Այլևս պաշտոն չունեցող Սերժ Սարգսյանը կախված է լինելու կուսակցական բյուրոյի որոշումներից և ՀՀԿ «թայֆեքից»

serj

ԳԱԼԱ-ն զրուցել է անկախ փորձագետ Հայկ Բալանյանի հետ:

Հարցազրույցը՝ ստորև:

-Պարոն Բալանյան, 2017 թվականը շատերն են համարում բեկումնային տարի, այդ թվում՝ նախագահի աթոռը զբաղեցնող մարդը: Մի քանի ամսից խորհրդարանական ընտրություններ են, ի՞նչ եք կարծում, Սերժ Սարգսյանն իր վարչախմբի հնարավոր վերարտադրությո՞ւնն ի նկատի ունի, թե՞ ղարաբաղյան կոնֆլիկտը:

-Միայն և միայն իր իշխանության վերարտադրությունը։ Ղարաբաղյան հարցում փոփոխությունների որևէ բանակցային տարբերակ չի նշմարվում, քանի որ և՛ հակամարտող, և՛ միջնորդ կողմերի դիրքորոշումներն իրարից հեռու են։

- Անդրադառնանք Սերժ Սարգսյանի տարեվերջյան պարգևատրումներին: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին շնորհվել է գեներալ-գնդապետի կոչում, իսկ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանն «իրավակարգի և օրինականության պահպանման գործում ունեցած նշանակալի ծառայությունների համար» պարգևատրվեց «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար մեդալով»: Ի՞նչ անուն տալ այս որոշումներին:

Հայկ Բալանյան

Հայկ Բալանյան

-Ոչ մի։ Հայաստանում մեդալները և կոչումներն արժեզրկվել են, իշխանամերձ շրջանում բոլորը մեդալներ ու պարգևներ ունեն, գեներալների քանակը ողջամտությունից դուրս է։ Ուղղակի շարքային ժեստ է, Նոր տարվա նվեր, թե ձեզ հիշում ենք, գնահատում։

-2017-ի խորհրդարանական ընտրություններին տեսնո՞ւմ եք հնարավորություն փոփոխություններ արձանագրելու: Քաղաքացին կկարողանա՞ դառնալ գործոն, որոշում կայացնող, կկարողանա՞ ապացուցել, որ ունակ է իրենից խլված իշխանությունը վերադարձնելու:

-Դեռ ժամանակ կա, և ամեն ինչ կախված է ընդդիմության աշխատանքից։

- Եթե չհաջողվի, ապա դա ի՞նչ վտանգներով է հղի՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները, երկրի ներսում տիրող ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը և, բնականաբար, չլուծված ղարաբաղյան հակամարտությունը:

-Ղարաբաղյան հարցը լուծված է, չլուծված է Հայաստանի՝ ուժեղ, զարգացած ու դեմոկրատական երկիր դառնալու հարցը, ինչը և հանդիսանում է գլխավոր մարտահրավերը և մեզ սպառնացող վտանգների պատճառը։ Կարծում եմ՝ սրացումը կհասունանա ոչ թե այս գարնանը, այլ 2018թ.-ին Սերժ Սարգսյանի նախագահության ավարտից հետո, որը նաև հնարավորություն կընձեռի երկրի արմատական փոփոխությունների:

-Սրացում ասելով նկատի ունեք ներպալատական գզվռտո՞ցը: 2018-ից հետո ի՞նչը կարող է հանգեցնել երկրում արմատական փոփոխությունների: Արդյոք առաջիկա խորհրդարանական ընտրություններով գործող իշխանությունները չեն լուծի առաջիկա մի քանի տարիների իրենց վերարտադրության խնդիրը:

-Տնտեսական ճգնաժամն՝ առաջին հերթին, քանի որ Կարեն Կարապետյանի տյունինգ-կառավարությունն ի վիճակի չէ լուծել երկրի խնդիրները: Չլուծված խնդիրները կուտակվելու են, և Սերժ Սարգսյանի, այսպես ասած, հաղթանակը՝ նոր Սահմանադրության համաձայն խորհրդարանական հանրապետության կայացումն իր նախագահության պաշտոնավարման ավարտի հետ մեկտեղ առաջացնելու են նաև իշխանության ճգնաժամ։ Այդ երկու գործընթացների՝ տնտեսական և իշխանության ճգնաժամների (իհարկե, կարող է նաև գումարվել կամ իրավիճակն արագացնել ռազմական կամ արտաքին քաղաքական լարումը) ժամանակագրական համընկնումը պահանջելու է լուրջ փոփոխություներ. կամ իրական կոշտ ավտորիտար լուծումներ, որի ռեսուրսը չկա, կամ գործող համակարգի փլուզում և իրական փոփոխությունների սկիզբ։

Նոր խորհրդարանի ձևավորումը ստեղծելու է մի համակարգ, որտեղ 2018 թվականից այլևս պաշտոն չունեցող Սերժ Սարգսյանը կախված է լինելու կուսակցական բյուրոյի որոշումներից, բառացիորեն մի քանի տասնյակ մարդու մեկ քվեարկությունից և ՀՀԿ թայֆեքից՝ ի տարբերություն ներկա կարգավիճակի։ Եվ ոչ մի, ասենք, Սահմանադրական դատարան կամ արտաքին ճանաչում իրեն այլևս չի օգնի։

Այդ համակարգը միշտ ունենալու է գայթակղություն՝ հանձնել օդիոզ նախկին ղեկավարին և այդ ընտանիքի բազմաթիվ բիզնեսներով ու հարստություններով վճարել փոփոխությունների և իրենց իշխանության գինը։ Սերժ Սարգսյանի այս պահի ուժը և հաղթանակը հենց իր ապագա թուլության հիմքն են լինելու:

 Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝