«Ադրբեջանի պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից, երկու պատվիրակի վտարել ԵԽԽՎ-ից». պահանջ Ադրբեջանի քաղհասարակությունից

exxv

Ադրբեջանի քաղաքացիական հասարակության շուրջ երեք տասնյակ ակտիվիստներ կոլեկտիվ հայտ են ներկայացրել ԵԽԽՎ անդամներին՝ վեհաժողովի ձմեռային նստաշրջանից առաջ։

Նրանք կոչ են արել վեհաժողովին՝ Ադրբեջանի պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից, ինչպես նաև ադրբեջանցի երկու պատվիրակների վտարել ԵԽԽՎ-ից:

Ակտիվիստները խնդրագրում պահանջում են նաև հետաքննություն սկսել՝ բացահայտելու ԵԽԽՎ-ում քաղաքական կաշառակերության փաստերը, որոնց մասին հայտնի էր դարձել Իտալիայում ԵԽԽՎ նախկին փոխնախագահ Լուկա Վոլոնտեի դեմ քրեական գործի մեկնարկից և Կայունության եվրոպական նախաձեռնության «Խավիարային դիվանագիտություն 2» զեկույցի հրապարակումից հետո։

Դիմումի մեջ հիշատակվում է, որ Միլանի դատախազությունը Վոլոնտեին մեղադրել էր ադրբեջանցի պատգամավորներ Էլհան Սուլեյմանովից և Մուսլիմ Մամեդովից 2.39 մլն եվրո կաշառք ստանալու մեջ։

Ակտիվիստները նաև պնդում են, որ ԵԽԽՎ-ն պետք է վերականգնի Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցերով հատուկ զեկուցողի մանդատը, ինչպես նաև օբյեկտիվ զեկույց պատրաստի Ադրբեջանում մարդու իրավունքների իրական վիճակի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ հունվարի 23-27-ը Ստրասբուրգում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստը:

Առաջին օրը տեղի կունենա ԵԽԽՎ նախագահի, ինչպես նաև փոխնախագահի ընտրություն և կոմիտեի անդամների նշանակում:

Դիտվել է՝