ազդեցություններ, ֆինանսական ահռելի ռեսուրսներ, որոնց գործադրման միջոցով էլ փորձելու են ազդել ընտրությունների ելքի վրա:

«Մեծ հաշվով, ինձ հետաքրքիր չէ, թե այսօր ով է իշխանությունը և ով ընդդիմությունը: Ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե ապրիլի 2-ին ժողովուրդն ում կընտրի որպես իշխանություն և ով կդառնա ընդդիմություն: Վստահ եղեք՝ եթե ժողովուրդը գտնվի իր տեղում և իր դիրքում, որևէ ուժ չի կարող հօգուտ իրեն արձանագրել իրեն չպատկանող հաղթանակը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց փաստաբանը:

Հարցին, թե արդյոք քաղաքացին կկարողանա՞ անել դա, կկարողանա՞ անել այնպես, որ իրապես Հայաստանում իշխանությունը պատկանի ժողովրդին, Նորայր Նորիկյանը նշեց.

Նորայր Նորիկյան

Նորայր Նորիկյան

«Բարդ հարց է, սակայն բոլոր դեպքերում պետք է լավատես լինել և հույս ունենալ, որ հասարակությունը կցուցաբերի քաղաքացիական կեցվածք և իսկապես կյանքի կկոչի Սահմանադրության 2-րդ հոդվածը, համաձայն որի՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ես հեռու եմ այն մտքից, որ իշխանության կողմից արվելու է ամեն ինչ՝ օրինական ընտրություններ անցկացնելու համար: Հակառակը, ցանկացած իշխանություն ցանկանում է վերարտադրվել՝ երբեմն միջոցների միջև խտրություն չդնելով: Հասարակության խնդիրն էլ այն է, որ թույլ չտա այդպիսի զարգացում և իր քվեով ինքը ձևավորի իր լեգիտիմ իշխանությունը: Ինչ կլինի ապրիլին՝ կապրենք, կտեսնենք»:

Առաջիկա խորհրդարանական ընտրությունները լինելու են միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, անդրադառնալով ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին, օրեր առաջ ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց. «ԵՄ-ն հատկացրել է մինչև 7 մլն եվրո գումար՝ ի աջակցություն Հայաստանի իշխանություններին՝ կազմակերպելու և անցկացնելու ընտրությունները լավագույն միջազգային չափորոշիչներով: Եվ եթե համադրելու լինենք այս աջակցությունը Գերմանիայի և Միացյալ Թագավորության կողմից առանձին ազգային աջակցությունների հետ, ապա կստացվի, որ 90 տոկոս արտաքին ներդրումային աջակցությունը ձևավորվել է Եվրամիության կողմից՝ ի աջակցություն ընտրությունների կազմակերպման»:

Ապա դեսպանը հավելեց, որ «սրանք լինելու են որոշիչ ընտրություններ երկրի ապագայի համար», որին ուշի ուշով հետևելու են:

Մեր այն հարցին, թե արտաքին ազդեցությունը որքանո՞վ կսթափեցնի իշխանություններին, Նորիկյանը նշեց.

«Ես երբեք չեմ գերագնահատել արտաքին ազդեցությունները: Մենք պետք է գիտակցենք, որ միջազգային հանրությունը հաշվի է նստելու այն արձանագրումների հետ, որոնք կատարվելու են ընտրությունների արդյունքում: Փորձը ցույց է տվել, որ միջազգային հանրության հորդորներից ոչ մեկն էլ չի սթափվում: Իմ կարծիքով, սթափվելու խնդիր ունի ոչ թե իշխանությունը կամ ընդդիմությունը, այլ առաջին հերթին հասարակությունը: Քանի չենք գիտակցել, որ ընտրությունների ելքը պետք է պայմանավորված լինի բացառապես ժողովրդի կամքով, ոչ մի արտաքին սթափեցում մեզ չի փրկելու:

Անդրադառնալով ներքաղաքական խմորումներին, ընդդիմադիր դաշտի միավորման հեռանկարին և հարցին, թե հնարավո՞ր է այնպիսի բևեռ ձևավորել, որ քաղաքացին այլընտրանք տեսնի գործող ռեժիմին, տեսնի հստակ բաժանարար գիծ և տարբերակի՝ սա իշխանություն է, սա ընդդիմություն, Նորիկյանը նշեց, թե քաղաքականության մեջ երբեք պետք չէ ասել երբեք կամ բացառել որևէ զարգացում: Բայց կարծում է, որ խնդիրը դրա մեջ չէ.

«Մենք տեսել ենք մեր պատմության ընթացքում ընդդիմության բազմաթիվ միավորումներ, որոնք վերջնարդյունքում կատարյալ ձախողման են ենթարկվել: Բացի այդ, պետք չէ թերագնահատել հասարակությանը: Նա շատ ավելի լավ հասկանում է, թե ով է իշխանությունը, ով ընդդիմությունը և ովքեր են խաղում այդ դաշտերի արանքում:

Իշխանության այլընտրանքի ձևավորման գործընթացն իրականում ավելի խորքային պրոբլեմներ ունի իր մեջ, քան մենք պատկերացնում ենք: Նախևառաջ պետք է արձանագրել, որ իշխանությունից դժգոհելը կամ նրան անխնա քննադատելը դեռևս այլընտրանք չէ: Այլընտրանք ասելով ես հասկանում եմ, որ դրան հավակնող ուժը կներկայացնի պետական կառավարման փիլիսոփայության այլընտրանքային մոդել, որի հաջողության պայմաններում Հայաստանը կբռնի իսկապես այլընտրանքային զարգացման ուղի՝ ապահովելով պետության անվտանգության անխաթարությունն ու բնականոն զարգացումը, ինչպես նաև արտաքին ու ներքին մարտահրավերների չեզոքացումը: Տեսնելով այն ուժերին, ովքեր այսօր փորձում են հայտ ներկայացնել իշխանությունը վերցնելու կամ գոնե խորհրդարան անցնելու, և գնահատելով նրանց ռեսուրսները, պետք է նշեմ, որ այս պահին ես այդ հարցում այդքան էլ լավատես չեմ, թեև ինձ համար, որպես ՀՀ քաղաքացու, ողբերգություն է իրական այլընտրանքի բացակայությունը: Չնայած, կապրենք՝ կտեսնենք: Անգամ մեկ օրվա մեջ հնարավոր է շատ բան փոխվի: Հույս ունեմ, որ իշխանությունն ինքն էլ է գիտակցում, որ իր այլընտրանքի բացակայությունը վերջիվերջո հանգեցնելու է պետության ու հասարակության դեգրադացիային ու հարատև լճացմանը»:

Նորայր Նորիկյանի կարծիքով, եթե այս ընթացքում չի հաջողվի ստեղծել իշխանությանն իրական այլընտրանքային ուժ, դա կնշանակի, որ գոյություն ունեցող քաղաքական համակարգի ճգնաժամը տևական է ու շարունակելի, իսկ հետևանքները՝ պետության ապագայի նկատմամբ հավատի շարունակական կորուստ՝ դրա բոլոր բացասական դրսևորումներով հանդերձ…

Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝