«Հայաստանը խուսափեց ավելի մեծ աղետներից»

649

«Կորուստներ չասեմ, բայց բացասական երևույթներ և իրադարձություններ շատ տեսանք՝ ԼՂ հակամարտության գոտում թեժացում, հուլիսյան դեպքեր, աշնանը ՏԻՄ ընտրություններ: Դրականն այն է, որ չնայած փորձություններին՝ Հայաստանը խուսափեց ավելի մեծ աղետներից»,- 2016 թվականն ամփոփում է քաղաքագետ Միքայել Զոլյանը:

Նա մանրամասնում է, որ 2016-ի ապրիլին՝ քառօրյա պատերազմի ժամանակ, չնայած պարզ դարձավ, որ իշխանությունները վատ էին պատրաստված ռազմական գործողությունների վերսկսմանը, որն իրենց համար անակնկալ էր, զինված ուժերը կարողացան ետ մղել ադրբեջանցիների գրոհները՝ ցույց տալով իրենց մարտունակությունը:

«Կարծում եմ՝ դրա շնորհիվ է, որ մինչ այժմ, չնայած Ադրբեջանի սպառնալիքներին, մենք չենք տեսել ապրիլյան դեպքերի կրկնությունը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց Միքայել Զոլյանը:

Անդրադառնալով ՊՊԾ գնդի գրավմանը եւ դրան հաջորդած իրադարձություններին՝ նշեց.

«Հուլիսյան իրադարձությունները, ողբերգական լինելով, կարծում եմ, ծառայեցին որպես նախազգուշացում թե՛ arm148257873060հանրությանը, թե՛ իշխանություններին, որ անհրաժեշտ են լուրջ փոփոխություններ: Սակայն, առայժմ այդ փոփոխությունները չենք տեսնում կամ տեսնում ենք ոչ բավարար չափով: Մասնավորապես, նոր կառավարության հետ ոմանք կապում են որոշակի հույսեր, սակայն դեռևս պետք է տեսնել, թե ինչպիսի իրական արդյունքներ կլինեն:

Ընդհանուր առմամբ, Հայաստանում շարունակվում է քաղաքական համակարգի ձևափոխումն ավտորիտար օլիգարխիկ համակարգի: Եթե նախկինում Հայաստանը հիբրիդային համակարգ ուներ, այսինքն կային թե՛ ժողովրդավարության, թե՛ ավտորիտարիզմի տարրեր, այսօր մենք գնում ենք դեպի մաքուր ավտորիտար համակարգ: Այդպիսի համակարգում իշխանությունն ամբողջապես անկախ է հանրությունից, և հանրությունը զրկված է իշխանության վրա ազդելու որևէ միջոցներից: Սակայն, կարծում եմ, մեր իշխանական վերնախավի ռեսուրսները սահմանափակ են, և նրանք չեն կարողանա երկար ժամանակ պահպանել այդ իրավիճակը»:

Տնտեսապես հյուծված եւ արտագաղթի ահագնացող տեմպեր ունեցող մեր երկրին ապրիլյան պատերազմը ծանր հարված հասցրեց: Հարցին, թե ապրիլի իրադարձություններն արդյոք այն գինը չէին, որ վճարեցինք նման իշխանություն հանդուրժելու համար, քաղաքագետը նշեց.

«Եկեք ուրիշ կողմից նայենք այդ հարցին: Իհարկե, Հայաստանը հետընթաց է ապրում թե տնտեսության, թե քաղաքական ազատությունների ոլորտներում: Սակայն, միևնույն ժամանակ, մենք դեռևս չենք դարձել միջինասիական տիպի բռնապետություն, չնայած, կարծում եմ, մեր իշխանական վերնախավին դա շատ հաճելի կլիներ: Դրանում, կարծում եմ, կա մեր հասարակության ակտիվ մասի ներդրումը՝ ընդդիմության, քաղաքացիական ակտիվիստների, ՀԿ-ների, լրագրողների, մտավորականներից շատերի: Նաև նրանց շնորհիվ է, որ մեր քաղաքական համակարգը որքան էլ ավտորիտար է, սակայն դեռևս միջինասիական տիպի բռնապետական քաղաքական համակարգերից հեռու է: Այնպես որ, ճիշտ է, միտումները բացասական են, բայց լավատեսությունը կորցնել չի կարելի»:

 Կատարված օրենսդրական  փոփոխությունները եթե ձեռքբերում եւ վերարտադրության գործիք էին իշխանությունների համար, ՀՀ քաղաքացու համար կորուստ է համարում Միքայել Զոլյանը:  Ըստ նրա՝ անգամ եթե սահմանադրությունը շատ լավը լիներ, այն ձևը, որով նա անցկացվեց, արդեն իսկ բավական էր այն արժեզրկելու համար:

«Բացի այդ, թե՛ սահմանադրությունը, թե՛ ընտրական օրենսգիրքը պարունակում են բազմաթիվ կետեր, որոնք կոչված են ապահովելու իշխանությունների վերարտադրությունը: Սակայն, պետք չէ հուսաթափվել, պետք է փորձել հասկանալ՝ որոնք են այս փոփոխությունների ընձեռած հնարավորությունները և դրանք օգտագործել:  Իհարկե, նոր սահմանադրությունը գրված է այնպես, որ ապահովվի իշխանության վերարտադրությունը: Բայց, միևնույն ժամանակ, նոր սահմանադրությունը հնարավորություն է տալիս խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերին որոշակի ազդեցություն ունենալ երկրի կառավարման վրա, եթե նրանք կարողանան միավորվել և ստանալ հասարակության զգալի մասի աջակցությունը: Ավելին, եթե ընդդիմադիրներին հաջողվի ապահովել զգալի ներկայություն խորհրդարանում, կարելի է պատկերացնել մի իրավիճակ, երբ, օրինակ, իշխանական կուսակցության պառակտման դեպքում հնարավոր է նաև իշխանափոխություն: Իհարկե, սա այսօր քիչ հավանական սցենար է թվում, բայց պատմությունը ցույց է տալիս, որ ավտորիտար համակարգերը շատ փխրուն են և կարող են քանդվել ներսից»:

Դիտվել է՝