ՔՊ վարչության անդամի նամակն ուղղված Ժառանգության փոխնախագահին. Դու բնականաբար ազատ ես որոշելու՝ Օսկանյանի՞ կողքին ես, թե՞ քո հին տեղում

новый коллаж

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Արարատ Միրզոյանը բաց նամակ է հղել «ժառանգություն» կուսակցությկան փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին:

Սիրելի Արմեն,
Շնորհավոր անցած տոներդ։
Որպիսությունդ չեմ հարցնում․ տեսնում եմ, որ լավ ես և շարունակում ես Հայաստանը մահաբեր ճահճից հանելու ուղիների փնտրտուքներդ։ Տեսա վերջին հարցազրույցներդ, հիշեցի քո բազմամյա պայքարը, մտաբերեցի քո պատվաբեր պահվածքը Մարտի մեկին։ Եվ որոշեցի քո թույլտվությամբ իմ եղբայրական և գործընկերական դիտարկումը հայտնել այդ փնտրտուքներիդ կապակցությամբ։ Ելքը չգտնելով, իմ տպավորությամբ, դու խճճվել ես լաբիրինթոսում, ընկեր (կներես կոպիտ ձևակերպման համար, ավելի դիպուկ, բայց մեղմը չգտա)։

«Հայաստանում քաղաքական դաշտում, ցավոք սրտի, սրբեր գոյություն չունեն»,- ասում ես։ Քաղաքականությունը կրոնական համակարգ չէ, եղբայր, և սրբերի ներկայությունն այստեղ պարտադիր չի, իհարկե։ Բայց քաղաքականությունն այն ճանապարհն է, որով, պարզեցված ձևակերպմամբ, մարդիկ պետք է շարունակաբար լավացնեն իրենց երկիրը, միջավայրը, համակեցության նորմերը՝ օրենքները, լավացնեն իրենց կյանքը։ Ակնհայտորեն որևէ բան լավացնել կարող են միայն այդ լավը երազողները, լավ մղումներ ունեցողները, վատի հետ չհաշտվողները, չհամակերպվողները, այդ լավի համար իրենց անձնական ժամանակը, էներգիան, բարօրությունը զոհաբերելու պատրաստակամություն ունեցողները։
Վարդան Օսկանյանը, որի հետ դաշինքի հնարավորություն ես քննարկում ու բանակցում, այդպիսինների թվին չի պատկանում, ինքդ էլ գիտես։ Քոչարյանի բազմամյա արտգործնախարարի մարտիմեկյան ելույթը հիշում ես հաստատ։ Կարծում ես՝ զղջու՞մ է և ուզում է քավե՞լ մեղքերը։ Սա վերջերս է ասել՝ հուլիսին․ «Եթե իշխանությունում լինեի, կանեի նույնը, ինչ մարտի 1-ին»։

Ավելին ասեմ՝ խնդիրն ավելի խորությամբ դիտարկելիս հասկանում ես, որ հենց Վարդան Օսկանյանի ու նրա նման ռեժիմի հազարավոր սպասարկուների, մեծուփոքր պետական պաշտոնյաների, համատիրության ղեկավարների, դասատուների ու այլոց շնորհիվ է, որ հետադիմական, ռեպրեսիվ, ուզուրպատորական ռեժիմը շարունակում է գոյություն ունենալ։ Եթե կուզես՝ իմ համար նրանք անգամ ավելի վատն են, քան անձամբ Քոչարյանն ու Սերժը։
Հասարակական-քաղաքական շրջանակներում էս վերջին տարիներին շատ է քննարկվում՝ ո՞րն է խնդիրը, ինչու՞ մեր մոտ չի ստացվում «աղբյուրից հեռացնել սև դևին»։ Պատասխանն այնքան պարզ ու ակնհայտ է, որ հրաժարվում ենք նկատել։ Որովհետև մեր հեքիաթի «արքայազնները» դև հեռացնող արքայազն չեն եղել, մեր «հերոսները» մեր առջևից գնացող ու մեր ճանապարհը լուսավորող Դանկո չեն եղել, որովհետև էդ դևը նաև ․․․իրենց մեջ է եղել։ Որովհետև նույնիսկ մաքուրներն ու անվախները կարող են ընկրկել էդ հսկայական պատասխանատվության առաջ, էլ չասած նրանք, որոնք ժամանակին դևի մասն են եղել։ ․․․Թե բա՝ Օսկանյան։

«Քիչ ենք»,- ասում ես,- «ուստի մեզ անհրաժեշտ է համագործակցություն»։ Այո, լավ կլիներ, որ առաջնագծում շատ լինեինք, ավելի հեշտ կլիներ, ինչ խոսք։ Իրականում մաքուրները, լավ Հայաստանի մասին երազ ունեցողները շատ շատ են, բայց նրանք ուզում են տեսնել իրենց Դանկոներին իրենցից առջև, որովհետև մի քանի անգամ արդեն գնացել են դևի մոտ, բայց թուր ունեցող արքայազնները, պարզվել է, տեղում չեն եղել։

Ընդունում եմ, Արմեն ջան, քիչ ենք։ Բայց ախր դա բոլորովին կարևոր չի, երբ դու ճիշտ ես ու հաստատակամ, երբ պայքարում ես քո արժանապատվության համար, երբ կանգնած ես շեքսպիրյան երկընտրանքի առջև։ Քանակը լավ բան է, այո, բայց համոզված եմ՝ հաղթանակի գրավականը առաջնագծում գտնվողների մաքրությունն է, ճիշտը, լավի մասին երազը, երազի հետևից գնալու ու երազի համար անհաշտ կռիվ տալու պատրաստակամությունը․․․
Սա է իմ հավատամքը և ճանապարհը, եղբայր, դու բնականաբար ազատ ես որոշելու՝ Օսկանյանի կողքին ես, թե քո հին տեղում՝ իմ և մյուս ընկերների կողքին։

Քո նկատմամբ սիրով ու հավատով՝
Արարատ Միրզոյան

Դիտվել է՝