«Անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում զինվորի կյանքի նկատմամբ, տեր են միայն բանակ տանելուն…»

ghhjjjjjjj

Զինհաշմանդամ դարձած անձանց խնդիրների վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի հետ, ով զբաղվում է զինհաշմանդամների բուժման, սոցիալական հարցերով: Տոնական օրերին այցելություններ են կատարել տարբեր տարիներին վիրավորված զինհաշմանդամների տներ, ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում:

Տիկին Բախշյանը բարձրաձայնում է, որ զինհաշմանդամության խնդիրները բարձիթողի վիճակում են, հատկապես նրանց առողջությանն առնչվող հարցերը:

«Նրանք տարրական ուշադրության չեն արժանացել տարիներ շարունակ: Ապրիլի պատերազմից հետո շատ ավելի ցցուն դարձավ այդ խնդիրը, որովհետև այն մոտեցումը, որ ապրիլյան պատերազմի հաշմանդամներին, զոհերի ընտանիքներին սկսեցին ուշադրություն դարձնել, այդ նույն ժամանակ բացահայտվեց, որ ապրիլից առաջ տարբեր տարիներին վիրավորում ստացած զինհաշմանդամների պարագայում սկզբնական փուլում բժշկական ինչ-ինչ գործողություն անելուց հետո նրանցով որևէ մեկը չի զբաղվել: Մենք համոզվեցինք, որ եթե զինհաշմանդամներին ժամանակին բժշկական վերականգնողական օգնություն տրամադրվեր, այսօր նրանցից շատերը գամված չէին լինի հաշմանդամության սայլակին, ավելի լավ վիճակում կլինեին: Հիմա այս պահին ասեմ՝ ինչ ունենք: «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում բուժում է ստանում հինգ զինհաշմանդամ՝ տարբեր տարիներին վիրավորված՝ 2000 թվական, 2002, 2007, 2014… Այդ բուժման գործում չկա որևէ պետական ներդրում:

Անահիտ Բախշյան

Անահիտ Բախշյան

Դիմել ենք առաջին տիկնոջը՝ տիկին Ռիտային, որ ֆինանսավորի այդ գործընթացը, մինչև որ այդ օգնությունը կտրամադրի պետությունը, իսկ այդ օգնությունը կայանում է նրանում, որ վիրավորված զինվորը եկավ հոսպիտալ կամ որևէ հիվանդանոց, զուգահեռ նրա հետ աշխատեն վերականգնողական բժշկության մասնագետները՝ կինեզիստները: Այդ թիմը հիմա արդեն ձևավորվել է: Այդ թիմն ապրիլյան պատերազմի ժամանակ Մուրացանի հիվանդանոցում մի քանի վիրավորի հետ աշխատել է, ցույց տվել արդյունքը: Եվ հիմա էլ իրենց աշխատանքի դիմաց աննշան գումար ստանալով՝ անում են այդ գործը «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում՝ հինգ զինհաշմանդամների հետ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց Անահիտ Բախշյանը:

Ստացվում է այնպես, որ ծառայության տարիներին վիրավորված քաղաքացու հանդեպ պետությունը չի ստանձնում որևէ պատասխանատվություն և ցուցաբերում է բացարձակ անտարբերություն: Չստանալով պետական պատշաճ օժանդակություն՝ զինհաշմանդամը ստիպված է ապավինել տարբեր անհատների բարեգործություններին միայն:

Հարցադրմանը, թե ինչով է պայմանավորված այս, մեղմ ասած, անտարբեր մոտեցումը զինվորի նկատմամբ մի երկրում, որտեղ մշտապես կա պատերազմի վերսկսման վտանգ, որտեղ անգամ ապրիլին տեղի ունեցածից դասեր չքաղեցին, Անահիտ Բախշյանը նշեց.

«Ամենամեղմ բառը, որը կարելի է ասել, անտարբերությունն է: Անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում զինվորի կյանքի նկատմամբ: Այդ անմարդկային վերաբերմունքին են բախվել զինհաշմանդամները՝ տարիներ շարունակ: Ապրիլի պատերազմը շատ-շատ վարագույրներ բացեց, խայտառակ պատմություններ մեջտեղ եկան, և հիմա չգիտեմ՝ պետական մարմինները որքանով այդ ուղղությամբ ճիշտ ներդրումներ կանեն, բայց այն, որ իրենք արդեն տեսնում են, որ այդտեղ կա լուրջ բացթողում, և դա պետության, իշխանության խայտառակությունն է, հուսամ խելքի կգան»:

«Խելքի գալու» ելքը կարծես թե փորձեցին գտնել իշխանությունները՝ սակայն դարձյալ իրենց վրայից դեն նետելով պատասխանատվությունը: Խոսքը 1000 դրամների նախագծին է վերաբերում, որը նախորդ տարի վավերացրեց Ազգային ժողովը: Իրավիճակի ելքն, ըստ գործող իշխանությունների, քաղաքացիներից ամսական 1000 դրամ գանձելն է: Սակայն Անահիտ Բախշյանը պնդում է, որ հաշմանդամ դարձած զինծառայողի ընտանիքին գումար տալով խնդիրը լուծում չի ստանա: Անհրաժեշտ է ստեղծել պայմաններ, բժշկական որակյալ ծառայություն մատուցել, այլ ոչ թե տալ ինչ-որ չափի գումար և համարել, որ պետությունը լուծել է զինհաշմանդամների խնդիրները:

«Զինվորին կամ նրա ընտանիքին գումար տալը չէ խնդիրը, զինվորի և նրա ընտանիքի համար պայմաններ ստեղծելն է խնդիր, աջակցել, որ զինվորին համապատասխան և անհրաժեշտ բժշկական ծառայություն մատուցվի սկզբից մինչև վերջ: Դա չկա: Հիմա ենթադրենք՝ էսքան միլիոն տվեցին ընտանիքին, որն ապրում է գյուղում, խայտառակ բնակարանային պայմաններում, որոնք չեն համապատասխանում զինվորին, ով սայլակի վրա է հայտնվել: Եվ այդ վիճակում գումար են տալիս… որ ի՞նչ: Պաշտպանության նախարարությունը նախ պետք է Մուրացանի հոսպիտալում ունենա այդ վերականգնողական բաժինը: Նախ Մուրացանի հոսպիտալը պետք է համապատասխանեցվի բժշկական ժամանակակից պայմաններին և պահանջներին: Մուրացանի հոսպիտալում զուգարան չկա նորմալ տարբեր հարկերում զինվորի համար: Այնտեղ Նոյի թվի վիճակ է: Հարմարեցված չէ բացարձակ, չնայած ունի բժշկական մի համակարգ, որը հրաշքներ է գործում, բայց չկան նորմալ պայմաններ: Իսկ այդ հոսպիտալի տնօրենն իր աշխատասենյակն է շատ սիրուն զուգել-զարդարել, բայց կոնկրետ այն շենքում, որտեղ ես եմ անընդհատ այցելել հաշմանդամներին, նրանք բոլորովին ապահովված չեն նվազագույն բավարար պայմաններով: Ո՞ր մեկն ասեմ: Պետական հոգածություն զինվորի վիրավորվելուց հետո դեռ գոյություն չունի»,- շեշտեց Անահիտ Բախշյանը:

Նրա կարծիքով խնդիրը մասամբ կարող է հայտնվել ուշադրության կենտրոնում, եթե բանակում ծառայեն նաև վերնախավի ներկայացուցիչների զավակները: Բացառություններ պետք է լինեն օրենքով: Մնացած բոլոր դեպքերում չպետք է լինեն բանակից խուսափողներ, իշխանավորների զավակներն էլ պետք է կանգնեն առաջնագծում, և այդ պարագայում, ըստ Անահիտ Բախշյանի, խնդրին համապատասխան մարմիններն այլ կերպ կմոտենան:

«Այ երբ իրենց երեխաները կլինեն այնտեղ, և իրենց երեխաները, հեռու իրենցից, կվիրավորվեն, և կբերեն Մուրացանի հիվանդանոցի, մեղմ ասած, անհարմար պալատում կպառկեցնեն, այն ժամանակ կտեսնեն, որ այդպես չի կարելի: Դա անխղճության, անմարդկայնության գագաթնակետն է: Անընդհատ պատերազմի սուրը կախված մեր գլխին, բայց մեր զինվորն այդքա՜ն անպաշտպան: Տեր են միայն բանակ տանելուն, հիվանդ են, հիվանդ չեն, տանում են բանակ, բայց ոչ իրենց երեխաներին: Այ երբ որ բոլորը կգնան, իրենք արդեն որպես ծնող կզգան այդ ցավը, ես կարծում եմ, որ նաև դա կսթափեցնի էս իշխանությանը, որ հասկանան՝ զինվորին պետությունը պետք է տեր կանգնի: Վիրավորվեց… տանի, բուժի, անի ամեն ինչ, ինչ հնարավոր է»:

Ապրիլյան պատերազմի ժամանակ շատ ծանր վիրավորում ստացած երկու զինծառայող բուժումը շարունակում են արտերկրում:

Տիկին Բախշյանը նշում է, որ Հայաստանում կինեզիստների խմբի ջանքերով դարձյալ ծանր վիրավորում ստացած Ավետիս Զարգարյանը սկսել է շարժել ձեռքերն ու ոտքերը: Դա հրաշք է համարում «Բարև Երևան» խմբակցության ներկայացուցիչը և հավելում, որ արտասահման ուղարկելու գումարով Հայաստանում էլ հնարավոր է ստեղծել պայմաններ. «Կարող ենք դա անել, տեղի մասնագետները դա ապացուցեցին»:

 Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝