«Մինսկի խումբը հանդիմանում էր հայկական կողմին, որ ադրբեջանցի զինծառայողի դին չեն հանձնել»

minski xumb

«Հավանաբար համանախագահները հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպն այնչափ կարևոր չհամարեցին, որպեսզի հայտարարություն տարածելու համար ընդհատեին իրենց սուրբծննդյան արձակուրդը»:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԼՂՀ նախկին արտգործնախարար, քաղաքագետ Արմեն Մելիքյանը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ նախօրեին տարածած հայտարարությունը դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանագծում Տավուշում տեղի ունեցած սահմանային խախտման վերաբերյալ: Հատկանշական է, որ հայտարարությունը տարածվեց միայն 12 օր անց:

Ըստ Մելիքյանի՝ հայտարարությամբ ՄԽ-ն հանդիմանում էր հայկական կողմին, որ ադրբեջանցի զինծառայողի դին չեն հանձնել:

Արման Մելիքյան

Արման Մելիքյան

«Հիմնական շեշտադրումն այն էր, որ հակամարտության կողմերը պետք է հավատարիմ լինեն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների տառին և ոգուն: Ընդգծվեց, որ խոսքը վերաբերում է բոլոր նախկին պայմանավորվածություններին, այլ ոչ թե միայն Վիեննայի կամ Սանկտ-Պետերբուրգի հանդիպումների արդյունքներին: Այդ համատեքստում հատկապես Հայաստանի իշխանություններին ուղղված հանդիմանանք կար՝ կապված այն իրողության հետ, որ հայկական կողմն Ադրբեջանին դեռ չի վերադարձրել միջադեպի ժամանակ զոհված ադրբեջանցի զինծառայողի դին, ինչը հակասում է մարդասիրական սկզբունքներին և այս կարգի խնդիրներն արագ կարգավորելու վերաբերյալ նախկինում կայացված համատեղ որոշմանը»:

Ըստ Արման Մելիքյանի՝ համանախագահները փորձում են ընդգծել նաեւ, որ հանձն են առել բանակցային գործընթացը կենդանի պահելու և դրան, ըստ ամենայնի, աջակցելու պարտականությունը, սակայն նրանք բազմիցս կրկնել են, որ փոխընդունելի պայմանավորվածությունների ձեռքբերումը, դրանց կենսագործումն ու հարգումը բացառապես հակամարտության կողմերը ներկայացնող պաշտոնական իշխանությունների խնդիրն է: Այս հայտարարությունը չի հակասում համանախագահների վերոհիշյալ դիրքորոշմանը:

Երեկ ՀՀ ԱԳՆ Է. Նալբանդյանը պատասխան հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ ակնարկում էր, որ Ադրբեջանն է եղել խախտող կողմը, եւ որ դիվերսիան կազմակերպվել է Ադրբեջանի կողմից, այդ իսկ պատճառով դին շարունակում է մնալ ՀՀ ԶՈՒ վերահսկողության տակ: Մեր այն հարցին, թե ինչպես է բնորոշում Է. Նալբանդյանի այս հայտարարությունը, արդյոք այն նորմալ եւ համարժեք էր, Արման Մելիքյանը պատասխանեց.

«Ստիպված եմ հերթական անգամ ընդգծել՝ ճակատային գծում հակառակորդի ռազմական ակտիվությունն առավելապես պայմանավորված է հայկական կողմերի բանակցային մոտեցումների և, առհասարակ, քաղաքական փիլիսոփայության անարդյունավետությամբ: Քաղաքական անհամարժեքությունը հակառակորդի դին չհանձնելով կոմպենսացնելն, իմ կարծիքով, ընդամենը ցույց է տալիս, որ մեր պատասխանատուները չեն էլ կարողանում առաջնայինը երկրորդականից զանազանել:

Դժվար թե զինվորի դին պատանդ պահելով մեր պաշտոնատարները կկարողանան լուծել այն քաղաքական խնդիրները, որոնց առջև երկիրը կանգնել է իրենց կողմից վարվող անարդյունավետ քաղաքականության հետևանքով»:

Ըստ ԼՂՀ նախկին ԱԳ նախարարի՝ այդ կարգի խնդիրների լուծումը կանոնակարգող միջազգային ընթացակարգեր գոյություն ունեն, և պաշտոնական Երևանը հենց դրանցով էլ պարտավորված է լինելու առաջնորդվել:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝