ՀՀ պաշտպանության նախարարությունը չի արձագանքի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը

Արծրուն Հովհաննիսյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ՝ կապված դեկտեմբերի 29-ին ադրբեջանական դիվերսիայի փորձի հետ: Համանախագահները կոչ են արել անհապաղ վերադարձնել Հայաստանի զինված ուժերի կողմից մարտում սպանված ադրբեջանցի զինծառայողի դին: Մինսկի խումբը հղում է անում 2010 թվականին Աստրախանում ձեռք բերված պայմանավորվածություններին և հորդորում քայլեր ձեռնարկել այդ պայմանավորվածություններին համապատասխան՝ հաշվի առնելով հարցի մարդասիրական բնույթը։
«Մենք կողմերին կոչ ենք անում դադարեցնել փոխադարձ մեղադրանքներն ու ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումներն իրավիճակը կայունացնելու համար»,- նշված է հայտարարության մեջ:

Մինսկի խմբի համանախագահները, փաստորեն, հերթական հայտարարության մեջ էլ ակներև հավասարության նշան են դրել երկու կողմերի միջև, և բացի դին վերադարձնելու հորդորից, այլ ասելիք չկա շարադրված, որը հասցեագրված կլիներ ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ կատարած ադրբեջանական կողմին:

Թե ինչպիսին է ՀՀ պաշտպանության նախարարության դիրքորոշումը՝ կապված Մինսկի խմբի ուշացած և, ըստ էության, ոչինչ չասող հայտարարության վերաբերյալ, ԳԱԼԱ-ն փորձեց ճշտել ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից:

Վերջինս, սակայն, հրաժարվեց մեկնաբանել այն՝ նշելով, թե մեկնաբանություն պետք է տա ՀՀ արտգործնախարարությունը:

Հարցին, թե Պաշտպանության նախարարությունն արդյոք հարցի հետ կապված չունի որևէ դիրքորոշում և չի ցանկանում հանդես գալ պատասխան հայտարարությամբ, Արծրուն Հովհաննիսյանը պնդեց, որ ԱԳՆ-ն պետք է արձագանքի:

Հնարավո՞ր է Կարմիր խաչի միջնորդությամբ ադրբեջանցի զինծառայողի դիակը հայկական կողմը հանձնի, քանի որ հայտնի է, որ ԿԽՄԿ ներկայացուցիչներն աշխատում են կողմերի հետ այդ ուղղությամբ:

ՀՀ ՊՆ մամլո խոսնակը նշեց, որ առհասարակ նման հարցերով զբաղվում է Կարմիր խաչը, սակայն չի կարող ասել՝ դին կվերադարձվի՞ ադրբեջանական կողմին այդ կառույցի միջնորդությամբ, թե՞ ոչ, քանի որ այդ հարցով ևս զբաղվում է արտգործնախարարությունը:

Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝