«Թքած ունեն Վանաձորի ապագայի եւ խնդիրների վրա, մենակ թե իրենք հանկարծ իշխանություն չզիջեն»

as-2

Վաղը՝ հունվարի 10-ին, լրանում է երեք ամիսը, որ Վանաձորի ընտրություններից հետո ՀՀ երրորդ քաղաքում ավագանու նիստ չի գումարվում:

Հիշեցնենք, որ չնայած այն հանգամանքին, որ հոկտեմբերի 10-ին Վանաձորի ավագանու ՀՀԿ-ական անդամ Մամիկոն Ասլանյանին հաջողվեց ստանալ ավագանու անդամների մեծամասնության քվեն եւ ընտրվել Վանաձորի քաղաքապետ, այնուամենայնիվ, դե ֆակտո նրա գործունեությունը կրում է ձեւական բնույթ:

Վանաձորի քաղաքապետը որոշումներ կայացնելու հնարավորություն չունի, քանի որ ավագանու անդամների մեծամասնությունը բոյկոտում է ավագանու նիստերը:

«Եթե երեք ամիս նիստ չի գումարվում, կառավարությունը կարող է լուծարել ավագանին: Ու մենք հիմա գրություն ենք պատրաստում, այն շուտով կհրապարակենք: Գրությունն ուղարկելու ենք ՀՀ կառավարություն՝ պահանջով լուծարել Վանաձորի ավագանին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը:

«Դիմելու ենք ու տեսնենք՝ դրանից հետո գործողություններն ինչպես են զարգանում: Երեք ամիս, մեկ նստաշրջան անընդմեջ ոչ մի նիստ Վանաձորում չի գումարվել: Չնայած, որ հոկտեմբերի 10-ի քվեարկությունը համարում են ավագանու նիստ, բայց հասկանալի է, որ օրենքի տրամաբանությունը վերաբերում է ավագանու գործունեությանը: Եթե ավագանին գործունակ չէ եւ չի կարող հավաքվել նիստ գումարել, որոշում ընդունել, խոսքն այդ մասին է: Ու փոխանակ մտածեն, թե խնդիրն ինչումն է, մեծամասնության քվեն ունեցող մարդն ինչու է կանգնել խնդրի առաջ, ինչու ընդդիմությունից այն մարդիկ, ովքեր քվեարկեցին ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանին, երեք ամիս շարունակ բոյկոտում են եւ չեն մասնակցում նիստերին, այդ մասին չեն խոսում  այսօր,  ցանկացած այլ թեմայով վերլուծություններ են անում»,- ասաց Քրիստ Մարուքյանը:

Ի պատասխան «Լուսավոր Հայաստան» կուսակցության գործունեության, որով դիմում են կառավարությանը եւ պահանջ ներկայացնում լուծարել Վանաձոր քաղաքի ավագանին, ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը շտապում է  հայտարարել, որ ինքը ոչ մի դեպքում քաղաքապետի աթոռը զիջելու մտադրություն չունի: Չի պատրաստվում հրաժարական ներկայացնել Վանաձորի քաղաքապետի պաշտոնից:

«Եթե հոգեբանորեն գոնե Հանրապետականը պատրաստ լիներ զիջել իր դիրքերը, ապա  տեղի չէր ունենա այն,  ինչ տեղի ունեցավ: Կողքից նայողի համար երեւում է, որ իրենք թքած ունեն Վանաձորի ապագայի եւ խնդիրների վրա, մենակ թե իրենք իշխանություն հանկարծ չզիջեն»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ՀՀԿ-ական գործընկերոջ ոչ մի դեպքում աթոռ չզիջելու մասին հայտարարություններին ի պատասխան ասաց ԼՀԿ-ից Քրիստ Մարուքյանը:

Հիշեցնենք, որ Վանաձորում հոկտեմբերի 2-ին կայացած ավագանու ընտրությունների արդյունքում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ուներ 10 մանդատ, ԲՀԿ-ն՝ 3 մանդատ, «Հայկական վերածնունդ»-ը՝ 5:

ԼՀԿ-ԲՀԿ-ՀՎԿ համատեղ համաձայնագիրը ենթադրում էր, որ քաղաքապետ են ընտրում ԼՀԿ-ից Քրիստ Մարուքյանին,  սակայն փակ քվեարկության արդյունքում քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը:

Վանաձորում պարտված, բայց քաղաքապետ ունեցող ՀՀԿ-ն երկար ժամանակ հորդորում էր ավագանու անդամներին՝ ներկա գտնվել նիստերին, շահարկում նաեւ սոցիալական տարբեր ծրագրեր, անապահով վանաձորցիների խնդիրը: Սակայն, միեւնույն է, տեղական դաշինքի ուժերը հոկտեմբերի 10-ի քվեարկությունից հետո հավատարիմ մնացին կուսակցական որոշմանը եւ բոյկոտեցին բոլոր նիստերը:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝