«Ժառանգությունը» պատրաստ է համագործակցել ոչ միայն ԵԼՔ-ի հետ, այլեւ կողմ է լայն կոնսոլիդացիայի

IMG_4307

««Ժառանգությունը» 2005թ.-ից մասնատվում է և մինչև հիմա մասնատվում է ու դեռ էլի կմասնատվի: Այնպես որ, նոր պրոցես չէ, ուղղակի քարոզչական արշավ է «Ժառանգության» դեմ»:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այս կերպ արձագանքեց իրենց կուսակցության տրոհման մասին տարածվող լուրերին:

Կուսակցության փոխնախագահի խոսքերով՝ Ժառանգությունում հիմա ակտիվ աշխատանքային մթնոլորտ է և քննարկումներ են ընթանում կուսակցությունից դուրս՝ ԱԺ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ: Արմեն Մարտիրոսյանը չի բացառում նաև ընդհանրապես խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու տարբերակը:

Արմեն Մարտիրոսյան

ԳԱԼԱ-ի այն հարցին, թե հնարավո՞ր է ընդհանրապես «Ժառանգությունը» չմասնակցի ընտրություններին, Մարտիրոսյանն ասաց. «Տեսականորեն չի բացառվում, իհարկե չի բացառվում, որովհետև եթե որոշում չունենք մասնակցության վերաբերյալ, բնականաբար չի կարող բացառվել»:

Ավելի վաղ «Ժառանգության» անդամները հայտարարում էին, որ կմասնակցեն ընտրություններին և, ամենայն հավանականությամբ, կգնան միայնակ: Այն հարցին, առանձի՞ն, թե՞ դաշինքով մասնակցությունն է հավանական, Արմեն Մարտիրոսյանը պատասխանում է.

«50/50 է հավանականությունը: Ոչ ամեն ինչ է դեռևս պարզված, կդժվարանամ մի փոքր պատասխանել այդ հարցին»:

Տեղեկություններ կան նաև, որ Զարուհի Փոստանջյանը որոշել է առանձին նախաձեռնել ընտրություններին մասնակցելու ձևաչափ։ Անահիտ Բախշյանը կընդգրկվի «Ազատ դեմոկրատների» նախընտրական ցուցակում։ Իսկ իր՝ Մարտիրոսյանի համար տեղեկություններ տարածվեցին, որ քննարկում է մեկ այլ ընդդիմադիր դաշինքում առաջադրվելու հնարավորությունը։

«Տիկին Բախշյանը հարցազրույց տվել է, ասել է, որ ինքն առաջարկներ ունի, կմտածի, հիմա իր փոխարեն ես չեմ կարող պատասխանել: Զարուհի Փոստանջյանի հետ կապված տեղյակ չեմ: Իսկ ինձ հետ կապված ասեմ, որ ես «Ժառանգությունն» եմ, և «Ժառանգությունը» քննարկում է իր մասնակցությունը: Առանձին «Ժառանգություն»-ից դուրս ինչ-որ հարցեր չեմ քննարկում»:

Մարտիրոսյանն ասաց նաև, որ քննարկումների մասին տեղյակ է պահում ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանին, այնպես էլ վարչության անդամներին:

«Րաֆֆի Հովհաննիսյանը մինչև Հայաստանից մեկնելն անմիջապես է մասնակցել քննարկումներին: Դրանից հետո ես եմ մասնակցում և իրեն էլ տեղեկացնում եմ: Պարբերաբար հարցեր եմ ճշտում, սովորական աշխատանքային վիճակ է «Ժառանգություն»-ում»:

Անցած տարեվերջին՝ դեկտեմբերի 29-ին, «Ժառանգություն» կուսակցությունը հրապարակեց նաև «Իշխանափոխության մանիֆեստի առաջարկ»-ը, որն ընդունվել էր «Ժառանգության» վարչությունում և արժանացել Րաֆֆի Հովհաննիսյանի հավանությանը:

Սակայն «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այդ մանիֆեստային առաջարկի որոշ դրույթներ խայտառակություն էր որակել և ասել, որ դրանք խաբեություն են:

««Ժառանգությունը» ես եմ, իսկ հրապարակվածը չի ներկայացնում «Ժառանգության» տեսակետը, դա միայն Հովսեփ Խուրշուդյանի անձնական նախաձեռնությունն է»,- ասել էր Փոստանջյանը՝ հավելելով, որ նիստ չի հրավիրվել, վարչության անդամները միասնական դիրքորոշում չեն ունեցել այդ մանիֆեստի հետ կապված:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ իրեն հայտնի չէ, թե ինչու է Փոստանջյանը նման կարծիք հայտնել, իրեն հայտնի է մեկ ճշմարտություն, որ իշխանափոխության այդ մանիֆեստը «Ժառանգությանն» է, որն ընդունվել է վարչության նիստում:

«Ես կարծում եմ, որ իսկապես եկել է մի իրավիճակ, որ փոփոխություններն անխուսափելի պետք է լինեն, որովհետև հակառակ պարագայում մոտակա երկու-երեք տարում թե ինչքան մարդ կարտագաղթի, ես չեմ էլ ցանկանում պատկերացնել: Իսկ որպեսզի դա թույլ չտանք, անհրաժեշտ է միասնական ջանքեր: Հայաստանում քաղաքական դաշտում, ցավոք սրտի, սրբեր գոյություն չունեն: Ամեն մեկն ինչ-որ քաղաքական հարցի հետ կապված կամ իշխանության մեջ լինելով որոշակի սև հետագիծ է կրում, կարելի է ասել, բացառությամբ «Ժառանգության»: Բայց մենք ասում ենք, որ, ցավոք սրտի, միայնակ չենք կարող այդ իշխանափոխությունը և բարեփոխումներն իրականացնել, ուստի մեզ անհրաժեշտ է համագործակցություն: Մենք բոլորս միասին պետք է համագործակցությամբ այս իրավիճակից դուրս գանք»:

Մեր հարցին, թե ԵԼՔ դաշինքի հետ համագործակցության եզրեր տեսնո՞ւմ է, Ա.Մարտիրոսյանն արձագանքեց.

«Իհարկե տեսնում ենք, և մեր ցանկությունն է, որ ոչ միայն ԵԼՔ-ի հետ լինի համագործակցություն, այլեւ լայն կոնսոլիդացիա լինի»:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝