Իտալիայի պատվո հյուպատոսը հրաժարվում է իր ստորագրությունից եւ հյուպատոսարանի գոյությունից. դատական հայց՝ ընդդեմ Անտոնիո Մոնտալդոյի

aaa

2006 թվականին կինոռեժիսոր Արման Մազմանյանն ընդունվել է աշխատանքի Իտալիայի պատվո հյուպատոսարան՝ որպես հյուպատոսական ծրագրերի համակարգող: 2015 թվականին նրան առանց որեւէ հիմնավոր բացատրության բանավոր տեղեկացրել են, որ ազատված է աշխատանքից: Երբ Արման Մազմանյանը գրավոր դիմել է հյուպատոսարան՝ խնդրելով տրամադրել ազատման հրամանը, ինչպես նաեւ տեղեկություններ՝ աշխատանքից ազատման հիմքերի եւ պատճառների վերաբերյալ, ոչ մի պատասխան չի ստացել:

«Աշխատանքային գրքույկի մեջ ազատման հրաման ես չունեմ: Իմ պահանջը դա է, որպեսզի ես ունենամ ազատման հրաման: Ես աշխատանքային գրքույկի մեջ ունեմ ընդունման հրաման, բայց չունեմ ազատման հրաման»,- նշեց Արման Մազմանյանը:

Միայն դատարանի միջոցով հյուպատոս Անտոնիո Մոնտալդոն հայցադիմումի պատասխան է ուղարկել եւ նշել, որ Մազմանյանի աշխատանքային գրքույկի մեջ իր կողմից տրված հրամանի տակ դրված ստորագրությունն իրենը չէ, մինչդեռ ստորագրության կողքին դրված է նաեւ կնիք: Ավելին, հյուպատոսը նշում է, որ առհասարակ գոյություն չի ունեցել հյուպատոսարան եւ չունի:

11111 22222

Արման Մազմանյանը դատարանում պատրաստվում է ներկայացնել ծանրակշիռ ապացույցներ այն մասին, որ հյուպատոսարան եղել է եւ կա: Դիմել է նաեւ դատախազություն, որպեսզի պարզաբանի, թե ինչպես եղավ, որ բոլորին հայտնի Իտալիայի պատվավոր հյուպատոսարան կար, իսկ հիմա պաշտոնապես հերքվում է կառույցի գոյությունը, իբրեւ չի եղել եւ հիմա էլ գոյություն չունի:

Արտգործնախարարության կայքի հյուպատոսություններ բաժնում նշված է, որ Գյումրիում կա Իտալիայի Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակ, նշված է հասցեն՝ Գորկու փող., նրբանցք 3, տուն 36, զետեղված են նաեւ պատվավոր հյուպատոսի տվյալները:

333333

Սակայն նշենք, որ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով 2016 թվականի դեկտեմբերի 5-ի պետական միասնական գրանցամատյանում Իտալիայի պատվո հյուպատոսարան գրանցված չէ։

Իր աշխատավարձն Արման Մազմանյանը տարիներ շարունակ ստացել է առձեռն, հետագայում պարզել է, որ գործատուն նաեւ հարկային վճարումներ չի կատարել:

Եվ ուրեմն հարց է առաջանում, Անտոնիո Մոնտալդոն ինչպե՞ս եւ ո՞ւմ կողմից նշանակվեց Գյումրիում, եթե հերքում է, որ նման կառույց գոյություն է ունեցել: Արխիվային հարցազրույցներից մեկում հյուպատոսը պատմում է, թե ինչպես է ստեղծվել Գյումրիում Իտալիայի հյուպատոսարանը, ինչպես է ինքը եկել Գյումրի…

«Ես նշանակվեցի որպես Իտալիայի պատվո հյուպատոս Հայաստանում: 1997 թվականին Մոսկվայում Իտալիայի դեսպանատունն ինձ նշանակեց Հայաստանում թղթակից հյուպատոս, որը պետք է համակարգեր եւ օգներ այստեղ գտնվող իտալացիներին: Այսինքն, գործունեությունս սկսել եմ 1997 թվականից: Իսկ հյուպատոսությունը որպես այդպիսին հիմնադրվել է 2000 թվականին: Իտալիայի հյուպատոսարանի բացվելը եւ իմ՝ պատվո հյուպատոս նշանակվելը համընկավ Իտալիայի դեսպանության նշանակման հետ: Այս փաստն ինքնին խոսում է այն մասին, որ Իտալիայի դերն այստեղ շատ կարեւոր է: Իտալիան միակ երկիրն է, որ ունի եւ՛ պատվո հյուպատոսարան, եւ՛ դեսպանատուն»,- նշում է Մոնտալդոն:

Հիմա նա հրաժարվում է, որ կա նման կառույց, եւ նշվում է, որ ո՛չ գրքույկներ ունի կառույցը, ո՛չ աշխատողներ եւ ո՛չ էլ հրամաններ է արձակում։

Փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ կա Արման Մազմանյանի ձեռքի տակ, որն ապացուցում է, որ շատ փաստաթղթերի տակ է դրված կնիք եւ հյուպատոսի ստորագրությունը: Այս ամենը կներկայացվի դատարան:

Հարց է առաջանում նաեւ, թե այդ դեպքում հյուպատոսարանն ինչպես է գործունեություն ծավալել, արդյոք տրամադրած փաստաթղթերը հայաստանյան տարբեր կառույցներ ճանաչել են օրինական, ինչպես է տեղի ունեցել ֆինանսական շրջանառություն, ինչպես է տնօրինվել եւ այլն: Այս ամենը պետք է պարզաբանեն համապատասխան մարմինները:

ԳԱԼԱ-ն կապ հաստատեց Մոնտալդոյի օգնական, նրա լիազոր ներկայացուցիչ Լուսինե Ղազարյանի հետ, ով նախ նշեց, որ հոգնել է թեմայի վերաբերյալ պարզաբանումներ տալուց: Մեր այն հարցին, թե հիմա հյուպատոսարան գոյություն ունի՞, թե՞ չունի, նա նշեց, որ Անտոնիո Մոնտալդոն պատվո հյուպատոս է եւ առհասարակ դա արդեն պատվո հյուպատոսի խնդիրն է՝ որտեղ գործունեություն կծավալի՝ իր տանը, բակում, թե այլ կառույցում: Որպես իրավաբանական մարմին չի եղել պատվո հյուպատոսարան, եղել է եւ կա միայն պատվո հյուպատոս: Մնացյալ հարցերը, Լուսինե Ղազարյանի խոսքերով, կպարզաբանվի դատարանում:

Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝