Երբ իշխանություններն են պատվիրում՝ ինչ խոսեն հոգևորականները

nnnnn

Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը Ս. Ծննդյան պատարագի ընթացքում, դիմելով Վանաձորի ավագանու նիստերը բոյկոտող անդամներին, հորդորեց նրանց ցուցաբերել միաբանություն և գնալ ավագանու նիստերին, որ ավագանու անդամները համախմբվեն և լծվեն քաղաքի կառուցմանը: Այս հայտարարությունը հատկապես համացանցում արժանացավ քննադատության. ոմանք ծաղրեցին, ոմանք հորդորեցին հոգևորականին՝ չխառնվել քաղաքականությանը: «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչու այլևս հոգևորականների հորդոր-խորհուրդներին հասարակությունը նման կերպ է արձագանքում, պատասխանեց.

«Իսկ այդտեղ որտե՞ղ եք տեսել քաղաքականություն, որ թեմի առաջնորդն էլ դրան խառնվի: Չեմ կարծում, որ երկրի առաջ կանգնած խնդիրները լուծվում են Վանաձորի քաղաքապետի ՀՀԿ-ական կամ «Վերածնված Հայաստան», ԲՀԿ և ԼՀ թեկնածուների պայքարի արդյունքում: Դա ընդամենը քաղաքի իշխանության համար պայքար է: Հայաստանում գործող կուսակցությունների հիմնական խնդիրը կեղծ օրակարգեր ձևավորելն է և հանրությանը դրա մեջ ներքաշելը:

Ստեփան Դանիելյան

Ստեփան Դանիելյան

Ինչ վերաբերում է թեմի առաջնորդին, ապա նա նույն մեդալի հակառակ կողմն է: Նոր չէ, որ նա իրեն նման կերպով է դրսևորում: Այդ առումով ոչ մի նոր բան տեղի չի ունեցել, ամեն ինչ ակնհայտ էր մինչև այդ ելույթը: Չեմ կարծում, որ որևէ սթափ և ինքնասիրություն ունեցող մարդու համար թեմի այդ առաջնորդի կարծիքը կարող է կարևոր լինել»:

Առհասարակ այս ձեռագիրը հաճախ է կրկնվում, և մեթոդը պարբերաբար կիրառում են իշխանությունները՝ պետք եկած ժամանակ օգտագործել «հոգևորականների ռեսուրսը», առաջ մղել իշխանական քարոզչամեքենայի գործը, հասարակությանը ուղերձ հղել՝ հոգևորականների բերանով: Այս հանգամանքն արդյոք ավելի վատ ազդեցություն չի թողնում և հեռացնում անձին Հայ առաքելական եկեղեցուց: Ստեփան Դանիելյանի խոսքերով՝ եկեղեցին այսօր հիմնականում տարբեր կարգի ծիսակատարություններ մատուցող հիմնարկ է. «Անկախ նրանից, թե ով ինչպես է եկեղեցուն վերաբերվում, մեկ է, այդ ծառայություններից օգտվելու է, իսկ ովքեր եկեղեցում հավատք են որոնում, նրանց վրա նույնպես այս միջադեպն առանձնապես չի ազդի: Ում վրա որ կարող է ազդել, վաղուց արդեն ազդվել են և համապատասխան եզրակացությունների են հանգել:
Իսկ ինչ վերաբերում է «հոգևորականների ռեսուրսին», ապա դա խիստ անհատական վերաբերմունք է պահանջում. կան պարկեշտ հոգևորականներ, որոնց նկատմամբ վերաբերմունքը ձևավորվում է իրենց անձնական որակների հիման վրա, և որոնք իրենց հեռու են պահում քաղաքական հարցերից: Կան վարկաբեկված հոգևորականներ, որոնց իշխանությունն օգտագործելով ավելի է վարկաբեկվում: Ավելի լավ, թող այդ «ռեսուրսից» օգտվեն, որքան շատ, այնքան լավ»,- նշեց Ստեփան Դանիելյանը:

Քաղաքական որոշակի շեշտադրումներ կային նաև կաթողիկոսի ուղերձում:

Գարեգին Բ-ն տարեմուտի գիշերը, ակնարկելով 2016 թվականին «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավումը, նշեց. «Անցնող տարում հաղթահարեցինք նաև ներքին անկայունության սպառնալիքը՝ հաստատելով օրինականությամբ խնդիրները վճռելու մեր ուղին»:

Ապա շարունակեց. «Մեր երկրում կայունության պահպանման և օրինականության ամրապնդման նախանձախնդրությամբ մասնակցություն բերենք մեր պետական ու հասարակական կյանքի զորացմանը…»: Արդյոք այս ուղերձը ևս մատուցվող «ծառայությունների» շարքից չէր: Ստեփան Դանիելյանը նշեց.

«Ես ոչ կաթողիկոսի, ոչ էլ Սերժ Սարգսյանի ուղերձները չեմ դիտել, ոչ էլ առհասարակ հայկական հեռուստաալիքներն եմ դիտել և այդ իմաստով որևէ կարծիք չեմ կարող հայտնել: Իսկ ձեր կողմից բերված ցիտատներն էլ սպասելի էին: Իհարկե, եթե լավ խորհրդական ունենար, այդ թեմային ընդհանրապես չէր անդրադառնա: Ըստ երևույթին, այդ տեքստը պատվիրված էր, և կաթողիկոսը չէր կարող մերժել նման խնդրանքը: Սակայն մենք մի հանգրվանի ենք հասել, որտեղ բացարձակապես նշանակություն չունի, թե ով ինչ է ասում: Հեռուստատեսությունը և նման ուղերձներն այլևս հանրային կարծիք չեն ձևավորում: Դա ողջ աշխարհում է այդպես: Թրամփի ընտրությունները ցույց տվեցին, որ սոցցանցերն են այլևս համընդհանուր տրամադրություններ ստեղծում: Ժամանակները փոխվել են, և լավ է, որ Հայաստանի իշխանությունները դա վատ են հասկանում, թող շարունակեն իրենց ջանքերը կենտրոնացնել հեռուստատեսային քարոզչության վրա: Կաթողիկոսն էլ թող շարունակի իր հեռուստատեսային ելույթները: Մեկ է, նա երբեք դուրս չի գա լրագրողների առաջ և «կենդանի» հարցերին չի համարձակվի պատասխանել»:

Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝